Վարդենուտ գյուղի բնակիչները այսօր փակել էին միջմարզային ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Արագած լեռան լանջին էկոգյուղ, լեռնադահուկային համալիր և ջրամբար կառուցելու համար Վարդենուտի 4400 հա հողերը պետք է օտարվեն «ՌԻԴ» ընկերությանը։ Սա որոշել է Կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերին՝ ներդրումային ծրագրի շահը գերակա համարելով գյուղացի սեփականատերերի շահերի հանդեպ։
Ցույցի մասնակիցները կարծում են, որ Արագածի վրա լեռնադահուկային համալիր կառուցելու թույլտվությունը պետք է հանձնվեր ֆրանսիական «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությանը, ոչ թե ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի «ՌԻԴ»-ին։ Տեղացիների խոսքով, «ՌԻԴ»-ը 110 հեկտար տարածքի համար «անթույլատրելի էժան գին» է առաջարկել շուրջ 200 սեփականատերերին, հողի մեկ քառակուսի մետրն ընկերությունը գնահատել է ընդամենը 300 դրամ՝ «ավելի էժան, քան ընդամենը մի տուփ սիգարետը»։
Իսկ ֆրանսիական մրցակիցը գյուղացիներին խոստացել է Արագածի վրա մի նոր Կուրշևել կառուցել և ավելի բարձ գին վճարել հողի դիմաց։ Թեև կառուցապատողների մրցույթում հաղթել է «Ռիդ»-ը, ֆրանսիական «Արագեյթ ինվեսթմենթս»-ը իր խողովակներով կապվել է բնակիչների հետ, փորձել շահագրգռել նրանց իր առաջարկով։
Բնակիչները հերքում են, որ գործիք են դարձել ռուսական և ֆրանսիական բիզնեսների ձեռքում։ «Ռիդ»-ի հետ շփումը նրանց զարմացրել է։ Ընկերությունը, ասում են, էժանով ուզում է գնել հողերը, մի բան էլ գյուղացիներին մեղադրում հարստանալու մեջ ու դատի տալիս բոլոր 250 սեփականության վաուչեր ունեցողներին։ Նրանվից մեկի հողատարածքը արդեն բռնագրավվել է դատարանի որոշմամբ։
«Ռիդ» ընկերությունը համայնքում հանրային լսումներ չի անցկացրել։ Բայց բնակիչները ինտերնետից իմացել են, որ Ռուբեն Գրիգորյանը ռուսական բիզնեսմեն է, սնանկ է ճանաչվել, ռուսաստանյան իր ունեցվածքները փորձում է տեղափոխել այլ երկրներ։
տե՛ս Սիգարետը 550 դրամ, հողը՝ 350. տեղացիները դեմ են Էկո-Վարդենուտին