Թեև ընտրական օրենսգիրքը սահմանում է գենդերային քվոտա՝ կանանց մասնկացությունը քաղաքականության մեջ ապահովելու համար, փաստացի կա բաց, որով տղամարդիկ են նրանց տեղը վերցնում։ Հայաստանի 11 համայնքներում կին թեկնածուների անուններ են եղել նախընտրական ցուցակներում, սակայն նրանք իբր հրաժարվել են մանդատներից՝ տեղը զիջելով կուսակցական ցուցակի հաջորդ տղամարդկանց։ Ընտրված կանայք մանդատներից հրաժարվել են, օրինակ, Սևանում, Ապարանում, Ճամբարակում։ Այսպես Սևանի ավագանու 28 անդամներից ընդամենը 3-ն է կին, Ճամբարակում՝ 21-ից՝ 2-ը, իսկ Ապարանում՝ կին ավագանու անդամ առհասարակ չկա։
Իրավապաշտպան կառույցներն առաջարկել են Կառավարությանը փոխել ընտրական օրենսգիրքը՝ գենդերային քվոտան ոչ թե նախընտրական ցուցակների վրա, այլ մանդատների վրա տեղափոխելով։ Արդարադատության նախարարությունն առաջարկը մերժել է։ Իշխանությունն առաջարկում է միայն սահմանել, որ համամասնական ցուցակի եռեսուն տոկոսը լինի կին, և եթե վերջինս հրաժարվում է մանդատից՝ այն տրվի հաջորդ կնոջը։ Փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում բոլոր կանայք կարող են հրաժարական ներկայացնել։
«Այս հարցը հիմնականում մարզերում է և այն համայքներում, որտեղ հանրային վերահսկողություն չկա։ ԱԺ-ում կանանց մասնակցություն կա, որովհետև ավելի աչքի տակ է ԱԺ-ն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ընտրական իրավունքի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը։
ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ լսումների ժամանակ փորձագետ Վարդինե Գրիգորյանը նշում է, որ Արդարադատության նախարարությունը սխալ է հասկացել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները․ «Տպավորություն է, որ դա միակ խնդիրն է, որը տեսել է Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների մեջ։ Ընդ որում սխալ էր հասկացել, որովհետև Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ լրացուցիչ ժամանակավոր միջոցներ կիրառեք, որպեսզի կանայք կարողանան մասնակցել։ Արդյունքում փոխարենը այս մեխանիզմը հանվել է նախագծից», – ասել է փորձագետը։