ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը միակն է, ով չի վախենում ժողողովրդի հետ հանդիպումներին խոսել քաղաքական, տնտեսական ու ժողովրդին հուզող մի շարք թեմաներով: Այս մասին Բագրատյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ մարզերում ժողովուրդը պատրաստ է նման խոսակցությունների ու ակտիվ քննարկումների. ի վերջո բնակչության 72%-ը բարձրագույն կրթություն ունի, պարզապես հաճույքով գնում է նման քննարկումների ու նույնիսկ ավելի՝ ոչ պակաս մակարդակով, քան կարելի է ունենալ Երևանում՝ Ազգային Ժողովում:
Ամփոփելով քարոզարշավի մեկ շաբաթը՝ Բագրատյանն ասել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում որևէ թեկնածու իրավունք չունի խոսել մեկ այլ թեկնածուի մասին:
«Կա մեկ թեկնածու, ով իրեն դիմություն է հայտարարել՝ Սերժ Սարգսյանն է, ու եթե, ասենք, Պողոս Պողոսյանը իրեն հայտարարեր դիմություն, ես իրեն էլ կքննադատեի: Մեր շտաբը միակն է, որ, բացի Սերժ Սարգսյանից ու իշխանությունից, ուրիշ մեկի անուն չի տալիս, իսկ մեր անունն անընդհատ տալիս են, ես դա համարում եմ խառնակչություն», – ասել է թեկնածուն:
Նա նաև ավելացրել է, որ ինքը հեռուստացույցով հետևում է գործող նախագահի քարոզարշավին ու գոհ չէ նրա նախընտրական ծրագրից:
«Աշխարհի տարբեր երկրներում բնակվող ընկերներիս հետ կատակելիս ասում եմ՝ «թող ձեր զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»՝ անեծքի պես էլի»: Սերժ Սարգսյանի ծրագիրը կա, բայց որակը սարսափելի է. չկա այնպիսի բան, որ ինքը խոստանում է անել ու որևէ մեկը հնարավորություն չունի գնալ ու ասել՝ «դու էս բանն ասեցիր, արե՞լ ես», չկա էդպիսի բան: Չեմ կարծում, որ որևէ երկրի նախագահ ուզենա՝ իր երկրի ժողովուրդը վատ ապրի. ուղղակի չկա ցանակություն որևէ բան փոխելու, օլիգարխիան շատանալու է, զարգացում չի լինելու, երկիրը չի աճելու», -նշել է բանախոսը:
Բագրատյանը խոսել է նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացվող սոցհարցումների մասին՝ ընդգծելով, որ «հիացած է», մասնավորապես, «Սոցիոմետր», «Գելափ», «Հայաստանը Եվրոպայի բարեկամն է» ընկերությունների սոցիոլոգներով:
«Խայտառակություն եմ համարում, Հայաստանի սոցիոլոգիան շատ ինքնատիպ է ու ինֆորմացիայի փոխարեն նաև դեզինֆորմացիա է վաճառում: Իրականում կարծում եմ, որ գործ ունենք քրեական հանցագործների հետ: Պահանջում եմ հարցում անել ու պարզել ՝ովքեր են կանգնած այդ սոցիոլոգների հետևում», – նշել է Բագրատյանը:
Նախկին վարչապետը խոսել է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանի մասին ու հորդորել է նրան թողնել հացադուլը:
«Հիանալի կարծիք ունեմ Անդրիասի մարդկային որակների մասին, բայց վերջապես հասկանալ է պետք՝ քաղաքական դաշտը պետք է թողնել քաղաքական գործիչների կամ պետք է դառնալ քաղաքական գործիչ: Այդ դեպքում պետք է հասկանալ՝ ո՞վ է այդ մարդը, ոչ թե որպես մարդ, տեսակ, այլ որպես քաղաքական գործիչ… Մեծ հաշվով նման քայլերը օգնում են միայն իշխանություններին, ու քաղաքական դաշտը խառնվում է: Կներեք՝գուցե մյուս թեկնածուները զորակցում են ու այլ կերպ են նայում, իմ պատասխանը գուցե չոր թվա՝ ես դա համարում եմ սխալ, ու նման քայլը ճնշում է մեզ վրա ու օգնություն է քաղաքական ռեժիմին»,- ասել է Բագրատյանը: