Home / Հայաստան / «Հաղթեցինք բոզիտղության կանխավարկածին». Նիկոլ Փաշինյանը` Մարտի 1-ի մասին

«Հաղթեցինք բոզիտղության կանխավարկածին». Նիկոլ Փաշինյանը` Մարտի 1-ի մասին

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր խմբագրականը սկսել է «Այսօր Մարտի 1-ն է» բառերով: Փաշինյանի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր Մարտի 1-ն է։ Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել։ Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ։ Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ։

Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն՝ հիմա և անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր։ Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ։ Եվ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ։ Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ։ Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետև հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել։ Շարադրության ոճով ասած՝ այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր։ Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ։

Սա նշանակում է, որ բաղձալի փոփոխությունների դռնից չկարողացանք ներս մտնել, բայցև կարողացանք այնպես անել, որ այդ դուռը չփակվի։ Եվ սա տեղի ունեցավ մի պարզ թվացող գործողության արդյունքում, առավոտյան ցույցը ցրեցին, բայց մի քանի ժամ անց` նորից հավաքվեց։ Հարձակվեցին՝ պաշտպանվեց։ Կրակեցին՝ ընդվզեց։ Ուզում եմ հիշեցնել, որ Մարտի 1-ի ցույցը, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցույցը ոչ ոք չի ցրել, Ռոբիկի ձեռքերը չեն հասել այդ ցույցին, այդ ցույցը պաշտպանել է ինքն իրեն, այդ ցույցը կանգնել է մինչև վերջ…

Չեմ ուզում ասել, ոչ էլ ուզում եմ մտածեք, որ Մարտի 1-ը բարոյական հաղթանակ էր։ Մարտի 1-ին անզեն քաղաքացիների մեր բանակը պարտվեց ավտոմատավոր հրոսակներին, սափրագլուխներին, բանակին, օլիգարխիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը։ Ոչ թե նրանց` առանձին-առանձին, այլ նրանց ձևավորած դաշինքին, նրանց ամբողջությանը։ Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց հաղթեցինք ինքներս մեզ, հաղթեցինք բոլոր նրանց, ովքեր իրենց բոզիտղությունը բացատրում են երեխա պահելու իրենց առաքելությամբ։ Մենք հաղթեցինք բոզիտղության կանխավարկածին և մեր երեխաներին դրինք որբ մեծանալու սպառնալիքի տակ։ Գիտակցաբար, որովհետև մտածեցինք, որ ավելի լավ է մեր երեխեքը հեր չունենան, քան ապրեն վախկոտի թուլա լինելու անջնջելի խարանով։

Մենք մեր կանանց դրինք այրիանալու սպառնալիքի տակ ու լավ արեցինք, որովհետև մտածեցինք, որ ավելի լավ է մեր կանայք կողակից չունենան, քան որպես կողակից ունենան որձի իրենց իրավունքը մի դուրսպրծուկ բոզի տղու զիջած ներքինիների։

Մարտի 1-ին մենք կրեցինք մեր հերթական պարտությունը, բայց կռեցինք մեր կյանքի ամենափառապանծ հաղթանակը` պարտվելու դուխ ունենալու բերկրանքը վայելեցինք։ Ու Մարտի 1-ի քաղաքացին էսօր կրկին էստեղ է, ու մենք բոլորս դեռ կլսենք նրա մասին։ էսօր Մարտի 1-ն է»։