Եվրոպայի խորհրդարանը հուլիսի 13-ին որոշում է կայացրել դիտորդներ չուղարկել հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին երեկ գրել է eap-csf.eu կայքը:
Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) պաշտոնական հրավեր է ստացել Ադրբեջանից և սկսել այդ երկրում դիտորդական առաքելության հիմնական թիմի կազմավորումը: Նախկինում Ադրբեջանում նախագահական ընտրությունները Եվրախորհրդարանի կողմից դիտարկվել են 2005, 2008 և 2010 թվականներին:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները որևէ կերպ չեն պատճառաբանել, թե ինչու Ադբրեջան դիտորդներ չեն ուղարկելու, և միևնույն ժամանակ որոշում է կայացվել խորհրդարանականների խումբ ուղարկել նույն ամսին անցկացվող Վրաստանի նախագահական ընտրություններին:
Ադրբեջանում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները ոգևորությամբ են ընդունել այդ որոշումը: Մասնավորապես, պատգամավոր Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ դա «պատմական պահ է», որը ցույց է տալիս, թե «ԵԽ-ն որոշել է Ադրբեջանը հանել ընտրություններին դիտարկում պահանջող երկրների ցուցակից»:
eap-csf.eu կայքի թղթակից Կշիշտոֆ Բոբինսկին գրում է, որ նման որոշումից դժգոհ են իշխանություններին ընդդիմադիր ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստները, ովքեր նշել են՝ Եվրախորհրդարանը գոնե պետք է բացատրեր իր դիրքորոշումը և հակազդեր կառավարության հայտարարություններին այն մասին, թե Ադրբեջանն այժմ այնքան ժողովրդավարական է, որ դրսից դիտարկման կարիք չունի:
Նշենք, որ նախագահական ընտրություններում երրորդ անգամ առաջադրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ընդդիմադիր թեկնածուն է ռուսաստանցի ռեժիսոր, սցենարիստ Ռուստամ Իբրագիմբեկովը: