Պարտադիր զինծառայության զորակոչի և վարժական հավաքների ծանուցումները կլինեն նաև օնլայն․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության մշակած նախագիծը, դեմ քվեարկողներ չեն եղել, պատգամավորներից 31-ը ձեռնպահ են մնացել, 66-ը՝ քվեարկել կողմ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոփոխությունները պատճառաբանել էր նրանով, որ «պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում» քաղաքացիները զանգվածաբար խուսափում են 25-օրյա վարժական հավաքների ներկայանալուց։ «Վարժական հավաքիներին 10 հոգու հրավիրելու համար 100 ծանուցագիր է ուղրակվում և 10 անգամ ավել ծախս է արվում», – ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործող օրենքով քաղաքացին համարվում է ծանուցված, եթե նրա ստորագրությամբ հաստատված ստացական կա։ Այսինքն՝ ծանուցումը պետք է փոխանցվի նրան, նա պետք է այն վերցնի և ստորագրի, պատասխանատու գերատեսչությունը պետք է ունենա համապատասխան ստացական։ Եթե ստացականը ստորագրելուց հետո անձը չի ներկայանում զինկոմիսարիատ, նրա հանդեպ քրեական գործ կարող են հարուցել։
Այժմ, երբ օրենքը ընդունվի նաև երկրորդ և երրորդ ընթերցմամբ, ծանուցվելուց խուսափելն անհնարին է դառնալու։ Նոր նախագծով պատշաճ ծանուցումը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք է հարավում․
— ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը,
— փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում՝ պատվիրված նամակի հանձնման փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,
— անհատական ծանուցման դեպքում՝ քաղաքացու պաշտոնական էլ․ փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը (եթե առկա է քաղաքացու համաձայնությունն իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլ. փոստի միջոցով, քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալու հաջորդող 5-րդ օրվանից, նույնիսկ եթե բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը):
— հրապարակային ծանուցման դեպքում՝ azdarar.am կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:
Այլ կերպ ասած, ծանուցումն ուղարկվելու է պաշտոնական էլեկտրոնային փոտով, եթե ոչ՝ փոխանցվելու է առձեռն կամ փոստային պատվիրված նամակով, եթե դա էլ չլինի՝ ծանուցագիրը դրվելու է հրապարակային՝ azdarar.am-ում։ Ստորագրության կարիք այդ դեպքում չի լինելու, հրապարակումից 10 օր անց համարվելու է, որ ծանուցումը ստացված է։ Զինվորական կոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացու նկատմամբ քրեական հետախուզում է սկսվելու։
Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ավելի վաղ նշել էր՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները լիքը իրավական խնդիրներ են առաջ բերելու՝ ոչ միայն վարժական հավաքների հայեցակարգի, դրա գործնական իրագորման հետ կապված հիմնավոր դժգոհությունների առումով, այլև զուտ տեխնիկական տեսանկյունից։ Օրինակ՝ ի՞նչ է լինելու տղամարդկանց հետ, որոնք ապրում և աշխատում են արտասահմանում։ Նրանք կարող են չիմանալ ծանուցումների մասին և Հայաստան վերադառնալիս հայտնվել քրեական հետապնդման տակ։
Կառավարության ապրիլի 16-ի նիստի ընթացքում պաշտպանության նախարարը նշել է, որ «ավանդական» միջոցներով և «վերջում արդեն հրապարակային ծանուցման» պրոցեսը տևելու է ընդհանուր 30 օր։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել