Home / Հայաստան / Եվրո-2012-ի ճանապարհացույց. Տոնի մեկնարկը՝ Վարշավա

Եվրո-2012-ի ճանապարհացույց. Տոնի մեկնարկը՝ Վարշավա

2012 թվականի հունիսի 8-ին միջին եվրոպական ժամանակով 18:00-ին, իսկ Երևանի ժամանակով` 20:00-ին, ֆուտբոլային աշխարհը կթևակոխի նոր փուլ՝ կմեկնարկի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային մրցաշարերից մեկը՝ Եվրոպայի առաջնությունը:

Ինչպե՞ս մասնակից դառնալ Եվրո-2012 կոչվող տոնին: Զբոսաշրջիկների և ֆուտբոլասներների համար մենք խաղ առ խաղ ներկայացնելու ենք Եվրո-2012-ի ճանապարհացույցը:

Խաղ 1-ին. ԼԵՀԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ

Բնական է, որ հունիսի 8-ին կայանալիք մեկնարկային հանդիպման մասնակիցների անուններն այդքան էլ հնչեղ չեն, չնայած, օրինակ, Հունաստանը Եվրո-2004-ի հաղթող է ճանաչվել: Բնական է նաև, որ կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացանում: Այնուամենայնիվ, ներկա լինել առաջնության բացման խաղին՝ նույնպես հետաքրքիր է, և շատերը կցանկանան այդ օրը գտնվել Վարշավայի Ազգային ստադիոնում:

Զբոսաշրջիկի համար, որը հասել է Վարշավա, երկու հիմնական խնդիրներն են հանդիպման տոմսերն ու հյուրանոցը: Երկու դեպքում էլ նա բարդությունների է բախվելու, սակայն անլուծելի խնդիրներ չկան:

ՏՈՄՍԵՐ

Չնայած մրցաշարի բոլոր հանդիպումների տոմսերը, վերջին խոշոր մրցաշարերի օրինակով, նախապես վաճառվում են, դրանց մի մասը ինչ-ինչ ճանապարհներով ձեռք են բերում տոմսերի վաճառքով զբաղվող համաշխարհային խոշոր ընկերությունները, որոնք էլ կազմակերպում են դրանց վերավաճառքը:  Տոմսերը հնարավոր է գնել ինտերնետով. վաճառքով զբաղվողները կլորիկ գումարի դիմաց դրանք կարող են հասցնել Երևան կամ տոմսերը գնորդին փոխանցել անմիջապես Վարշավայում՝ գանձելով 8-ից 10 եվրո:

Ինտերնետային կայքերում առկա տոմսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հունաստանի մասնակցությամբ խմբային մրցաշարի մյուս երկու խաղերի տոմսերն ամենաէժանն են, սակայն բացման խաղի տոսմերի գներն արդեն անցնում են թույլատրելի գնային սահմանները: Օրինակ, ticketcity.com կայքն այս պահին առաջարկում է 2-րդ կարգի տոմսեր 384 դոլարով, livefootballtickets.com կայքը՝ մոտ 450 դոլարով, նույն գնով տոմսեր կարելի է ձեռք բերել liveeurotickets.com կայքից: Առաջին կարգի կենտրոնական տեղերը հնարավոր է գնել 700-ից 1000 դոլարով: Նույն տոմսերն այլ կայքերն ավելի թանկ են առաջարկում:

Եթե չեք ցանկանում բացման խաղի տոմսերի համար նման գումարներ վճարել, կարող եք խաղը դիտել այլ երկրպագուների ընկերակցությամբ քաղաքում տեղակայված երկրպագուների բազմաթիվ կենտրոններում, որտեղ մեծ էկրանների վրա հնարավոր է վայելել ֆուտբոլը: Բարերն ու ռեստորանները նույնպես ֆուտբոլ են հեռարձակում, իսկ տեղ անպայման կլինի՝ հատկապես փակ տարածքներում, քանի որ Եվրոպայում սովորաբար գերադասում են բացօթյա ֆուտբոլ դիտել՝ կանգնած կամ գետնին նստած, գարեջուրը ձեռքին:

ՀՅՈՒՐԱՆՈՑ

Հասկանալի է, որ Եվրո 2012-ի օրերին չափազանց բարդ է հյուրանոց գտնել Վարշավայում՝ հատկապես քաղաքի կենտրոնում: Բայց հնարավորություններ դեռևս կան: Գնային սահմաններն էլ տարբեր են՝ սկսած շքեղ 5-աստղանի «Հիլթոնից», որտեղ գները սկսվում են 500 եվրոյից մինչև մեկ աստղանի 70-80 եվրո արժողությամբ հյուրանոցներ:

Ստադիոնին համեմատաբար մոտ և հարմար տարբերակներ են՝ էկոնոմ կարգի Ibis Stare Miasto հյուրանոցը՝ օրական 95 եվրո 2 անձի համար, Mercure Warszawa Grand Hotel-ը՝ 120 եվրոյի կարգի և 5-աստղանի Le Meridien Bristol Hotel (լուսանկարում), որի գինն է 200 եվրո:

Բոլոր վերոնշյալ հյուրանոցներն այդ գներով հնարավոր է վարձակալել հունիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Բնական է, որ հյուրանոցներով պետք է զբաղվել հենց հիմա, քանի որ առաջնության մոտ տեղերի քանակը կտրուկ նվազելու է, իսկ գները՝ բարձրանալու:

Ի դեպ, Վարշավայի համար հյուրանոցային այդ գները բավական բարձր են ու պայմանավորված են Եվրոպայի առաջնությամբ: Այլ ժամանակ նույն հյուրանոցները հնարավոր կլիներ վարձակալել կես գնով:

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ

Ենթադրենք, վաղօրոք հոգացել եք հյուրանոցների և տոմսերի մասին, ու արդեն Վարշավայում հասցրել եք համտեսել Tyskie կամ Zubr լեհական հայտնի գարեջրերը (այնուամենայնիվ, խորհուրդ կտանք փորձել նաև փոքրիկ գարեջրատներում արտադրվող գարեջուրը), և ժամանակն է ստադիոն գնալ:

Տոմսի առկայության դեպքում քաղաքային տրանսպորտը անվճար կհասցնի նորակառույց Ազգային ստադիոն: Կարող եք ստադիոն մի քանի ժամ շուտ ժամանել՝ սրճարաններ, մարզական խանութներ, Եվրո-2012-ի խորհրդանիշներով վաճառվող տարբեր ապրանքներ, այստեղ իրոք կարելի զգալ ֆուտբոլային տոնի իրական շունչը:

Ի՞նչ է հարկավոր իմանալ Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղի մասին, եթե հանկարծ ցանկանում եք խաղադրույք կատարել: Գոյություն ունի  վաղուց կարծրատիպ դարձած կարծիք՝ մեկնարկային խաղերը միշտ անցնում են համառ պայքարում և հաճախ ոչ-ոքիով են ավարտվում: Եթե նախորդ դարում դրան կարելի էր հավատալ, քանի որ, օրինակ, 1988, 1992 և 1996 թվականների Եվրոպայի առաջնությունների մեկնարկային հանդիպումներում իրոք ոչ-ոքի արդյունքն է գրանցվել, ապա սկսած 2000 թվականից կարծրատիպը սկսում է առասպելային բնույթ կրել:

2000 թվականին բացման խաղում Բելգիան հաղթեց Շվեդիային, 2004-ին Հունաստանը պարտության մատնեց Պորտուգալիային (ի դեպ, այս տարի էլ Հունաստանը խաղում է առաջնության կազմակերպչի դեմ), իսկ 2008 թվականին Չեխիան ուժեղ էր Շվեյցարիայից:

ԹԻՄԵՐԸ

Եվ, վերջիվերջո, ով է ֆավորիտը: Չնայած 2004 թվականին Հունաստանն արդեն կարողացել է մեկնարկային խաղում պարտության մատնել Պորտուգալիային, այնուամենայնիվ, Լեհաստանի հնարավարությունները կարելի է մի փոքր ավելի բարձր գնահատել:

Լեհաստանը չի ունեցել մրցակցային պրակտիկա՝ հայտնվելով Եվրո-2012-ին որպես կազմակերպիչ-երկիր: Դա մի կողմից բացասաբար կարող է ազդել թիմի վրա, սակայն մյուս կողմից՝ այսօր Լեհաստանն անակնկալ կարող է լինել բոլորի համար, քանի որ լեհերի իրական ուժը դժվար է գնահատել: Թիմի կորիզը Դորտմունդի «Բորուսիա» ակումբի եռյակն է՝ Ռոբերտ Լևանդովսկի, Յակուբ Բլաշիկովսկի և Լուկաշ Պիսչեկ: Թե «Բորուսիան», թե այս թիմի լեհերը հիանալի վիճակում են, և ակնհայտ է, որ յուրաքանչյուրն իր գծում՝ Պիսչեկը՝ պաշտպանությունում, Բլաշիկովսկին՝ կիսապաշտպանությունում, Լևանդովսկին (լուսանկարում)՝ հարձակման գծում, կարող են առաջատարներ դառնալ: Հաշվի առնելով, որ դարպասապահի խնդիրն էլ Լեհաստանը լուծել է՝ ի դեմս «Արսենալի» խաղացող Վոյցեխ Շչեսնիի, կարելի վստահ ասել, որ լեհերը խմբում լուրջ մրցակից կլինեն թե’ Հունաստանի, թե’ Չեխիայի, թե Ռուսաստանի համար:

Հունաստանի հավաքականը շատ նման է այն թիմին, որը Եվրոպայի առաջնություն էր ներկայացել թե’ 2004-ին, թե’ 2008-ին, այն է՝ միջին կարգի ֆուտբոլիստներով համալրված կազմակերպված ու պինդ ընտրանի: Նախորդ երկու առաջնություններում հույները միանգամայն տարբեր արդյունքներ են ցուցադրել՝ 2004-ին՝ չեմպիոն, 2008-ին՝ դուրս են մնացել հենց առաջին փուլից: Այնպես որ, նրանց ներկայիս ելույթը կարելի անկանխատեսելի համարել, և հենց առաջին խաղում պարզ կդառնա՝ ինչի են ունակ այսօրվա հույն ֆուտբոլիստները: