Ադրբեջանը Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին աշխատակից Աննա Չապմանին (լուսանկարում) ու մի շարք այլ ռուսաստանցի հասարակական գործիչների ու լրագրողների, ովքեր, ենթադրաբար, Հայաստան իրենց այցի ժամանակ այցելեն են նաև Լեռնային Ղարաբաղ, կարող է ընդգրկել «անցանկալի անձանց» ցուցակում: Այս մասին հայտնում է News Azerbaijan-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլմին Աբդուլաևին:
«Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության հրավերով օգոստոսի 25-ից 30-ը մի շարք ռուսաստանցի լրագրողներ ու հասարարական գործիչներ ժամանել են Հայաստան: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ նրանք այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ:
Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին աշխատակից Աննա Չապմանը, Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավաբան Սերգեյ Կարնաուխովը և Dairy News-ի թղթակից Ալեքսանդր Ռիժկովը:
«Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ չհամաձայնեցված նման այցերն անօրինական են: Եթե այցի փաստը հաստատվի, Ադրբեջանի ակուպացված տարածքներ անօրինական կերպով այցելած բոլոր անձինք կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: