հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մասնավոր չմիջանցք և Իրանը ՀՀ-ի տարածքային ամբողջականության ջատագով

Մասնավոր չմիջանցք և Իրանը ՀՀ-ի տարածքային ամբողջականության ջատագով

Մեղրիով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելով՝ Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը չի խախտվում, արդեն մի քանի օր է վստահեցնում են երևանյան պաշտոնյաները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, թե Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար, բայց՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքաքտելիությունը կասկածի տակ դնելու: Իբրև տարբերակ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին։ Նշվել էր, թե հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում թե՛ Բաքվի և թե՛ Մոսկվայի կողմից։

Ճանապարհի ապաշրջափակման շուրջ խոսակցությունները ակտիվացել են Պուտին-Ալիև հանդիպումից հետո։ Ադրբեջանը միջանցք է պահանջում՝ ակնարկելով, որ Հայաստանով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը պետք է ռուս սահմանապահներն իրականացնեն։ Ռուսաստանը կողմ է այս տարբերակին։ Պուտինի Բաքու այցից հետո Սերգեյ Լավրովը հիշել էր դե-ֆակտո չգործող նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին և մեղադրել Հայաստանին «Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների հետ կապված համաձայնությունը սաբոտաժի ենթարկելու մեջ»։ Հայաստանից արձագանքել էին՝ բացառելով միջանցքի տարբերակը։ Արտահայտվել էր նաև Իրանը, որի համար «Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է»։

Ճանապարհի անվտանգությունն աութսորս անելու տարբերակը արդեն մի քանի օր տարբեր մեկնաբանություններ է ստանում։

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր նշել է՝ թեև այս տարբերակը քննարկվում է, նման լուծում դեռևս չկա․ «Ամեն ինչ իրականացվելու է Հայաստանի դրոշի ներքո և օրենքների շրջանակներում»։ Որպես օրինակ նա հիշել է ռուս սահմանապահներին, որոնք կանգնած են Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։

Ավելի ուշ հաղորդակցությունների անվտանգության ապահովմանը պահնորդական ընկերություն ներգրավելու հարցին անդրադարձել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը․ «Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում: Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեր համար դա անընդունելի է, խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է: Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն,

մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա, գնացքի մեջ կամ, կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին՝ խոսքը սրա մասին է»։

Միրզոյանը հավելել է՝ ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի (տվյալ դեպքում՝ երկաթուղու) երկայնքով տեղակայվելիք ո′չ պետական երրորդ կողմի, ո′չ մասնավոր երրորդ կողմի ներկայությունը Հայաստանի համար ընդունելի չի եղել և հիմա էլ ընդունելի չէ։

Մինչ այդ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն էր վստահեցրել՝ այս տարբերակը որևէ կերպ չի խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը,

մասնավոր կազմակերպության հետ ճանապարհին վերահսկողություն պետք է իրականացնեն նաև Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայողները։

Մեղրիի ճանապարհը Ադրբեջանը կապում է Նախիջևանի էքսկալվին, հետևաբար՝ նաև Թուրքիային։ Հետպատերազմական բանակցությունների հիմնական խնդիրներից մեկը այս ճանապարհի կարգավիճակն է․ Բաքուն և Անկարան միջանցք են ակնկալում, Մոսկվան մինչ այս հակասական հայտարարություններ են անում, վերջին շրջանում՝ բացեիբաց աջակցում է ադրբեջանական պահանջին։ Երևանը, Թեհրանը, Վաշինգտոնն ու Բրյուսելը դեմ են։ 

«Չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել: Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», – Հայաստանի արտգործնախարարի այսօրվա ասուլիսին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով՝ Բաքվի համար անընդունելի է մասամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միրզոյանը մինչ այդ նշել էր, թե խաղաղության պայմանագրի 16 կետերից (+նախաբան) 13-ն արդեն համաձայնեցված են։

Արձագանքներ Իսլամական Հանրապետությունից

Թեհրանից արդեն մի քանի օր է կտրուկ հայտարարություններ են հնչում ԱԳՆ-ի, դեսպանի, խորհրդարանականների մակարդակով։

Օրերս Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էր ընգծել՝ Թեհրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ Այսօր էլ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին է հայտարարել, թե Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Սեպտեմբերի 6-ին հրապարակված հոդվածում Իրանի անվտանգային կառույցներին մոտ կանգնած Tehran Times-ը նշում է, թե Բաքվի պահանջած միջանցքի հարցով Լավրովի հայտարարությունը շատերին է անակնկալի բերել․ ինչպե՞ս է Մոսկվան անտեսել այդ հարցով Թեհրանի դիրքորոշումը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մինչ այդ զգուշացրել էր՝ «Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա»։ Tehran Times-ն ակնարկել էր, թե Իրանի իշխանությունները պատրաստ են ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին՝ ընդհուպ ռազմական միջամտությամբ:

Հոդվածում նշվում է, որ Լավրովի վերջին հայտարարությամբ Մոսկվան առաջին անգամ հստակ դիրքորոշում է հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ «Ռուսաստանյան պետական գործչի պահվածքն անընդունելի է և ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին իր հայտարարությանը։ Այս երկիմաստությանը պետք է վերջ տրվի», – պարբերականը մեջբերել է Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար, ներկայումս Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայեին։

Իրանի դեսպանին այսօր հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորյանը շեշտել է՝ ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո։