Դերնայից տարհանել են ողջերին. երկիրը կիսված է
Լիբիայի արևելքում «Դանիել» փոթորկի զոհերի թիվը հասել է 11 հազար 300-ի։ Նավահանգստային Դերնա քաղաքից տահանվել են բոլոր ողջ մնացածները, փրկարարները և ոստիկանները մաքրում են ցեխը, ավերված շենքերը և հավաքում զոհերի աճյունները։ Հայտնաբերված մարմինները թաղվում են Դերնայից դուրս գտնվող զանգվածային գերեզմաններում: Աղետը տեղի է ունեցել այս շաբաթասկզբին՝ հորդառատ անձրևների և հաջորդած հեղեղների հետևանքով փլուզվել են երկու (վթարային) ամբարտակները, քաղաքի զգալի մասը մնացել է ջրի տակ: Աղետի հիմնական պատճառը հենց ամբարտակների փլուզումն է՝ դրանց շինարարությունը ընթացել է խախտումներով, պատշաճ վերանորոգում չի արվել։ Փորձագետների գնահատմամբ՝ քաղաքային շրջաններից շատերը կարող էին վերապրել այս աղետը, եթե շենքերը կառուցվեին նավահանգստային բնակավայրերի քաղաքաշինական նորմերին համապատասխան։ Իրական կորուստների կարող են գերազանցել Կարմիր խաչի հրապարակած տվյալները։ Դերնայի քաղաքապետ Աբդուլմենամ Ալ-Հայիթը խոսում է շուրջ 20 հազար զոհերի մասին։ Հազարավոր մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում։ Ծովից ամեն օր նոր մարմիններ են տարհանում։ Բազմաթիվ կյանքեր հնարավոր կլիներ փրկել, եթե Լիբիայի հակամարտող երկու վարչակազմերը ադեկվատ գնահատեին վտանգները, վերանորոգեին վթարված ամբարտակները կամ գոնե օպերատիվորեն արձագանքեին շաբաթվա սկզբին տեղի ունեցած ողբերգությանը՝ հայտարարել են ՄԱԿ-ից։ Ավելի քան մեկ տասնամյակ է՝ Լիբիան պառակտված է երկու «կառավարությունների», պարբերաբար էսկալացվող ներքին հակամարտությունների և արտաքին միջամտությունների պատճառով։ մարդածին աղետ Տրիպոլիում տեղակայված վարչակազմը ընդունել է՝ մասշտաբային աղետի պատճառներից մեկը քաղաքական անկայությունն ու թուլացած պետական ինստիտուտներն են։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Համաճարակաբանները զգուշացնում են՝ աղտոտված ջրի պատճառով երկրում ինֆեկցիոն հիվանդություններ են տարածվելու։ Արդյոք պետությունը կկարողանա կառավարել աղետի հետևանքները՝ պարզ չէ։ Լիբիան չոր կլիմա ունի, առատ տեղումներ այստեղ հազվադեպ են լինում։ Երկրի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, կիրակի օրը Դերնայում ռեկորդային՝ մոտ 400մմ տեղումներ են եղել (սովորաբար ողջ սեպտեմբերի ընթացքում այս ցուցանիշը չի գերազանցում 1․5 միլիմետրը)։ Կլիմայական փոփոխությունները ազդում են ողջ տարածաշրջանի վրա։ Անցյալ շաբաթ նույն՝ «Դանիել» փոթորիկը մեծ ջրհեղեղներ է բերել նաև Հունաստանում և Թուրքիայում։ Կանխատեսվում է, որ փոթորիկները կարող են կրկնվել։ Դերնայի ամբարտակները կառուցվել են 1973-77 թվականներին՝ հնացած նորմատիվներով։ Անցյալ տարի էլ հիդրոլոգները նախագզուշացնում էին՝ ամբարտակները հրատապ վերանորոգման կարիք ունեն։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում դրանք չեն նորոգվել՝ երեքշաբթի օրը հայտարարել էր Դերնայի փոխքաղաքապետ Ահմետ Մադրուդը։ Դրանք վթարային վիճակում էին։ Փորձագետները ենթադրում են, որ հնացել են նաև երկրի՝ վաղ ահազանգման համակարգերը և արտակարգ իրավիճակներին արձագանքելու պրոտոկոլները։ Ավելի վաղ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել էր, որ փորձել է աջակցել լիբիական իշխանություններին՝ օդերևութաբանական համակարգերը արդիականացնելու հարցում, «բայց այդ ջանքերը ձախողվել են կազմակերպության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող հանգամանքների պատճառով»։ որբացած արևմուտք 1969-ի հեղափոխությունից, 2011-ին մեկնարկած քաղաքացիական պատերազմից, Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո էլ քաղաքացիական բախումները երկրում շարունակվել են։ 1969 թվականից Լիբիայի արևելյան շրջանները գրեթե զրկվել են ներդրումներից։ Արևելքում գնդապետին Կադդաֆիին չէին սիրում, սեփական իշխանության համար բազա ստեղծելիս՝ նա հիմնվում էր ավելի շուտ Լիբիայի արևմուտքում ապրող խմբերի վրա, որոնց էլ հասնում էր պետական սուբսիդիաների զգալի մասը։ Կադդաֆիից հետո էլ իրավիճակը չի բարելավվել։ Արդեն տասը տարուց ավել է՝ Լիբիայում երկու «կառավարություն» կա, մեկը՝ արևելքում, մյուսը՝ արևմուտքում։ Կադդաֆիին գահընկեց անելուց հետո՝ 2011-ից, Լիբիայում իշխանության համար մի քանի խմբավորումներ են պայքարում։ 2014-ին՝ բևեռների միջև զինված բախումներից հետո, երկրում երկու զուգահեռ վարչակազմ է ձևավորվել։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված և Արևմուտքի հովանավորությունը վայելող կողմը՝ Տրիպոլիի Ազգային միասնության կառավարությունը գլխավորում է վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհը։ Նա պաշտոնի է անցել 2021 թվականին՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ կայացած համաձայնության հիման վրա, ըստ որի՝ մի քանի ամսվա ընթացքում երկրում համընդհանուր ընտրություններ պետք է կայանային։ Այդ ընտրությունները, սակայն, առ այսօր տեղի չեն ունեցել։ Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհը, Anadolu Agency Մյուս բևեռը՝ Ներկայացուցիչները պալատը, տեղակայված է Տոբրուկում՝ Տրիպոլիից մոտ մեկ հազար կիլոմետր հեռավորության վրա։ Տոբրուկի վարչակազմը վերահսկում է Լիբիայի արևելյան շրջանները և հարավայի տարածքի մի մասը (հիմնականում անմարդաբնակ անապատներ)։ Այսպես կոչված Ներկայացուցիչների պալատը գլխավորում է վարչապետ Ուսամա Համադը, որի նստավայրը Բենգազում է։ Շատերը կարծում են, որ արևելքի իրական իշխանը, սակայն, գեներալ Խալիֆ Խաֆթարն է, որը առաջնորդում է Լիբիայի ազգային բանակ անվանումը կրող հզոր աշխարհազորը։ Նրան աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։ Իսլամիստ զինյալների կողմից գրավված Դերնա քաղաքը 2014 թվականին պաշարվել էր Խաֆթարի բանակի կողմից։ 2018-ին նավահանգստային քաղաքը անցել էր նրա վերահսկողության ներքո։ գեներալ Խալիֆ Խաֆթարը, AFP Լիբիան մեծ և հարուստ երկիր է՝ համամետաբար փոքր բնակչությամբ։ Քաղաքացիական երկարամյա պատերազմի, զինված բախումների հետևանքով ենթակառուցվածքների զգալի մասը խաթարվել են, ինստիտուտները՝ թուլացել։ Երկու վարչակազմերից և ո՛չ մեկը ի վիճակի չէ ստանձնել երկրի ամբողջական կառավարումը, նրանք ավելի շատ հետաքրքրված են սեփական իշխանությունը վերարտադրող զինված խմբավորումներ ստեղծելով և ֆինանսավորելով։ Երկնագույնով՝ Տրիպոլիի Ազգային միասնության կառավարության, դեղինով՝ Ներկայացուցիչների պալատի, կանաչով՝ այլ զինված խմբավորումների կողմից վերահսկվող տարածքները
«Պատերազմը չի ավարտվել». Ամերիկան հեռու է, Ռուսաստանը՝ մոտիկ
Վաշինգտոնը չի հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ ամերիկյան Սենատում երեկ հայտարարում էր Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներ էին հրավիրել։ Նիստը բացել էր հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը․ «Խանութների դարակները դատարկ են, շտապօգնության մեքենաները բենզին չունեն, վիժումների թիվը եռապատկվել է, ըստ BBC-ի ռեպորտաժի՝ մահերի մեկ երրորդի պատճառը թերսնումն է»։ Սենատորների հարցերին պատասխանում էր Պետդեպի ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Ի՞նչ է անում Միացյալ Նահանգները՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը և «զանգվածային սովամահությունը» կանխելու համար; ինչո՞ւ գործադիրը չի քննարկում 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը (որով արգելվում օգնություն ցուցաբերել Ադրբեջանին) վերականգնելու հարցը; ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարտադրել բացել Լաչինի ճանապարհը և այլն։ Ամերկյան կողմը Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ՝ պատասխանում էր Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան։ Առաջինը՝ Լաչինի միջանցքը պետք է անվերապահորեն և անհապաղ բացվի: «Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ <...> Այս հարցում ստատուս քվոն մեզ համար բացարձակ անընդունելի է։ <...> Մենք կանգ չենք առնի, մինչև լուծում չգտնենք, այդ միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության, բեռների փոխադրության և մասնավոր երթևեկության համար։ <...> անմիջականորեն ներգրավված ենք, որպեսզի առաջ մղեն Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միաժամանակ բացումը։ Նախագահ Ալիևը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտնել են, որ համաձայն են այս պայմանավորվածությանը։ Այդ պայմանավորվածությունը այլևս չպետք է հետաձգվի», - հայտարարում էր պետքարտուղարի տեղակալը։ Միացյալ Նահանգները, ըստ նրա, «չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»․ «Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - ասում էր Քիմը։ Լսումներին ավարտին հարց է հնչել՝ ինչո՞ւ է Ալիևն անտեսում կոչերը և փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի ցանկանում դիմել ավելի կոշտ քայլերի՝ քննարկել անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Քիմը պատասխանել է, թե գերադասում է այդ մասին չխոսել բաց լսումներում։ Մինչ այս Վաշինգտոնից տեղեկացրել էին՝ ալիևյան ռեժիմի դեմ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունեն։ կոնտեքստից Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման ֆոնին Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում հետզհետե աճում է։ Մոսկվան սա մեկնաբանում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված քայլ, Երևանը շեշտում է՝ կարգավորման գործընթացում տարբեր դերակատարներ են ներգրավված, մենաշնորհ այդտեղ ոչ ոք չունի, Հայաստանը ներգրավված է բոլոր միջնորդական հարթակներում։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջերս հրապարակային լարում է նկատվում՝ Երևանը խոսում է ռուսական կողմի դաշնակցային պարտավորությունների, ռազմական պայմանագրերի չկատարման, եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների փաստացի չեղարկման մասին։ Ռուսաստանից ի պատասխան հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց Հայաստանն է, որը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և փաստացի փակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման։ Եվ չնայած ռուսական առաջարկները՝ առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, անցյալ տարի կտրականապես մերժվել էին (ոչ թե հայկական, այլ) ադրբեջանական կողմից, պաշտոնական Մոսկվան այդ առաջարկի տապալման բեռը դնում է Երևանի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս արձագանքել էր՝ եթե չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատերազմը կանխել չէր լինի. «2022 թ․ օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան է բերել ՌԴ առաջարկությունը, ըստ որի՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան է եկել սեպտեմբերին… սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն, ՀՀ-ի գրավոր եւ բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ եւ պայմանագրով սահանված պարտավորությունները, չեն արձագանքել: …Հոկտեմբերի 6-ին Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է ՀՀ տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը»: մեկնաբանություն Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ չնայած լրատվական ֆոնին, Հայաստանի հարաբերություններն այսօր ավելի բարդ են ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ․ «Իտալական եւ ամերիկյան պարբերականներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցների բովանդակությունն ու շեշտադրումները հուշում են, որ այսօր Հայաստանը շատ ավելի բարդ հարաբերության մեջ է այսպես ասած Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ: Ի՞նչն է այդ բարդ հարաբերության «հիմքում»: Այն, որ Հայաստանը փորձում է հնարավորինս նրբորեն առարկայացնել Արեւմուտքի պատասխանատվությունը անվտանգության մեր միջավայրի համար, իսկ Արեւմուտքը չի ուզում դա: Արեւմուտքն ուզում է ունենալ հնարավորինս շատ ներկայություն եւ հնարավորինս քիչ պատասխանատվություն, այդ կերպ լինելով հեռվի խաղացող եւ միաժամանակ դրա՝ նվազ պատասխանատվության շնորհիվ առավել անբռնազբոս լինելով ռեգիոնալ խաղացողների հանդեպ: Այդ իսկ պատճառով, որքան Հայաստանը ցույց տա, որ պատրաստ է ընդհուպ Ռուսաստանի դժգոհությունը հարուցելով կատարել արեւմտյան օրակարգին համահունչ քայլեր, այդքան Արեւմուտքը պահանջելու է ավելին: <․․․> Պահանջելու է՝ լավ իմանալով, որ Հայաստանի համար այդ ռետինը չունի անվերջ առաձգականություն, եւ Երեւանը կամ ինչ որ կետում դադարելու է ձգել, կամ ռետինը կտրվելու է, սակայն ցավոտ հարվածը զգալու է միայն Հայաստանը: Արեւմուտքի առավելությունն այստեղ պատասխանատվության հնարավորինս նվազ եւ ընդհանրական, այսպես ասած վերացական հանգամանքն է: Որքան պատասխանատվությունն առարկայանա, այնքան այդ առավելությունը նվազելու է, որովհետեւ այս ռեգիոնի առնչությամբ որեւէ մեկ առանձին վերցրած ուժի համար անվտանգության միջավայրի պատասխանատվություն ստանձնելը անհնարին է, առավել եւս, եթե խոսքն արտառեգիոնալ ուժի մասին է: Դա նաեւ պատճառը, որ բավականին աշխույժ միջնորդելով Հայաստանի եւ Բաքվի միջեւ, Վաշինգտոնն այդուհանդերձ առավելագույնն է անում որպես միջնորդ պատասխանատվությունից հեռու մնալու համար եւ հայտարարում, թե ինքը ընդամենը պայման է ստեղծում երկու կողմի ուղիղ խոսակցության համար: Հայ հանրության մի մեծ մասի հետ այս թեմայով խոսակցությունը թերեւս անիմաստ է, որովհետեւ մարդկանց գնահատումները հիմնականում կաղապարվել են արեւմտամետ-ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուսական «չափանիշների» շրջանակում: Իշխանության համար սա խնդիր է, բայց, ըստ ամենայնի հաշվարկում է, որ ավելի դյուրին է թերեւս ձգտել օգտվել թեկուզ խնդրահարույց այդ կաղապարումների միջավայրից, քան աշխատել այդ միջավայրը փոխելու ուղղությամբ, ինչը կարող է նույնիսկ ռիսկի ենթարկել սեփական իշխանությունը: Այդ իրավիճակի փոփոխությունը թերեւս ենթադրում է մի կարեւոր պայման՝ չհավակնել իշխանության, կամ այդ հավակնությունից բխող ֆինանսական հոսքերի այս կամ այն «խնամակալության»: Դա չափազանց բարդացնում է խնդիրը, առավել եւս այսօրվա հասարակական-տնտեսական հարաբերությունների պայմաններում, որոնք ինքնին ճնշում են ցանկացած անշահախնդրության հանդեպ: Առավել շահեկան եւ գերադասելի է համակարգչի կամ հեռախոսի առաջ նստած, մատների մեկ-երկու շարժումով կամ մեկ-երկու մատների շարժումով տիեզերակալ լուծումներ երկնելը: Այդպիսի ցանկացած լուծում անկասկած կգտնի երկրպագուների իր բանակը», - գրել էր Բադալյանը։
Մյուս տարվանից բանակը կհավասարեցնի նաև կանանց
Կանանց առաջին զորակոչը նախատեսվում է 2024 թվականի ձմռանը, բայց պաշտպանության նախարարությունը ավելի մեծ ակնկալիքներ ունի․․․
Սերժ Սարգսյանի դեպի կազինոներ թռիչքներն օրինական են ճանաչվել
Քրեական գործը կարճվել է
Ալեքս Ավանեսյանը տան միակ զավակն էր․ հայկական բանակը շարունակում է սպանել
Վերջին մեկ ամսում հայաստանյան Զինված ուժերում արդեն 9-րդ ոչ մարտական մահն է գրանցվում...
Գերմանական մետալ խմբին վախեցրել է Հայաստանում տիրող իրավիճակը
Գերմանիայի արտգործնախարարության հետ «խորհրդակցելուց» հետո Lord of the Lost մետալ խումբը չեղարկել է երևանյան համերգը՝ վկայակոչելով «Հայաստանում վերջերս տիրող քաղաքական իրավիճակով պայմանավորված ճամփորդական նախազգուշացումը»։ Խումբը չեղարկել է նաև թբիլիսյան համերգը, քանի որ ընդամենը մեկ շոու անելը չափազանց ծախսատար է և լոգիստիկ խնդիրներ է ստեղծում։ Epress.am-ի հարցին՝ արդյո՞ք պաշտոնական Բեռլինը սեփական քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան այցելելուց, Գերմանիայի դեսպանատնից բանավոր պատասխանել հրաժարվեցին։ Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակման ֆոնին Գերմանիայի արտաքին գերատեսչությունը մասնակի ճամփորդական նախազգուշացում է հրապարակել (նախազգուշացումը թարմացվել է սեպտեմբերի 13-ին), որով Գերմանիայի քաղաքացիներին հորդորում է զգուշանալ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանակցող շրջաններ այցելելիս, հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցերից և հաշվի առնել, որ սահմանային շրջաններում ռազմական բախումների վտանգը բացառված չէ։ Մասնակի նախազգուշացման մեջ խոսվում է նաև Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցերի հավանականության մասին։ Միացյալ Նահանգների, Գերմանիայի և արևմտյան որոշ այլ երկրների դեսպանատները «ճամփորդական նախազգուշացումներ» են հրապարակում հիմնական ռազմական բախումների կամ ներքին անկայությունների վտանգի դեպքում։ Նման նախազգուշացումներ նախորդել են տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր էսկալացիաներին։
Երևանյան դատարանը հետաձգել է չեչենին ՌԴ-ից փրկելու մասին որոշումը
Հայաստանից պաշտպանություն հայցող ռուսաստանցի Սալման Մուկաևի գործով արդեն երկրորդ դատական նիստը հետաձգվում է․ դատավորը պահանջում է տրամադրել Եվրախորհրդի՝ Ռուսաստանի Դաշնությանը առնչվող և 2020 թվականին հրապարակված զեկույցի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածի լիցենզավորված թարգմանությունը։ Նախորդ նիստին դատավորը Ռուսաստանում բռնաճնշումների մասին զեկույցներ, Մուկաևի հետապնդումը և Հայաստանում նրա գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր էր պահանջել։ Դատարանը փաստացի հաշվի էր առել պաշտպանի փաստարկը՝ ՌԴ-ում Սալմանին մահացու վտանգ է սպառնում, Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում, նրա արտահանձնումը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Պաշտպանական կողմը՝ ՓԻՆԿ Արմենիա կազմակերպության փաստաբան Հասմիկ Պետրոսյանը, պահանջում է Մուկաևին փախստականի կարգավիճակ տալ։ Քանի դեռ գործը դատարանում է, նրան արտահանձնել չեն կարող։ Սալման Մուկաևը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։ Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։ մանրամասները՝ Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել Դատ․ Հայաստանում փորձում են փրկել չեչեն տղամարդուն
Զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզչությունում պարտադրված ներգրավումից
Ցանկացած գործողություն, որն ուղղված է լինելու մտքի ազատության, խաղաղ հավաքների մասնակցության իրավունքի իրացմանը պետք է․․․
Միանգամյա օգնությունը չի նշանակում հայերի ապաշրջափակում. Բաքվից
Բաքվից հորդորում են հումանիտար ակցիան շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ
Ծնողներից գումար են հավաքում Երևանի ավագանու ՔՊ թեկնածու տնօրենի համար
Պետք է նվերներ ստանա ոսուցիչների տոնին, ծննդյան օրվա կապակցությամբ և մարտի 8-ին։ Ավարտական դասարանները պետք է նաև «սեղան գցեն»։
Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին
Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել, «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին ընտրում էր խորհրդարանը։ ԼՂ Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ իշխող ուժը, նախագահի պաշտոնում առաջադրել էին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ունեցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի (նաև Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի) հետ։ Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Միասնական հայրենիքը» առաջադրել էր ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց առաջադրման դիմումը չէր ընդունվել։ Բաբայանի թիմակիցները հանրահավաք էին հրավիրել, որը հետագայում չեղարկվել է։ «Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։ Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»», - տեղեկացրել է Սամվել Բաբայանը։ Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։ Բաքուն, Անկարան և Կիևը դատապարտում են, Բրյուսելը չի ճանաչում Նոր նախագահի ընտրությունը դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարությունները։ Եվրամիությունը հայտարարել է՝ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Բաքուն հայտարարել է, թե «այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»: Անկարայից հավելել են՝ ընտրությունները «լեգիտիմ չեն», «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը», դրանք «անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները» և նպատակ ունեն «խաթարել այդ փորձերը»։ Կիևը աջակցություն է հայտնել Ադրբեջանին․ «Դատապարտում ենք այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում», դրանք «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», «արդյունքներն առ ոչինչ են»։ Եվրամիությունից հայտարարել են՝ ընտրությունների իրավական շրջանակը չեն ճանաչում, բայց և «հավատում են, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին»։ Նոր նախագահն ինչ-որ բաներ է առաջարկում Թե ինչո՞ւ պաշարված Լեռնային Ղարաբաղի նախագահը որոշել հրաժարական ներկայացնել, ի՞նչ է փոխելու նոր նախագահի ընտրությունը, ինչո՞վ է պայմանավորված ճգնաժամային այս իրավիճակում իշխանափոխություն անելու որոշումը՝ պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե հոժարակամ է հեռացել։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ նախկին նախագահը հրաժարական է տվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, նրանց աջակցող ուժայինների և կուսակցությունների ճնշման ներքո։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել Նոր վարչակազմը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացնում։ Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելում։ Բաքվի կարճաժամկետ նպատակն է՝ Ղարաբաղի ենթակառուցվածները կապել Ադրբեջանին, գործարկել Աղդամի ճանապարհը։ Եկարաժամկետ նպատակը հարկադիր հպատակեցումն է՝ «ինտեգրացիան»։ Ստեփանակերտում այս հեռանկարը մերժում են։ տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը Նոր նախագահն խորհրդարանում այսօր ելույթ է ունեցել և հայտարարել․ — Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, — Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, — այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: — Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն, — ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, — Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: Թե ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը հասնելու նախագահի հռչակած սկզբունքների իրագործմանը՝ պարզ չէ։ Բաքուն նույնիսկ երրորդ երկրի/երկրների երաշխավորությամբ բանակցություններն է կտրականապես մերժում՝ սպառնալով ռազմական գործոնով։ Վերջին օրերին Ադրբեջանը մեծաթիվ զորք և զինուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով։ Հայկական կողմերը ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի է նախապատրաստվում։ տե՛ս Զորքերի կուտակումների մասին Երևանից զանգում են Հայաստանի կառավարությունը նախագահի ընտրությունները չի մեկնաբանել, փոխարենը հաղորդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Ֆրասիայի նախագահի, Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի հետ։ Դատելով հաղորագրություններից, քննարկումները հիմնականում «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման», «իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության», «սահմանին լարվածության աճի միտումների», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ են եղել։
Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվան առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը
Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Հայաստանից օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, եթե միևնույն ժամանակ այնտեղ մտնի նաև Կարմիր մահիկի օգնությունը՝ «Ռոյթերսին» ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա, Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը կարող են բացվել միաժամանակ՝ որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և առաջ մղել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։ Արդեն երրորդ ամիսն է՝ Լեռնային Ղարաբաղը ամբողջապես պաշարված է, նույնիսկ հումանիտար մատակարարումներ չեն իրականացվում։ Իր իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամին Բաքուն արձագանքում է ինտեգրման «առաջարկով»՝ պահանջում է գործարկել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ենթակառուցվածները և ուղիղ հայտարարում՝ մինչև Աղդամի ճանապարհը չգործարկվի, Լաչինը փակ է մնալու։ Ստեփանակերտը Ադրբեջանից բեռնափոխադրումների «այլընտրանքը» մերժում է՝ այն համարելով «բլոկադային» շատնաժի և հարկադիր հպատակեցման քաղաքականության մաս։ տե՛ս Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կողմ են Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հեռախոսազրույցի մասին պրես-ռելիզներ են տարածել թե՛ Երևանը և թե՛ Բաքուն։ Հաղորդագրություններում շարադրվել են կողմերի՝ վերջին շրջանում անընդհատ կրկնվող թեզերը։ Վաշինգտոնը աջակցում է «Լաչինի և մյուս ճանապարհների» միաժամանակ և անմիջապես բացմանը՝ զրույցից հետո հաղորդել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», - Արարատ Միրզոյանի հետ զրույցից գրել է Յուրի Քիմը: տե՛ս Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի «Կառուցողական զրույց այսօր Ադրբեջանի Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար Լաչինի և մյուս ճանապարհներն անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար: Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը», - ասված է Քիմի մյուս գրառման մեջ: Աղդամի ճանապարհի գործարկման և հաջորդիվ Լաչինի միջանցքի վերաբացման օգտին է արտահայտվել նաև Մոսկվան։ Սերգեյ Լավրովը շաբաթներ առաջ առաջարկել էր բացել նախ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ուղին, մեկ օր անց՝ վերագործարկել նաև Լաչինի միջանցքը․ պայմանավորվածությունը, ըստ արտահոսքի, վերջին պահին տապալվել է։ Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատել էր՝ Մոսկվան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ «Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ հարցն անհարկի քաղաքականացնելուց»։ Զախարովան հավելել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հարցի շուրջ նախորդ շաբաթ քննարկումներ է ունեցել Երևանում, այժմ էլ հանդիպումներ է անցկացնում Բաքվում։ վիճակը վատ է Ադրբեջանն արդեն 9 ամիս է՝ այս կամ այլ կերպ շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, զուգահեռաբար՝ հայտարարում, թե ճանապարհը իրականում բաց է։ Հակարիի կամրջին Բաքուն անցակետ է տեղադրել, հունիսի 15-ից՝ արգելել դեպի Արցախ նույնիսկ հումանիտար բեռների մուտքը։ Միջանցքից նույնսիկ ռուս խաղաղապահները չեն կարողանում օգտվել։ Նրանք իրենց համար ներկրումներ են անում ուղղաթիռներով։ Ղարաբաղում այս օրերին սննդի, դեղորայքի և վառելիքի սուր դեֆիցիտ է։ Արդեն մի քանի օր է՝ նույնիսկ հացն է կտրոններով վաճառվում։ Մեկ հոգուն օրական հասնում է 200 գրամ՝ կես մատնաքաշ։ Կառավարությունը հացը կտրոնով է դարձրել, որ կառավարի բաշխումը, լուծի գիշեր-ցերեկ հերթերի հարցը։ Կտրոնով հացն էլ հեշտ չի ճարել՝ միևնույնն է պետք է հերթ կանգնես։ Հերթը ոչ բոլորին է հասնում։ տե՛ս Արցախում ուտելիքը ծանոթով է․ Ոստիկանները ծեծել են բողոքողին Իշխանությունները չեն թաքցնում՝ սննդի և հատկապես հացի խնդիրը սուր է, ալյուրի պաշարներ չկան։ Գյուղաջակցության հիմնադրամը հողօգտագործողներից ցորեն է խնդրում՝ կիլոգրամը 250 դրամով։ Բայց գյուղերի ամբարներում բավարար պաշարներ չկան, շատերի բերքը դաշտում է մնացել։ Սննդի պակասի պատճառով մանկապարտեզները չեն աշխատում։ Հանրային տրանսպորտը վաղուց կանգնած է։ Ղարաբաղից հաղորդում են՝ սովամահության դեպք է արձանագրվել, հիվանդ երեխաների վիճակը շարունակ վատթարանում է, թերսնվածության պատճառով սրվում են առողջական խնդիրներ ունեցող, հղի կանանց խնդիրները։ Լեռնային Ղարաբաղի սահմանները, մինչ այդ, պաշարվում են հումանիտար բեռներով․ Հայաստանից ուղարկված տասնյակ բեռնատարներ լռվել են Լաչինի միջանցքի մուտքի մոտ (Ադրբեջանը նրանց մուտքը Ղարաբաղ արգելում է), Բաքվից ուղարկված բեռնատարերն էլ Աղդամի ճանապարհին են սպասում (ԼՂ իշխանությունները և Ասկերանի բնակիչները փակել են նրանց ճանապարհը)։ տե՛ս Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու Օգոստոսի 31-ին Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել էր․ «Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»։ Ղարաբաղի իրավիճակը նա «աղետալի» էր որակել և տեղեկացրել՝ «այս հարցով վերջին մի քանի օրվա ընթացքում կարծիքներ են փոխանակել ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա հումանիտար օգնությունը»։ Բեռլինի կոշտ հայտարարությունից հետո Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը գործուղվել էր Գերմանիայի մայրաքաղաք։ Deutsche Welle-ի հետ զրույցում Էլչին Ամիրբեկովը կոչ էր արել Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին օգտվել Աղդամի ճանապարհից։ Մինչ այդ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Լաչինի հարցով Ադրբեջանը բավականին մեծ միջազգային ճնշման է ենթարկվում, բայց մտադիր չէ նահանջել։ Միջնորդների ճնշումների մասին էին ահազանգել նաև Ստեփանակերտից․ ղարաբաղյան ուժերի գերակշռող մասը Աղդամի գործարկումը դիտարկում է որպես ինքնավարության վերջ և ուղիղ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ։ տե՛ս Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք․ զրույցներ Ստեփանակերտում վաղը նոր նախագահ են ընտրելու։ ԼՂ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ն, «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։ Նրա թեկնածությանը չի աջակցել միայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մինչ այս Անվտանգության խորհրդի քարտուղար էր։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի հետ։ Վերջիններս հրապարակավ հանդես են գալիս ընդդեմ «նոր զիջումների»։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել