«ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, «քննիչ» Արմեն Թևանյանը և մյուս աշխատակիցները 1930-ականների մատնիչների, զրպարտիչների թոռներն ու ծոռներն են, որ շարունակում են նրանց կեղտոտ, սև գործերը`դատապարտելով անմեղ մարդկանց»: Հանրությանը ուղղված բաց նամակում այս մասին գրում է պետական դավաճանությանն օժանդակելու հոդվածով 10 տարվա ազատազրկման դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Չտրկյանի մայրը՝ Անահիտ Չտրկյանը:
««Քննիչ» Ա.Թևանյանը ստեղծել էր գործ, որը շատ մակերեսային էր, շինծու, անհիմն: Տեսնելով, որ որդիս անմեղ է և հիմնավորված փաստեր չկան՝ ասել է. «Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ գնացել ես Թուրքիա`աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ «քննիչ» Ա. Թևանյանը չի դատապարտում հայ ազգի 80 %-ին: Կարեն Մեհրաբյանը մեղադրվում էր դավաճանության մեջ և դատարանում բազմիցս շեշտել է և՛ գրավոր, և՛ բանավոր, որ իր հետ գործունեություն են ծավալել այլ անձինք, որոնց անունները նա տվել է, բայց դատարանը այդ անձանց պատասխանատվության չկանչեց:
Մինչև այսօր մեղավորները գտնվում են ազատության մեջ: Ես 30-ից ավել նամակներ եմ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, արդարադատության նախարարին, վարչապետին, Ազգային ժողովին, Մարդու իրավունքների գրասենյակին, ԱԱԾ–ի խորհրդի քարտուղարին, ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանին, բայց, ավաղ, բոլորը կույր և խուլ են ձևանում, այլ ձևով ասած` ԱԱԾ-ի առաջ խաղ չկա. ինչ ցանկանան, այն էլ կանեն: Բոլոր պաշտոնյաները մտածում են միայն իրենց աթոռի, փողի, պաշտոնից չզրկվելու մասին, վախենում են ոճրագործ և զրպարտիչ ԱԱԾ–ից: Իսկ ես` անօգնական մայրս, վրդովված այս անօրինությունից, ինձ կորցրել եմ ու չեմ հասկանում, թե ինչ անեմ, որ անմեղ որդուս ազատեմ, որովհետև վճռաբեկ դատարանն անգամ չընդունեց այս շինծու, սարքովի, անհիմն գործը: Ես ամեն օր «ՈՐԴԻՍ ԱՆՄԵՂ Է, ԱՆՕՐԵՆՆԵՐ» պաստառը ձեռքիս կանգնում եմ նախագահական նստավայրի դիմացի մայթին` սպասելով արդարության, արդարադատության: Չէ որ որդիս հանցանք չի գործել. ինչ՞ու են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով»,- գրում է Անահիտ Չտրկյանը: