Home / Հայաստան / «Ուկրաինայում խոշտանգում են ՀՀ քաղաքացուն». Բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ (ՎԻԴԵՈ)

«Ուկրաինայում խոշտանգում են ՀՀ քաղաքացուն». Բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ (ՎԻԴԵՈ)

Այսօր «Հարգեք մարդու իրավունքները», «Պահանջեք Ուկրաինայից հարգել Մերաբի իրավունքները», «Վերջ տալ Մերաբի խոշտանգումներին», «Ուկրաինայի բանտերում խոշտանգում են մեր քաղաքացուն» պաստառներով Երևանի կենտրոնում՝ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն ազգությամբ եզդի, Հայաստանի քաղաքացի, ձեռնարկատեր Մերաբ Սուսլովի (Ալոյան):

Վերջինիս հարազատներն ու ընկերները պահանջում են, որպեսզի Հայաստանի պատկան մարմինները տեր կանգնեն իրենց քաղաքացիներին, մասնակցեն ու հետևեն դատավարության ընթացքին, ինչպես նաև ցմահ դատապարտված Սուսլով-Ալոյանին վերադարձնեն Հայաստան: Նշենք, որ Սուսլովն իր զարմիկի ամուսնու՝ Շաբաբ Ալոյանի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, և այժմ նրա գործը գտնվում է Ուկրաինայի Վերաքննիչ դատարանում: Մերաբն ու Շաբաբը համատեղ կահույքի կենտրոն են ունեցել Կիևում՝ «4room»: Պաշտպանական կողմը բազմիցս կարծիք է հայտնել, որ սպանության մեջ կարող է մեղավոր լինել Շաբաբի որդին՝ Արթուր Ալոյանը, ով վատ հարաբերություններ է ունեցել հոր հետ:

«Մերաբն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Ռուսաստանում և Ուկրաինայում, ներգրավված է եղել մի շարք խոշոր պետական ծրագրերում, օրինակ՝ Իրան-Հայաստան գազի ներկրման խոշոր ծրագրում: 2010 թվականից նա ձերբակալվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից և պահվել կալանքի տակ, այնուհետ անօրինական կերպով նրան զրկել են  Ռուսաստանի քաղաքացիությունից և արտահանձնել Ուկրաինայի իշխանություններին, որտեղ էլ նրան մեղադրանք է  առաջադրվել ու դատական գործընթաց սկսվել: Այժմ Մերաբը գտնվում է Կիև քաղաքի Լուկյանովսկի բանտում», – պատմել է  Ալոյանի  մանկության ընկերը՝ Կարենը:

Նրա հավաստմամբ՝ դատական գործը հասարակական մեծ հետաքրքրություն է առաջացրել և հայտնվել է այնպիսի միջազգային հեղինակավոր իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են Human Rights Watch-ն ու Democratic Progress Insitute-ը:

«Հասարակական մեծ հետաքրքրությունը պայմանավորված է նախ և առաջ  խախտումների հանգամանքով: Ուկրաինայում ձևավորվել է հասարակական կարծիք, որ Մերաբը հանցավոր աշխարհի  և իշխանությունների միջև հանցավոր  համագործակցության ու խոշոր կոռուպցիայի զոհ է, որի նպատակն է նրան զրկել իր բիզնես ընկերությունններից», -ասել է Կարենը:

Վերջինս պնդել է, որ իր իրավունքներն ակտիվ պաշտպանելու համար բանտում Մերաբը բազմիցս ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, ինչի մասին էլ տեյակ է պահել կալանավայրի պետին ու իրավասու մարմիններին:

«Այնուհանդերձ, Ուկրաինայում ՀՀ հյուպատոսը կամ հյուպատոսական հիմնարկի  որևէ աշխատակից դեռևս նրան չի այցելել՝ այսպիսով դրսևորելով արհամարանք թե ՀՀ քաղաքացու, թե այն օրենքի, որը պարտավորեցնում է  հյուպատոսակա հիմնարկի ղեկավարին իր նախաձեռնությամբ  այցելել կալանավորին և պարզել նրա կենսապայմանները», -ասել է  Կարենը:

Ակցիայի մասնակիցների հետ ԱԳՆ-ի մոտ է եկել նաև Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, ով նշել է, որ Սուսլովի իրավունքները դատական գործընթացի ժամանակ բազմիցս խախտվել են:

«Փաստաթղթերին ծանոթանալով՝ կարելի է հասկանալ, թե ինչպիսի անօրինականություններ են կատարվում Մերաբի նկատմամբ, ու դրանք թվարկելը երկար կտևի: Քանի որ Մերաբը ՀՀ քաղաքացի է, մենք տեղյակ ենք պահել ԱՄՆ պետդեպարտամենտում Ուկրաինայի դեսկ-օֆիսերին (մարդու իրավունքների գծով պատասխանատու)՝ խնդրելով, որպեսզի ինքը դիմի Ուկրաինայի իշխանություններին, և ԱՄՆ դեսպանատունն ու Պետդեպը Մերաբի գործը վերցնեն իրենց իրավասության տակ: Նրան պաշտպանելու ուրիշ հնարավորություն մենք չենք տեսնում: Ասեմ ձեզ, որ մի լրագրող, ով զբաղվել է Մերաբի գործով, այժմ գտնվում է արտասահմանում՝ քաղաքական ապաստան է ստացել, որովհետև այն վիդեոռոլիկները, որոնք դրված են Youtube-ում, պարզ ցույց են տալիս, որ սպանողի տղան պատվիրում  է սպանությունն ու քիլլերին ասում է՝ «եթե քեզ բռնեն մենթերը, կասես, որ Մերաբն է պատվիրել»», – ասել է Դանիելյանը:

 

Ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիի տեսահոլովակը

Դանիելյանն ընդգծել է, որ 47 հատորանոց գործին ծանոթանալու համար Մերաբին 5 ժամ են տվել, իսկ նա ուկրաիներենին չի տիրապետում:

Ավելի ուշ ԱԳՆ ներկայացուցիչը մոտեցել է ակցիայի մասնակիցներին, զրուցել Միքայել Դանիլյանի հետ ու նշել, որ իրենք արդեն զբաղվում են տվյալ գործով և դեսպանատան միջոցով արդեն դիմել են Ուկրաինայի իշխանություններին: