Այս շարքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ ուսանողների մասին է, որոնք սովորում են Հայաստանի տարբեր բուհերում՝ հաճախ խտրականացվելով դասախոսների, ուսանողների կողմից։ Ոմանք հաղթահարում են միջավայրի ճնշումը և սեփական օրինակով փորձում են կարծրատիպեր կոտրել։ Ոմանք էլ շարունակում են գաղտնի պահել իրենց ինքնությունը, հեռանում են ընտանիքից, ընկերներից և «ապահով միջավայր» փնտրում բուհից դուրս։
Նա Դրեգ (Drag) արտիստ է, Բեռլինում վերապատրաստում է անցել, ելույթներ ունեցել։ Վերադառնալուց հետո մեծ էր ոգեւորությունը Հայաստանում զարգացնել արվեստի այս ուղղությունը, սակայն բազմաթիվ խոչընդոտների բախվեց։
Դրեգ արտիստը պետք է ունենա արտահայտիչ արտաքին, քանի որ իր մարմինն օգտագործում է որպես կտավ՝ գենդերային կարծրատիպերի հետ փորձարկումներ անելու, պատմություն պատմելու, չափազանցված ձևով ծաղրելու իր անձին բնորոշ հատկանիշներ, հասարակական կարծրատիպեր։ Շատ քվիր անհատների Դրեգը հնարավորություն է տալիս ուսումնասիրել սեռը, փորձարկումների միջոցով ստեղծել անհատականություն և որոշ ժամանակով դառնալ ուրիշը՝ ապահովելով ազատության զգացում:
«Խաչն իմ Դրեգ կերպարի թալիսմանն է…
Ես աթեիստ եմ։ Այս խաչը գնել եմ իմ՝ հավատացյալի Դրեգ կերպարի համար։ Դրեգի մեջ շատ կարևոր է, որ քո ստեղծած կերպարն ունենա այն հատկանիշները, որոնք դու չունես։ Դա օգնում է լուծել քո խնդիրները առօրյա կյանքում։ Բեռլինում եմ գնել, ու այն իր մեջ նաև Բեռլինի ազատության, ապահովության, մոտիվացիայի հուշն է կրում»։
Վերջերս հաջողել է իր առաջին ելույթը Հայաստանում՝ որպես աջակցություն սեռական բռնության զոհերի։ Դրական արձագանքները ոգևորել են նրան։
Արվեստագետի ստեղծագործությունները շատ հաճախ իր կյանքի և ապրումների մասին են։ Բիսեքսուալ լինելը նրա կյանքի մի մասն է, բայց թե ստեղծագործելը, թե սեռական կողմնորոշման մասին խոսելն այն բուհում, որտեղ սովորում է, գրեթե անհնար է։
«Այս տարիների ընթացքում միայն մի դասախոս է իմացել իմ սեռական կողմնորոշման մասին։ Նրա հետ այնքան ապահով եմ զգացել, որ պատմել եմ, իսկ դա, միանշանակ, առավելություն է ստեղծագործող մարդու համար։ Կարևոր էր ունենալ գոնե այդ մեկ դասախոսին, ում մոտ ազատ ստեղծագործել եմ, ու ով աջակցել է ինձ»։
4-5 տարեկան էր, երբ թերթում հրապարակվեց իր հեղինակած հեքիաթը։ Փոքր ժամանակ ընտանիքի անդամների համար հաճախ համերգներ էր կազմակերպում. հագնում էր պապիկի կոստյումն ու տաբատը, մազերը գլխարկի տակ հավաքում, մորուք նկարում դեմքին, վերցնում քեռու կիթառն ու Ռուբեն Հախվերդյան երգում։
Դպրոցական արձակուրդները տատիկի տանն էր անցկացնում։ Ընկերուհի ուներ, որի հետ կապը շատ ուժեղ էր։
«Չափից շատ էի կապված այդ ընկերուհուս հետ, ավելի, քան մյուսների։ Բնականաբար այդ տարիքում գլխի չէի ընկնում, թե ինչի եմ ամեն անգամ այդքան ծանր տանում, որ ամառը վերջացել է ու պետք է տուն վերադառնամ»։
Նույն զգացողությունները մեկ այլ ընկերուհու նկատմամբ ուներ ավելի ուշ՝ 14-15 տարեկանում։ Նրա հետ էլ չափից շատ էր կապված։ Անգամ հագուստ գնելիս՝ ընտրում էր այն տարբերակը, որն ընկերուհուն դուր կգար, ոչ թե ՝ իրեն։
Ժամանակի հետ հասկացավ՝ այդ աստիճան կախվածության պատճառը։
Բիսեքուալ լինելու մասին բացահայտումը «նոր աշխարհ» էր. ԼԳԲՏ համայնքի մասին գիտեր վաղուց, երբեք հոմոֆոբ չի եղել։ Երբ դպրոցում գեյ անձանց մասին ատելությամբ են խոսել, պաշտպանել է նրանց։ Սակայն շոկային էր գիտակցելը, որ ինքն է համայնքի մաս։
«Երբ գիտակցեցի, որ սիրահարված եմ ընկերուհուս, էմոցիոնալ շոկ ապրեցի։ Մի քանի օր գիշերներն ուղղակի չեմ քնել, պառկել ու բաց աչքերով նայել եմ առաստաղին, մտածել եմ՝ ո՞վ եմ ես, սա ի՞նչ աշխարհ է, սա ու՞մ մարմինն է։ Հետո հասկացա, ընդունեցի այդ փաստը, ու երկու տարի ապրեցի այն համոզմամբ, որ ինձ միայն աղջիկներն են դուր գալիս։ Բայց երբ պատահաբար տղամարդու սիրահարվեցի, ավելի ծանր էր ինձ համար։ Հիմա սեռին այլևս կարևորություն չեմ տալիս»։
Շրջապատում այնպիսի մարդ չկար, ումից խորհուրդ կհարցներ, կխոսեր իր հետ կատարվածի մասին։ Դժվարություններն ինքնուրույն հաղթահարեց, ընդունեց, իր էությունը։ Հասկացավ նաև, որ պետք չէ ամաչել կամ փախչել դրանից, ուղղակի պետք է զգույշ լինել սոցիալական միջավայրում, որտեղ մարդիկ կարող են վատ կամ ագրեսիվ արձագանքել կերպարին։
Ընտանիքի հետ հարաբերությունները նորմալ են. մայրիկին պատմել է իր մասին։ Նա էլ, մտածելով, որ դուստրը կարող է նաև տղամարդու սիրահարվել, կարծես, չի էլ ուզում այլ տարբերակի մասին մտածել։
Համալսարանական կյանքի սկզբնական շրջանում ոչ մի ընկեր չուներ, ինչը բավական սթրեսային էր։
«Հետո, իհարկե, համայնքից մարդիկ գտնվեցին ու նրանց հետ ծանոթությամբ գտա իմ ապահովության, հասկացվածության զգացումը»։
Սակայն բուհում խնդիրները չպակասեցին։ Դասախոսների վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի հանդեպ կա՛մ բացասական էր, կա՛մ՝ «կեղծ չեզոք»։
«Հենց այդ թեման բացվում է, անգամ եթե ուսանողների մասին չենք խոսում, այլ ինչ-որ գրողի մասին, որը գեյ է եղել, դասախոսը գրողի կյանքի այդ կողմի մասին սկսում է շատ բացասական խոսել։ Բուհում անգամ այդ հնարավորությունը չեն տալիս, որ մտածենք՝ արժե՞ պատմել մեր սեռական կողմնորոշման մասին, թե՝ ոչ»։
Անհանդուրժողականության նման պայմաններում քվիր ուսանողն անիմաստ է համարում իր ինքնության մասին խոսելն անգամ, իսկ այն բացահայտելը՝ ակնհայտ վտանգավոր, ինչի հետևանքով տուժում է նաև ուսումը, քանի որ ոչ բոլոր դասերին է ներկա լինում։
Քնարիկ Վարդանյան