«Կան իրադարձություններ, որոնք անհնարին է մոռանալ՝ ինչպես սեփական անունը, ինչպես հայրենիքը, արևը», – Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 79-ամյակին նվիրված տոնակատարությունը հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։
Տոնը նշվում էր Կոմկուսի գրասենյակը Ռուսաստանի դեսպանատան շենքից բաժանող խաչմերուկում։ Կոմունիստական կուսակցությանը միացել էին վետերաններ, «աշակերտական կոլեկտիվներ», նորաստեղծ մարքսիստական խմբակներ, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սովետական դաշտային խոհանոցից մարդկանց հաճարով փլավ էին հյուրասիրում։ Մոտակա կրպակում բաժանում էին գեորգիևյան ժապավեններ և «Հայաստանի կոմունիստ» թերթի տոնական թողարկումը։ Առաջին էջին «Ընկեր Իոսիֆ Վիսարիոնովիչի ուղերձն էր ժողովրդին», երկրորդ էջին՝ ընկեր Գենադիյ Զյուգանովինը։
Ոստիկանները Կոմկուսի քարտուղարից փորձում էին ճշտել՝ ինչ դրոշներ են ծածանվելու միջոցառումը եզրափակող երթին։ Երջանիկ Ղազարյանն արդարանում էր՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության դրոշն է լինելու, ժամանակից Ռուսաստանի դրոշ չի լինելու։
Ֆոնից հնչում էին նախորդ համաշխարհային պատերազմի մասին սովետական երգերը՝ «Հաղթանակի օր», «Կատյուշա», «Արի՛ ծխենք»։ Երջանիկ Ղազարյանն էլ երգում։
Հետխորհրդային ոստիկաններին տրված խոստումը խախտվեց՝ խորհրդային դրոշներին երթի ընթացքում միացավ ռուսաստանյանը։ Ռուսական եռագույնի վրա Z տառն էր՝ գրված գեորգիևյան ժապավենով՝ Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման գովերգման խորհրդանիշը։
Երթն ավարտվեց Շահումյանի հրապարակում, որտեղից մասնակիցներն ավտոբուսներով գնացին Հաղթանակի զբոսայգի՝ պատերազմի զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելու։