Տավուշի մարզի Բերդ քաղաքի մի խումբ առևտրականներ ու բնակիչներ այսօր զանգահարել են Epress.am-ի խմբագրություն և տեղեկացրել, որ իրենց քաղաքում գործող հարկայինի կառույցը տեղափոխել են Իջևան, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունն ու անհանգստությունը:
Առևտրականներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Բերդից դեպի Իջևան տանող ճանապարհները վթարային և սողանքի վտանգ ունեցող ճանապարհներ են, իսկ մարզային 60 կմ երկարությամբ ճանապարհով իրենցից երկու ժամ է պահանջվելու, որպեսզի հարկայինի հետ կապված ամենափոքր հարցի համար Բերդից հասնեն Իջևան:
Նրանք նաև վստահեցրել են, որ իրենք տեղյակ են, որ Բերդում գործող կադաստրի կառույցը և հինվանդանոցը ևս տեղափոխելու են Իջևան: Համապատասխան մարմիններն առևտրականներին ասել են, որ դա արվում է, որպեսզի հաշվետվությունները այսուհետ ներկայացվեն էլեկտրոնային եղանակով:
Առևտրով զբաղվողները, սակայն, թերահավատորեն են վերաբերվում այդ խոստումներին և չեն կարծում, որ Ադրբեջանին սահմանակից Չինարի գյուղում կարող է գործել հաշվետվություններ ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:
Բերդի բնակիչների խոսքով` նրանք չեն հասկանում, թե որն է այս տեղափոխման իրական պատճառը: Նրանցից մեկն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ հիվանդանոցն էլ, որը ցանկանում են տեղափոխել, նորմալ չի գործել, և հիմնականում հիվանդներին ուղեգրերով ուղարկել են Իջևան կամ Երևան: