Home / Հայաստան / Հարավային Օսիայի նախկին նախագահի թեկնածուի համակիրները պատրաստվում են նրա երդման արարողությանը

Հարավային Օսիայի նախկին նախագահի թեկնածուի համակիրները պատրաստվում են նրա երդման արարողությանը

Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի կողմնակիցները հայտարարել են իրենց «ընտրված նախագահի» երդման արարողության օրն ու ժամը: Ջիոևայի համակիրները չեն ցանկանում ընդունել  Ցխինվալիի Գերագույն դատարանի` ընտրությունների արդյունքները չեղյալ  հայտարարելու մասին որոշումը:

«Հարավային Օսիայի ժողովուրդը քվեարկել է Ջիոևայի օգտին, այդ իսկ պատճառով, մենք երդման արարողության օր ենք նշանակում, այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` 14:00-ին»,- ասել է նախընտրական շտաբի ղեկավար Միխայիլ Խանիկաևը` ելույթ ունենալով Ցխինվալիում դեկտեմբերի 4-ին կայացած հանրահավաքին: Նա չի հստակեցրել, թե երբ և որտեղ է տեղի ունենալու երդման արարողությունը:

Ավելի վաղ նա հայտնել էր «ՌԻԱ Նովոստիին», որ երդման արարողությունը պետք է անցկացվի Ցխինվալիի հրապարակներից մեկում, որտեղ կարող են հավաքվել Ջիոևայի ավելի քան 10,000 համակիրներ:

Կիրակի հանրահավաքի մասնակիցները նաև դիմել էին միջազգային հանրությանը և պահանջել միջամտել իրավիճակին:

«Հաշվի առնելով այն, որ քաղաքական ճգնաժամը կարող է ապակայունացնել իրավիճակը ողջ Կովկասում, մենք խնդրում ենք ձեզ անմիջապես միջամտել` իրավիճակի կայունացման և սահմանադրական կարգի վերահաստատման համար»,-ասված է ՄԱԿ-ին, եվրախորհրդարանին և մի շարք երկրների ղեկավարություններին ուղղված դիմումի մեջ:

Հիշեցնենք, որ Ալլա Ջիոևան նախագահական ընտրությունների արդյունքում դուրս էր եկել երկրորդ փուլ` դեմ դուրս գալով իշխանությունների թեկնածու Անատոլի Բիբիլովին: Նախնական տվյալների համաձայն` Ջիոևան հաղթում էր:

Սակայն հանրապետության Գերագույն դատարանը, որին դիմել էր Բիբիլովը, չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները` փաստելով, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել:

Ընդդիմության թեկնածուն դրանից հետո հայտարարել էր, որ ինքն իրեն ընտրված նախագահ է համարում և չի պատրաստվում զիջել իր հաղթանակը: