Home / Հայաստան / Դա զիջում չէր. առևտրականները նորից Կառավարության մոտ էին

Դա զիջում չէր. առևտրականները նորից Կառավարության մոտ էին

Փոքր ձեռնարկատերերը այսօր նորից Կառավարության մոտ էին։ Էկոնոմիկայի նախարարության ժամանակավոր հետքայլը (այս տարվա առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին) նրանց չի գոհացրել։ Պահանջը նույնն է՝ կասեցնել հարկային նոր փոփոխությունները։

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով շրջանառության հարկը 5-ից դառնում է 10 տոկոս՝ բոլոր նրանց համար, ովքեր ամեն ապրանքի համար ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի: Թղթաբանությունը այնքան է բարդացվել, որ հարկի կրկնապատկումը տարածվում է համարյա թե բոլորի վրա։ 

Առևտրականներին և ներմուծողներին պարտավորեցնում են նաև մանրակրկիտ գույքագրում ներկայացնել։ Դա անելու համար պետք է ունենալ առնվազն հաշվապահ՝ մանր առուծախով զբաղվողների համար անհասանելի շռայլություն։ Շատ դեպքերում այդպիսի փաստաթղթեր չեն տրամադրում նույնիսկ արտադրողները։

Փոքր բիզնեսի համար, որն առցանց առևտրային հարթակների (Wildberries, Temu, Ozon և այլն) պատճառով զրկվել է կլիենտների զգալի մասից, հարկերի կրկնապատկումը հերթական հարվածն է։ Տարվա սկզբից առևտրականները, մանր ներմուծողներն ու արհեստավորները բողոքի ակցիաներ են անում, Կառավարությունն անցած հինգշաբթի զիջումների է գնացել և որոշել ժամանակավոր վերադարձնել ավելացված հարկը։

«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն կստանան», – ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ակցիայի մասնակիցները լրատվականների դիմաց միացրել էին նախարարի ելույթը։ Նրանք բողոքում էին Հովհաննիսյանի տեքստի կառուցվածքից։ Եթե նախարարությունն ուզում է մարդկանց իրազեկել, ապա պետք է ավելի հասկանալի լեզվով խոսի՝ պնդում էին ցուցարարները։

Նոր որոշման համաձայն, տնտեսվարողը պետք է առաջին և երկրորդ եռամսյակի համար ներկայացնի հաշվետվություն ու վճարի 10% հարկը, այնուհետև պետք է ներկայացնի դիմում, որ համապատասխանում է Կառավարության բոլոր պահանջներին։ Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո նոր միայն կորոշվի՝ գումարը վերադարձվում է տնտեսվարողին, թե ոչ։ 

ՓՄՁ ներկայացուցիչների կարծիքով, կառավարության այս զիջումը ոչինչ չի նշանակում։ Գլխավոր խնդիրը՝ գույքագրման պահանջը, մեկ է չի լուծվում։ Դա փոքր բիզնեսի համար ժամանակատար է և ծախսատար՝ պնդում են բողոքողները։

«Այս արտոնություններից կարող է օգտվել միայն այն շերտը, որը հունվարի մեկի դրությամբ ապրանքային մնացորդի գույքագրում է արել և հանձնել ՊԵԿ, դիմումի հաջորդ օրվա դրությամբ չունի նախորդ տարվա պարտավորություններ։ Այդքան լավ եթե գործներս լինի, ինչի՞ ենք ձեզնից արտոնություն ուզում», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։