Home / Հայաստան / Խաբված մարդիկ չեն հուսահատվելու նախագահականի անտարբերության պատճառով

Խաբված մարդիկ չեն հուսահատվելու նախագահականի անտարբերության պատճառով

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող Բուզանդ, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը շարժվել են նախագահական նստավայր` շարունակելու օրեր առաջ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց սկսած նստացույցը:

«Մենք կրկին եկել ենք Բաղրամյան 26` ակնկալելով ստանալ մեր հարցի պատասխանը, բայց որքան հասկացանք, այստեղ մեզ ոչ ոք չի սպասում: Եթե առաջին օրերին նախագահականից ձևական կերպով մեկ-երկու հոգի մոտեցան ու հարցեր տվեցին, ապա այսօր մենք լիովին արհամարված ենք: Նախագահականում ոչ ոք չի մտածում` մենք աշխատանք ունենք, անչափահաս երեխաներ և չենք կարող օրերով գալ ու սպասել, թե երբ կբարեհաճեն մեզ պատասխանել կամ ուշադրության արժանացնել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Մարիաննա Ամիրջանյանը:

Նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու և պատկան մարմիններից դրական պատասխան չստանալու դեպքում իրենք պատրաստ են կտրուկ քայլերի դիմել:

Ժամը 16.30-ի դրությամբ նրանք դադարեցրել են իրենց բողոքի ակցիան` վաղը կրկին վերադառնալու նպատակով:

«Վաղը  գալու ենք նախագահական նստավայր ու տեղում որոշելու ենք հետագա անելիքները: Թող չմտածեն, թե հիասթափվելու ենք կամ, անուշադրության մատնված լինելով, աստիճանաբար հետ ենք կանգնելու պայքարի մտքից: Մենք ենք մեր իրավունքների տերն ու  պաշտպանը, թող  իշխանությունները չփորձեն մեզ համոզել կամ տարիներ շարունակ տված սուտ խոստումներով ժամանակ շահել, բավական է, մինչև կոկորդներս կուշտ ենք», – եզրափակել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:

Հիշեցնենք, որ 2006 թվականին վերոնշյալ փողոցներում բնակվող բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: