հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը օգնել է վաճառել խնամարկյալի բնակարանը․ Դատախազություն

Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը օգնել է վաճառել խնամարկյալի բնակարանը․ Դատախազություն

Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը 6000 դոլար կաշառք է ուզել խնամարկլի բարեկամներից, որպեսզի վերջիններս կարողանան վաճառել պացիենտի բնակարանը, հայտնում է Դատախազությունը։ Գործն ուղարկվել է դատարան։

Ըստ հաղորդագրության, Սամվել Խաչատրյանը, որը «Ձորակ» կենտրոնի տնօրենն էր 2014-2020 թվականներին, խնամարկյալ Ա.Թ.-ի երևանյան բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու դիմաց 2019-ի սեպտեմբերին Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել է 6000 դոլար կաշառք։ Վերջիններիս հետ պայմանավորվել է՝ 2000 դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Տնօրենը ստացել է 2000 դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 մլն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Սամվել Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել է Սամվել Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

«Ձորակի» տնօրենը հեռացվել է պաշտոնից 2020 թվականին, երբ իրեն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայությունը․ 2015-2019 թթ. ՊՈԱԿ-ի տնօրենը մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել: Պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ ավելի քան 25 մլն դրամի աշխատավարձ, որը գրպանել է տնօրենը։

Նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ Հայաստանից բացակայելու պայմաններում:

2018-2020-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձևակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: