Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է անում․ 4 ամսվա մեջ ոստիկանական բաժանմունքներում առնվազն 3 փաստաբան է բռնության ենթարկվել, Պալատը պահանջում է պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։
Փաստաբանների բողոքի ակցիայի հետևանքով այսօր տասնյակ դատական նիստեր են հետաձգվել։ Գործադուլը ամփոփվել է երթով։ Գործադուլավորները հասել են մարզադաշտի մոտ՝ բռնցքամարտի ձեռնոցներ նվիրելու Կենտրոնի ոստիկանապետին։
«Առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Միջադեպում ներգրավված անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը չի տեսնում այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն նմանատիպ իրավիճակում», – երթից առաջ ասել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Փետրվարին Էրեբունու ոստիականական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, որոնք ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։
տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են անչափահասին և նրա փաստաբաններին
Սոցցանցերում բարձրացած աղմուկին իրավապահ համակարգը արձագանքեց քրեական վարույթ հարուցելով։ Փաստաբանները ահազանգում են՝ քննությունը ձգձգվում է, պատշաճ չի ընթանում։
«Ոստիկանական բաժանմունքում կարող են ցանկացած քաղաքացու տանել, մի քանի ոստիկաններով ծեծել, հետո քրեական գործ հարուցել ու ասել՝ ոչ թե մենք, այլ այդ քաղաքացին էր ծեծում: Որ կարդանք այս ոստիկանների ցուցմունքները, կտեսնենք՝ վստահորդն ինքն իր գլուխը խփել է սեղանին, պատին, իրենք ձեռնաշղթա են կիրառել, որպեսզի վստահորդին հանգստացնեն: Մենք միշտ մնալու ենք սրա տակ, եթե չպայքարենք:
․․․Եթե 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի քննիչները պատշաճ ձևով այդ դեպքին գնահատակն տային, գործը լիներ դատարանում, իսկ այդ անձինք՝ մեղադրյալի աթոռին, Կարեն Ալավերդյանի դեպքը գուցե չլիներ: Բայց այս լռությունը նրանք [գնահատում են որպես] լուռ հովանավորություն», – նշել է է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
Ընդամենը 20 օր առաջ նա և նրա գործընկերները ասուլիս էին հրավիրել, որ պատմեն Կենտրոնի բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի խոշտանգման մանրամասները։ Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին՝ «խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով։
տե՛ս Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները
Բռնություն գործած ոստիկանները, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, շարունակում են պաշտոնավարել։
«Կարեն Ալավերդյանի դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել է ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով): Այս հոդվածը բավարար չէ։ ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է 7-12 տարի, [ենթադրում է նույն գործողությունը՝] կատարված մի խումբ անձանց կողմից: Կարեն Ալավերդյանի հաղորդման մեջ գրված է, որ իր նկատմամբ մի քանի հոգով են բռնություն կիրառել: Կա 441-րդ հոդվածի խնդիր՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, այն նույնպես, եթե կատարվել է հատուկ միջոց օգտագործելով, 4-8 տարի ազատազրկում է: Ապօրինի ձերբակալելը՝ 478-րդ հոդված։ Փաստաբանին, հիշեցնենք, նաև ապօրինի ձերբակալել են: Փ
աստաբանին չի թույլատրվում խուզարկել, նա մտել է ոստիկանության բաժին՝ իր վստահորդին պաշտպանելու, ներկայացել է որպես փաստաբան և ոստիկանության ծառայողները նրան ընկալել են որպես փաստաբան, բայց դրանից հետո բռնություն կիրառելու ընթացքում և հետո ձերբակալել ու խուզարկել են», – մանրամասնել է Զոհրաբյանը՝ շեշտելով՝ կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չեն տալիս հեռախոսով մտնել, այս արգելքը և՛ս պետք է հանվի:
Վաղը փաստաբանները կշարունակեն աշխատանքը։ Եթե իրենց բարձրացրած խնդիրներին լուծում չտրվի՝ կդիմեն նաև այլ միջոցներին։