Home / Հայաստան / Ադրբեջանում պատժում են նաև աշխատավորներին պաշտպանելու համար

Ադրբեջանում պատժում են նաև աշխատավորներին պաշտպանելու համար

Ադրբեջանում ևս մեկ արհմիութենական ակտիվիստի են բանտարկել։ Ադրբեջանի անկախ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Աֆիյադին Մամեդովին Բաքվի դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են ոմն Սաֆար Հուսեյնովին դանակահարելու մեջ։ Մամեդովը հերքում է մեղադրանքները և պնդում, որ իրեն պատժում են իրավապաշտպան գործունեության համար։

Արհմիութենական ակտիվիստների ձերբակալությունները սկսվել են առաքիչների բողոքի ցույցից հետո՝ 2023-ի օգոստոսին։ Մեկին դանակահարություն են մեղսագրել, մյուսներին՝ թրմանյութերի իրացում։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալ են համարում։

տե՛ս Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա

Իր վերջին խոսքում Մամեդովը կրկնել է՝ ոչ մեկին չի դանակահարել, որևէ հանցանք չի գործել, զուտ պատժվում է աշխատավորական նոր շարժմանը մասնակցելու համար։

Նա պատմել է, որ 2022-ի մարտին մի խումբ ակտիվիստներով որոշել են նոր արհմիություններ ստեղծել։ Այդպես է ձևավորվել «Աշխատասեղան» կազմակերպությունը։

Հիմնադրումից հետո Մամեդովին երեք անգամ վարչական պատժի են ենթարկել, օգոստոսին կազմակերպված բողոքի ցույցից հետո ռեպրեսիաները խստացվել են։ Նրա գործընկերներից երեքին ձերբակալել են թմրաշրջանառության մեղադրանքով, իրեն էլ մեղադրել են անհայտ անձին դանակահարելու մեջ։

Մամեդովը հիշեցրել է՝ 2023-ի օգոստոսին իրեն մեկամսյա վարչական կալանքի են ենթարկել։ Ազատ արձակելուց հետո՝ 2023-ի սեպտեմբերին, տնից դուրս գալիս նա հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից։ Անմիջապես ոստիկաններ են հայտնվել, ձերբակալել են իրեն, ոչ թե հարձակվողին։ Բաժնում նրան տապալել են գետնին, ոլորել ձեռքերը, ձեռնաշղթաներ հագցրել, ստիպել կպնել ինչ-որ դանակի։ Ակտիվիստի խոսքով՝ բեմադրության նպատակը կեղծ ապացույցներ հայթայթելն էր, որպեսզի դանակի վրա իր մատնահետքերը լինեն։

Սա արդեն երրորդ դատավճիռն է արհմիութենական ակտիվիստների նկատմամբ․ մինչ այս 3 տարվա ազատազրկման են դատապարտվել «Աշխատասեղան» կազմակերպության անդամներ Էլվին Մուստաֆաևն ու Այխան Իսրաֆիլովը։ Մահյադդին Օրուջևը դեռ սպասում է դատավճռի։ Երեքն էլ մեղադրվում են թմրաշրջանառության մեջ․ սա ընդդիմադիր ակտիվիստներին ամենահաճախ մեղսագրվող հոդվածն է Ադրբեջանում։

տե՛ս 3 տարի ազատազրկում՝ Բաքվի առաքիչներին պաշտպանելու համար

Մամեդովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան մտադիր է բողոքարկել վճիռը։ Դատավարության ողջ ընթացքում պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժվել են։

Ադրբեջանի անկախ արհմիությունների նորաստեղծ կոնֆեդերացիան 2023 թվականի օգոստոսի 1-ին բողոքի ցույց էր կազմակերպել՝ պահանջում էին վերացնել առաքիչների մոպեդներին առնչվող նոր սահմանափակումները։ Արհմիութենականների ձերբակալությունները հենց այս ցույցից հետո են սկսվել։

Անկախ արհմիությունների կոնֆեդերացիան փոխկապակցված էր «Դեմոկրատիա 1918» շարժման հետ։ Այն ստեղծվել է 2022-ի գարնանը՝ որպես այլընտրանք Խորհրդային Միությունից ժառանգված և կոռումպացված Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիային։ Արհմիութենական ակտիվին ձերբակալում էին 2023 թվականին, 2024-ին սկսեցին ձերբակալել անկախ լրագրողներին։ Նրանց շարքերում նաև «Դեմոկրատիա 1918» շարժման համախոհներ կային։

տե՛ս

Ադրբեջանում դեռ գտնում են՝ ում լռեցնել 

Ադրբեջանում բոլորը գոհ են կամ «լրտես»

Մինչև ցմահ. Ադրբեջանում ընկել են խաղաղասերների և գիտնականների հետևից

Բաքվում կալանավորել են նաև Meydan TV-ի լրագրողների

Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի․ հավատացյալների ձերբակալությունները շարունակվում են