Գայանե Հակոբյանը (անձնագրային անունը՝ Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր է ճանաչվել և ազատ արձակվել։
Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող կինը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման (191-րդ հոդվածով)։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել։
Դատավորի որոշմամբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր, ընդդիմադիր ակտիվիստ, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գայանե Հակոբյանը ազատ է արձակվել անմիջապես նիստերի դահլիճից։ Նրա նկատմամբ մեկ տարի ժամկետով փորձաշրջան է սահմանվել։
Մինչ այս կինը (մայիսի 17-ից ձերբայալված/կալանավորված է) պնդում էր, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել։ Ասում էր՝ վարչապետի որդուն չի առևանգել, ընդամենը ուզել է «տղամարդավարի խոսել նրա հետ», տանել նրան «Եռաբլուր»։
տե՛ս Աշոտ Փաշինյանի օրենքի երկիրը և սպիտակցի Քաջոյի Հայաստանը
Աշոտ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չէր անում։ Դատական նախորդ նիստին նա ըստ էության հաստատել էր Քննչականի կողմից ավելի վաղ հրապարակած է ցուցմունքը, ըստ որի՝ Շենգավիթի վարչական դատարանի մոտ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները նկատել են իրեն, մոտեցել և առաջարկել զրուցել, ինքն էլ համաձայնել է և հոժարակամ նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում կինը խոսել է պատերազմից և սկսել է քշել։ Փաշինյանը պահանջել է կանգնեցնել մեքենան, Հակոբյանը պատասխանել է, թե իր տղային առանց հարցնելու են տարել, ինքը կորցնելու ոչինչ չունի, ուստի՝ առանց հարցնելու նրան էլ կտանի «Եռաբլուր»։ Փաշինյանը ընթացքի ժամանակ դուրս է նետվել մեքենայից, վայրկյաններ անց՝ վրաերթի երթևեկվել հետևից երթևեկող սպիտակ «Տոյոտայի» կողմից։
տե՛ս Աշոտ Փաշինյանի առեւանգումը հրավեր էր Եռաբլուր
Այսօրվա դատական նիստի մեկնարկին փաստաբանները հայտարարել են, որ տիկին Գայանեն հրաժարվել է իրենց ծառայություններից։
«Կա հակասություն մեր և տիկին Գայանեի դիրքորոշման մեջ։ Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, բայց տիկին Գայանեն այլ կարծիք ունի», – դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը՝ հարցրել են լրագրողները։ Փաստաբանները ոչ հերքել են, ոչ հաստատել․ «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց մենք դա չենք ասել»։
Նիստը ընթացել է դռնփակ ռեժիմում։ Թե ինչո՞ւ է այս անգամ որոշվել լրագրողների մուտքն արգելել՝ պարզ չէ։ Նիստի ավարտին Գայանե Հակոբյանը (վերջում, ըստ ամենայնի, ընդունել է իր մեղքը) ազատ է արձակվել։