2011-22 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակչությունը նվազել է 25 հազար մարդով։ Մարզից արտագաղթածների ճնշող մեծամասնությունը՝ 19 հազարը, գյուղական համայնքներում էին ապրում։ 27 հազարով էլ նվազել է Սյունիքի բնակչությունը:
«Ազատությունը» ամփոփել է անցած տարի անցկացված մարդահամարի նախնական տվյալները․ (2022-ի դրությամբ) Հայաստանում 2 միլիոն 928 հազար մարդ էր ապրում, այսինքն՝ մոտ տասը տարվա ընթացքում մշտական բնակչությունը նվազել է 86 հազարով։ Նրանց գերակշիռ մասը՝ 52 հազար մարդ, հենց այս սահմանամերձ մարզերից են։
2011-ի էլ՝ 2001-ի համեմատ, այս մարզերի բնակչությունը միասին վերցրած նվազել էր 11 հազարով, ծավալն էլ ընդհանուր կրճատման մեջ շատ մեծ չէր՝ 7 տոկոս։ 7 տոկոս՝ ներկայիս 60 տոկոսի փոխարեն։
Թե Գեղարքունիքից և Սյունիքից արտագաղթած մարդկանց որ մասն է տեղափոխվել Հայաստանի այլ մարզեր (օրինակ, մայրաքաղաք Երևան) և որ մասն է լքել երկիրը՝ պարզ չէ։
Բնակչության նվազմանը զուգահեռ Գեղարքունիքում նաև կյանքն է դժվարացել։ Մարզի 209 հազար բնակիչների կեսն աղքատ է: 2019-ին աղքատ էին այստեղ ապրողների 22.4 տոկոսը, 2021-ին նրանց թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 49 տոկոսի։ Գեղարքունիքը՝ ետևում թողնելով Շիրակին, այս պահին Հայաստանի ամենաաղքատ մարզն է։
Քաղաքացիները Գեղարքունիքում սպառողական գնումների վրա ամսական միջինը 29 հազար դրամ են ծախսում, համապետական ցուցանիշը 50 հազար է։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ տարիներ առաջ մարդիկ այս մարզում ավելի շատ էին ծախսում։
Ըստ Վիճկոմի՝ սյունեցիների սոցիալական վիճակը շատ ավելի բարվոք է, աղքատների թիվը՝ ավելի փոքր, փողն՝ ավելի շատ։ Բնակչությունը, սակայն, 11 տարիների ընթացքում նվազել է շուրջ 20 տոկոսով, ընդ որում եթե Գեղարքունիքում գյուղերն են դատարկվում՝ Սյունիքում քաղաքներում ապրողներն են պակասում։
44-օրյա պատերազմից հետո Սյունիքում շատացել են հաշվառման (գրանցման վայրի) փոփոխությունները։ Վերջին 3 տարիներին Սյունիքի գրանցումից դուրս է եկել 5900 մարդ։ Պատերազմին նախորդած երեք տարիներին այս ցուցանիշը 4100 էր։