Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ, քննարկվել է 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակը և ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերը: Հովիկ Աբրահամյանը առաջարկել է սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները:
Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար է գտել ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը և այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:
Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին՝ մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսևորել միասնական և հետևողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: