Երևանյան «Նեմո» դելֆինարիումի տնօրինությունը շրջագայության պատրվակով առողջական վատ վիճակում գտնվող կենդանիներին՝ դելֆիններին ու փոկերին, դուրս է բերել Հայաստանից` փոխարինելով ուրիշներով: Այս նույն գործընթացը «Նեմո»-ի ղեկավարները կկրկնեն այնքան ժամանակ՝ մինչև մեծ գումարներ կաշխատեն, հետո կփակեն դելֆինարիումն ու Հայաստանից կհեռանան: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոդաշինք» կազմակերպության համակարգող, բնապահպան, Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Սիլվա Ադամյանը:
Նշենք, որ դելֆիանարիումն ապրիլին ժամանակավոր փակվել էր: Ըստ տնօրինության՝ կենդանիները շրջագայության էին մեկնել, սեպտեմբերի 29-ից դելֆինարիումը կրկին վերաբացվել է:
«Վստահ եմ, որ հիվանդ դելֆիններին ու փոկերին տարել են ավելի հանգիստ պայմաններում՝ ծովի ջրերում պահելու, գուցե նրանք դուրս գան այդ վիճակից: Բազմաթիվ անգամ մենք ասել ենք, որ մեր դելֆինարիումի ջուրն անթույլատրելի է կենդանիների համար: Բացարձակ պայմաններ չկան դելֆինարիումում, ու կենդանիները շատ մեղք են: Մեր պրակտիկայում սա նորություն չէ. մենք պարբերաբար լուրեր ենք ստանում տարբեր տեղերից. այս նույն վիճակն է ԱՊՀ –ի ողջ տարածքում», – ասել է Ադամյանը:
Նրա խոսքով՝ բոլոր շահագրգիռ մարդիկ անընդմեջ զբաղվում են այդ խնդրով, սակայն ոչ մի արդյունքի չենք հասնում:
«Անգամ դատարաններն են մերժում մեր հայցը՝ մեզ համարելով ոչ պատշաճ հայցվոր: Մտադրություն կար հիմա էլ դատարան դիմելու, բայց իրավաբանն ասաց, որ մինչև Հայաստանում օրենքը չփոխվի, մեր դատարան տալն ուղղակի անիմաստ է. նույն բանն է լինելու, նորից մերժվելու ենք», – նշել է բնապահպանը:
Ադամյանն ընդգծել է, որ միակ բանը, ինչն այս պահին իրենք կարող են անել՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Օգնենք դելֆիններն» էջն է, ինչի միջոցով փորձ է արվում հանրությանն իրազեկել՝ ինչ է իրականում կատարվում:
«Սա մեր առաջնային խնդիրն է՝ ներգրավել մարդկանց ու տեղեկացնել, թե ինչ է կատարվում մեր դատարաններում: Մեր դատական ատյանները այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ոչ մի կերպ դատարանում դատը շահել չես կարող», -ասել է բնապահպանը:
Բնապահպանը նշել է, որ իրենք ճանապարհներ են փնտրում՝ դելֆիններին օգնելու նպատակով:
«Մենք պահանջել ենք փորձաքննության ենթարկել նոր ներկրված դելֆիններին ու փոկերին, սա մեր ներքին պահանջն է, իրենք էլ կարող են անել, կարող են չանել: Օրենքը թույլ չի տալիս նորից փորձաքննություն անցկացնել, դատարանն ասում է, որ ներկրելու ժամանակ՝ սահմանի վրա դելֆինները մի անգամ անցել են փորձաքննությունն ու փաստաթղթերը կան: Մենք մեկ անգամ էլ դիմելու ենք Բնապահպանության նախարարությանը, ու իրենք պետք է որոշեն՝ կենդանիներին փորձաքննության ենթարկել, բայց կհաջողվի անել՝ համոզված չեմ: Ուզում ենք անկախ փորձագետների հրավիրել դրսից, բայց մեծ գումարներ են հարկավոր: Խնդիրն այն է, որ Հայաստանում ջրային կենդանիների մասնագետներ չունենք, սրանից էլ օգտվում է դելֆինարիան: Սա ամենամեծ խնդիրն է. մենք ԱՄՆ-ից բերեցինք փորձագետների կարծիքներ, որոնք Հայաստանում բացարձակ հաշվի չառնվեցին»,- հայտնել է Ադամյանը:
Նրա խոսքով՝ կենդանիների համար պայքարողները կանգնած են կոտրված տաշտակի առաջ:
«Մնում է՝ գնանք-նստենք դելֆինարիումի առաջ, փակենք ճանապարհը, որ մարդիկ չգնան, բայց այդ պարագայում էլ կգան ոստիկանները, ովքեր միշտ պատրաստ են մեզ դուրս շպրտելու», – եզրափակել է բնապահպանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 10-ն Վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, վերջնական վճիռ կայացնելով, մերժել էր «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդադար» ՀԿ-ների հայցն առ այն, որ Բնապահպանության նախարարության փորձագետները պետք է Երևանյան «Նեմո» դելֆինարիումի շրջակա միջավայրի փորձաքննություն անցկացնեին ու հիմնավորեին Բնապահպանության նախարարության կողմից տրամադրված տվյալները, թե դելֆինարիումին տրամադրված տարածքը 1300 քմ է, այնինչ, ըստ բնապահպանների, իրականում կազմում է 800 քմ: Դատարանում նշվել է, որ հարցը հ/կ-ի շահերին չի անդրադառնում և վճիռը չի կարող բավարարվել: