Home / Առողջապահություն / Արտաշատի հիվանդանոցի սնանկացումը ծածկադմփոց արեցին 

Արտաշատի հիվանդանոցի սնանկացումը ծածկադմփոց արեցին 

Արտաշատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի գործադուլից հետո Արարատի մարզպետարանը տվել է նրանց աշխատավարձի 3 ամսվա պարտքի մեկ ամսվանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի բուժքույրերից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը։ 

Բուժանձնակազմն աշխատավարձ չի ստացել սեպտեմբերից։ «Մենք իջանք բակ գործադուլ անելու։ Այդ օրն ունեինք վեց վիրահատություն։ Տաս րոպեից զանգեցին մարզպետարանից, խնդրեցին դադարեցնել գործադուլը», – պատմել է մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ անձնակազմը որոշել է գործադուլ անել այն բանից հետո, երբ «Շտապ օգնության» բրիգադների գործադուլից հետո, նրանք ստացել են աշխատավարձի պարտքը։ 

Քաղաքի Շտապ օգնությունը ևս ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Արտաշատի բնակիչներից մեկը պատմել է, որ շտապօգնության մեքենան եկել է առանց առաջնային օգնության դեղամիջոցների։ Երբ բողոքել են, բուժքույրն ասել է, որ դեղերն իրենց գրպանից են առնում ու հիմա չեն կարող, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստացել։ 

«Ֆիրմաներն էլ մեր հիվանդանոցին դեղ չեն տալիս, ասում են՝ պարտքերը մարեք։ Ռենտգենի ապարատը, ԿԱՏԵ-ի սարքը չեն աշխատում։ Մենք չգիտենք՝ տնօրենի, թե՞ նախարարության պատճառով է հիմնարկը սխալ կառավարվել», – ասել է բուժաշխատողը։ 

Առողջապահության նախարարությունը պնդում է, որ մարզային հիվանդանոցների վատ կառավարման մեջ մեղավոր են տնօրենները, նախարարությունը լծակ չունի, այլ ընդամենը ոլորտի քաղաքականություն մշակողն է։ Բայց այդ քաղաքականության պատճառով է նաև, որ մի շարք պետական հիվանդանոցներ պարքերի մեջ են խրվել։ 

Ըստ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի՝ պետպատվերի նոր կազմակերպման ձևը՝ Օֆերտան, չէր կարող չսնանկացնել փոքր բուժհիմնարկներին, քանի որ Օֆերտայի մասին օրենքն ընդունվել է առանց բյուջեի։ 

Բուժհիմնարկները պարտավոր են ծառայություններ մատուցել, բայց պետական փոխհատուցումներն այդ ծառայությունների դիմաց ստանում են ուշացումներով։ 

«Մայիսի 15-ի դրությամբ 300 մլն դրամի պարտք է եղել, կան հաստատություններ, որ 150 մլն, 250 մլն պարտքեր ունեն, ու սրանք փոքր թվեր չեն, որ իրենք սպասեն տարվա վերջին ու ասեն՝ պետությունը ֆինանսավորելու է։ Մատակարարներն ու բժիշկները ակնկալում են վճարում հիմա, ոչ թե դեկտեմբերին», – ասել է Թորոսյանը։

Արտաշատի ԲԿ-ի սնանկության մեջ տնօրենին մեղադրող հրապարակումները հղում են անում միայն խոսակցությունների, քանի որ պատասխանատու մյուս կառույցները ևս փաստեր չեն ներկայացնում։ 

«Պետական վերահսկողության ծառայությունը ՊՎԾ ստուգումների արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին», – ասել են Epress.am-ին կառույցի մամուլի բաժնից։ 

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ևս իր ստուգումների արդյունքները ԶԼՄ-ներին չի հայտնում։ Ինչպես Զեյթունի ծննդատան սնանկության և աշխատողների գործադուլի դեպքում, տեսչականն Epress.am-ին ասել է, որ իր ստուգումներն ունեն «առևտրային արժեք» և չեն կարող հրապարակվել առանց տվյալ ընկերության համաձայնության։

Այսպես պարտքերի մեջ հայտնված հիվանդանոցի տնօրենը պարսավանքի արժանացավ ու հեռացավ անձայն։ Հիվանդանոցը «փրկելու» եկած նոր տնօրենը կվերցնի նոր պարտքեր ու կանի կրճատումներ։