Կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը՝ Թրևիս Ուիլքերսոնի «Գերազմանների վերևում քամի է սուրում»1 (2024, ԱՄՆ) ֆիլմի մասին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
«Իմ անունը Ժելիմիր Ժիլնիկ է, ես 28 տարեկան եմ, 72 կիլոգրամ, 167 սանտիմետր, իրավաբան եմ, նկարում եմ ֆիլմեր, ամուսնացած եմ, ունեմ որդի, երկու սենյականոց բնակարան՝ 48 քառակուսի մետր։ Մենք լավ ենք ապրում։ Եկամուտը՝ ամսեկան 200-ից 300 հազար դինար», – այսպես է սկսվում ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի 1971-ի մանիֆեստը՝ «Սև ֆիլմը»2, որն անկյունաքարային նշանակություն ունի հարավսլավական սև կինոալիքի և համաշխարհային ձախական կինոյի համար։
50 տարի անց` տուրք տալով Ժիլնիկին, ամերիկացի ռեժիսոր Թրևիս Ուիլքերսոնն իր ֆիլմը սկսում է նույն կերպ՝ կանգնում է տեսախցիկի առաջ, ներկայացնում է իր տարիքը, հասակը, մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, ֆիլմի նախնական գաղափարը։
Նա ժամանակավորապես տեղափոխվում է Խորվաթիա, հաստատվում է Սպլիտ քաղաքում։ Նպատակը՝ նկարել ֆիլմ Հարավսլավիայի անկման մասին, անիրագործելի էր։ Ստացվեց այն, ինչ ստացվեց։
Հետո նոր լսում ենք ռեժիսորի ետկադրային ձայնը, որը պատմում է խորվաթ ազգայնականների՝ ուստաշների ոճրագործությունների, Յասենովացի3 դեպքերի և սրբոսյեկների4 մասին։ Ֆիլմի պոետիկ վերնագիրը հղում է ֆրանսիական դիմադրության տարիների «Պարտիզան» երգին (լայն տարածում է ստացել մասնավորապես Լեոնարդ Քոենի կատարմամբ5)։
Անցյալի մասին պատումից հանկարծ տեղափոխվում ենք ներկա և հասկանում, որ ուստաշների գաղափարները այսօր էլ ժողովրդականություն են վայելում։
Ինքն իրեն հարց տալով՝ հարևաններից քանիսն են ֆաշիստ, Ուիլքերսոնը որոշում է մեկ ժամանոց շրջայց կատարել Սպլիտի իր թաղամասով՝ հաշվել ու լուսանկարել պատերին թողնված նացիստական, ուստաշական սիմվոլիկան։ 20 րոպե անց նա դադարեցնում է հաշվարկը․ սվաստիկան և ուստաշական «Ու» տառն ամենուրեք են՝ շենքերի պատերին, պաստառների կողքին, մանկական խաղահրապարակներում։
Հարավսլավիայի անկմանը զուգահեռ սկսված արյունալի պատերազմները սնուցվում էին ազգայնականությամբ։ Ուստաշները նորից հերոսացվում էին։ Պետությունը մինչև հիմա կիրառում է պատմության սև էջերի անտեսման և նարատիվների ձևափոխման քաղաքականությունը։
«Սպլիտը Հայդուկ է, և Հայդուկը՝ Սպլիտ»։ Ֆուտբոլային ակումբի օրինակով ի ցույց է դրվում քաղաքում աջականության վերահաստատումը։ Անգամ ֆաշիստների օրոք պարտիզանական գաղափարներին հավատարիմ մնացած «Հայդուկը»6 (թիմը հրաժարվել էր ուստաշական առաջնությունում հանդես գալուց, ինչի շնորհիվ Բրոզ Տիտոյի տարիներին արժանացել էր հատուկ վերաբերմունքի) ավելի ուշ իր շուրջը հավաքեց աջ ծայրահեղական ֆանատների խմբավորումներ, որոնք տապալում էին ֆուտբոլային հանդիպումները և այրում Հարավսլավիայի դրոշը։ Գուցե հենց ստադիոնի՞ց սկսվեց սոցիալիստական հանրապետության փաստացի անկումը։
Ուիլքերսոնն իր քաղաքական կինոէսսեն միավորում է կեղծ վավերագրականության հետ։ Ժամանակ առ ժամանակ տարածք է տրվում երիտասարդ «քննիչ» Իվան Պերիչին, որը չափազանց լուրջ՝ անգամ մռայլ դեմքի արտահայտությամբ ներկայացնում է Սպլիտի տեսարժան վայրերում սպանված զբոսաշրջիկների մասին անեկդոտային պատմություններ։ Մեկին միջնադարյան աշտարակից են ցած նետել, մյուսին մահացու հարված են հասցրել «Գահերի խաղի» ռեկվիզիտով․․․
դերասան Իվան Պերիչը՝ «քննիչ» Իվան Պերիչի դերում
Կեղծ-ոստիկանը շրջապատված է բյուրոկրատական աբսուրդի աշխարհով․ զավեշտալի իրադարձությունների պատճառով գործերը մնում են չբացահայտված։ Զբոսաշրջիկներին բոլորն են ատում, ուստի յուրաքանչյուր մեկը կասկածյալ է։
դերասան Իվան Պերիչը՝ «քննիչ» Իվան Պերիչի դերում
Ուլքերսոնի գրեթե անբյուջե «ԴիԱյՎայ» կինոհետազոտությունը տարիմաստ է ու բազմաշերտ, հեգնական ու ծիծաղաշարժ, ողբերգական ու սահմռկեցուցիչ։ Հատուկ գովասանական գնահատականների է արժանի Բեռլինի միջազգային փառատոնի՝ կինոարդյունաբերության հակառակ կողմում գտնվող, տեխնիկական կատարելությունից հեռու այս փոքր գլուխգործոցը մրցութային ծրագրերից մեկում ընգրկելու որոշումը:
__
1 Վերնագիրը բնագրում՝ Through the Graves the Wind Is Blowing
2 Ժելիմիր Ժիլնիկի «Սև ֆիլմը»՝ https://www.youtube.com/watch?v=E_lPBaCRuTk
3 Յասենովացը մահվան ճամբար է։ Ստեղծվել է խորվաթ ուստաշների կողմից՝ 1941 թվականի մայիսին։ Յասենովացը գտնվում էր Խորվաթիայի Անկախ Պետության տարածքում՝ Զագրեբից 60 կմ հեռավորության վրա։ Ըստ տարբեր գնահատականների, խորվաթ ուստաշները սպանել են 83,000-ից 700,000 մարդու՝ հարյուր հազարավոր սերբեր, հազարավոր հրեաներ և ռոմաներ:
4 Ուստաշների կողմից սերբ բանտարկյալների կոկորդները արագորեն կտրելու համար մշակված հատուկ դանակ․ դաշույնի շեղբը տեղադրված էր կաշվե ձեռնոցի մեջ։ Յասենովաց համակենտրոնացման ճամբարում դահիճների միջև սրբոսյեկով սպանելու մրցումներ էին անցկացվում։
5 «Պարտիզան» երգը Լեոնարդ Քոենի կատարմամբ՝ https://www.youtube.com/watch?v=hs5hOhI4pEE
6 Սպլիտի «Հայդուկ»-ի և Բելգրադի «Պարտիզան»-ի «հեղափոխական» խաղը (26.09.1990)՝ https://youtu.be/P6rvk1PH_gI?t=484