ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի նախաձեռնած միգրանտների որսը մեծ դիմադրության է հանդիպել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում։ Միգրացիայի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատողները՝ զինված և դիմակավորված, շրջում են քաղաքով և փնտրում միգրանտների։ Հաճախ նրանք բախվում են իրենց հարևաններին թաքցնող ու պաշտպանող քաղաքացիների խմբերի։
Ինքնակազմակերպված խմբերը Մինեապոլիսում նոր չեն։ Դրանք ձևավորվել են 2020-ից։ Այստեղ էր ոստիկանների կողմից սպանվել նաև 43-ամյա Ջորջ Ֆլոյդը, ինչից հետո սկսվել էին ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ցույցերը ոստիկանության ռասայական մոտեցման (racial profiling) դեմ:
Անցած տարվա դեկտեմբերի ICE-ի զինյալները ժամանել են Մինեապոլիս, զուգահեռաբար նահանգում ստեղծվել են ինքնակազմակերպման խմբեր, որոնք համակարգվում են Signal մեսինջերի միջոցով։ Խմբերը հետևում են ICE գրոհայինների տեղաշարժին և զգուշացնում բնակիչներին, հերթապահություն են անում դպրոցների, բնակելի շենքերի, տեղական խանութների մոտ և այլ վայրերում, որտեղ միգրանտների որսը հավանական է։ Ստեղծվել են նաև խմբեր, որոնք միգրանտների երեխաներին տանում են դպրոց կամ վերցնում դպրոցից։ Դեկտեմբերին անօրինական միգրանտների մեծ մասը ձերբակալվել է հենց դպրոցների մոտից։ Կան խմբեր, որ թաքնված միգրանտներին սնունդ են մատակարարում։ Փողոցներում ակտիվիստները բաժանում են սուլիչներ, որոնցով հարևանները ազդարարում են ուժայինների մոտենալու մասին։
Քաղաքացիների համար կազմակերպվում են վերապատրաստումներ՝ սիմուլացիոն իրավիճակներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես գործել զինված ֆեդերալների հետ բախման ժամանակ։ Դասընթացներին մոտավորապես 65 հազար հոգի է մասնակցել, այդ թվում՝ մարդիկ, որոնք երբևէ չեն մասնակցել պրոտեստների։ Ըստ տեղում գործող լրագրողների՝ Մինեապոլիսի դիմադրության մասնակիցները իրենց անվանում են «պաշտպաններ», և չեն սիրում «ցուցարար» կամ «ակտիվիստ» տերմինները։
Ռենե Գուդի և Ալեքս Փրեթիի սպանությունները
Ֆեդերալները բիրտ ուժ են կիրառում թե՛ միգրանտների, թե՛ նրանց «պաշտպանների» հանդեպ՝ ձերբակալում են, մեղադրանքներ առաջադրում, ջարդում մեքենաները, արցունքաբեր գազ փչում դեմքներին, պայթուցիկներ նետում խաղաղ պիկետների ուղությամբ։
https://youtube.com/shorts/fVJqmwfP7vM?si=Xvh1PqfYKiX7ED-Q
Հունվարի 7-ին զինյալներից մեկը գնդակահարել է ցուցարար, պոետ, 37-ամյա Ռենե Գուդին, որը փորձում էր մեքենայով շրջանցել իրեն մոտեցող ICE-ականներին։ Գուդի սպանությունը միայն ավելի է զայրացրել մինեապոլիսցիներին։ Նախագահ Թրամփը սպանությունն անմիջապես որակել է ինքնապաշտպանություն, ֆեդերալ իշխանությունների դեմ ցույցերն ավելի են ընդլայնվել։ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը Ռենե Գուդի սպանությունից հետո պահանջել է, որ ֆեդերալ զորքերը «ռադ լինեն» իրենց քաղաքից։ Սպանության նախաքննությունը սրել է նահանգային և դաշնային իշխանությունների միջև առճակատումը։ Ֆեդերալ դատախազները հետաքննություն են սկսել սպանվածի ընկերուհու նկատմամբ, որին մեղադրում են ակտիվիստական խմբերի հետ կապ ունենալու մեջ։ Հետաքննություն է սկսվել նաև նահանգապետ Թիմ Վուալթսի և քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյի նկատմամբ՝ ֆեդերալների գործողություններին խոչընդոտելու համար։ «Միակ մարդը, ում մեղադրանք չի առաջադրվել, Գուդին սպանողն է», — ասել է նահանգապետը։
Հունվարի 23-ին Մինեսոտա նահանգում համընդհանուր մոբիլիզացիա և գործադուլ է հայտարարվել։ Ավելի քան 700 հաստատություններ փակվել են, հազարավոր մարդիկ մասնակցել են երթերի՝ չնայած աննախադեպ -20 աստիճան ցրտին։ Հարյուր հոգի կալանավորվել է Մինեապոլիսի օդանավակայանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։ Այս օդանավակայանից միգրանտների դեպորտացիայի մոտ 200 չվերթ է արվել վերջին ամսվա ընթացքում։
Հունվարի 24-ին ICE-ի զինյալները սպանել են երկրորդ ցուցարարին՝ 37-ամյա բուժաշխատող Ալեքս Փրեթիին։ Զինյալները արցունքաբեր գազ են փչել Փրեթիի վրա, ապա տապալել են նրան գետնին։ Լսվել են վեց կրակոցներ։ Ֆեդերալ իշխանություններն այս սպանությունն էլ են փորձել ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։ Հիմնական արդարացումն այս անգամ այն է, որ Փրեթին ակցիայի ժամանակ կրում էր զենք։ Ոստիկանության պետ Քրիստի Նոեմը հայտարարել է, թե նա «տեղական տեռորիստ էր»։ Փրեթին ուներ օրինական զենք և դա կրելու իրավունք, այդ թվում՝ ակցիայի ժամանակ։ Սպանությունից րոպեներ առաջ ICE-ի գործակալներից մեկը նրա գոտուն ամրացված զենքը մեկուսացրել էր։ Դեպքի բազմաթիվ տեսագրություններում երևում է, որ սպանվածը առաջ է նետվել, երբ ICE զինյալներից մեկը հրել և գետնին է գցել ցույցին մասնակցող մի կնոջը։ Փրեթին կանգնել է ընկած կնոջ ու զինյալի միջև․ նրա աջ ձեռքում հեռախոս էր, որով նա փորձում էր տեսագրել կատարվածը, ձախ ձեռքը բարձրացված էր վերև։
«Քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի այս օպերացիան ավարտվի։ Քանի՞ անգամ պետք է տեղական և ազգային հեղինակությունները խնդրեն Ձեզ, Դոնալդ Թրամփ, որ դադարեցնե՛ք այս օպերացիան և հասկանաք, որ սա անվտանգություն չի բերում մեր քաղաքին», — հայտարարել է Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը։
Փրեթիի սպանությունից հետո Մինեսոտայի նահանգապետը ազգային գվարդիայի 1500 զինվորներ է ուղարկել Մինեապոլիս քաղաք։ Թրամփի ադմինիստրացիան սպառնացել է ավելացնել ICE զորքերը: Թրամփը սպառնացել է նաև կիրառել «Ապստամբությունների մասին օրենքը», որը հատուկ դեպքերում թույլ է տալիս ԱՄՆ բանակը կիրառել ԱՄՆ ներսում։
Կազմակերպված քաոս ընտրություններին ընդառաջ
Հավանական է, որ ֆեդերալների ներխուժումը Մինեսոտա նահանգ ունի քաղաքական ենթատեքստ։ Մինեսոտայում անօրինական միգրանտները շատ չեն՝ ի տարբերություն, օրինակ, Տեխաս կամ Ֆլորիդա նահանգների։ Բայց միգրանտների որսը այստեղ հատկապես մեծ թափով է ընթանում։ Մինեսոտայում կա մեծ համայնք Սոմալիից․ Թրամփը հատկապես նրանց է թիրախավորում, փախստականներին անվանում է «աղբ»։ Բայց Սոմալիի քաղաքացիական պատերազմից 90-ականներին Մինեապոլիս փախած մարդիկ շուտվանից քաղաքացի են։
Մինեապոլիսը դեմոկրատ նահանգ է, իսկ 2026-ի ընտրությունները կարող են վճռորոշ լինել Թրամփի համար։ Եթե դեմոկրատները հաղթեն, Թրամփը հավանական է իմպիչմենտի ենթարկվի։ Այս թեզը ապացուցվում է նաև ֆեդերալների վերջին պահանջներով. ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին երեկ հայտարարել է, որ ICE-ը Մինեսոտայից դուրս կգա միայն այն պայմանով, որ նահանգը Թրամփի ադմինիստրացիային կփոխանցի ընտրողների ցուցակները։ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ այս պահանջը ոչ մի կապ չունի տեղի ունեցողի հետ և հետապնդում այլ նպատակ՝ դատաբազա հավաքել Թրամփի համար, որ նրա թիմը հաղթի գալիք տեղական ընտրություններում։
New York Times-ը գրում է՝ տարօրինակ է, որ ICE զինյալները իրենց հատկապես անվրդով են պահում տեսախցիկների առաջ, ICE հրամանատարը շրջում է Գեստապոյի համազգեստով։ Սա նման է ներկայացման, սադրանքի, որը արվում է քաոս հրահրելու համար։ Քաոսը թույլ կտա ներքաշել բանակը, ինչը Թրամփն արդեն սպառնացել է, դա թույլ կտա նախագահին արտակարգ դրություն հայտարարել և չեղարկել միդթերմ ընտրությունները։
Գուդի և Փրեթիի սպանություններից հետո Թրամփը կորցնում է անգամ իրեն լոյալ ընտրողներին, ըստ սոցհարցումների։ Եթե միգրանտներին վտարելու խոստումը նրա հաղթական քարտն էր, այն կարող է վերածվել պարտության պատճառի։ «Անգամ հանրապետականներն են դեմ ICE-ի բռնություններին։ Դու կարող է դեմ լինել ապօրինի հոսքին թեորապես, բայց երբ տեսնում ես, որ քո հարևանին քարշ են տալիս փողոցով և տեռորի ենթարկում նրա երեխաներին, սկսում ես կասկածել»,- ասում է the Economist-ի խմբագիր Էդվարդ Քարը։
Epress.am Լուրեր Հայաստանից