Home / Հայաստան / Մամա (Ղարաբաղի փախստականների կյանքից)

Մամա (Ղարաբաղի փախստականների կյանքից)

Հեղինակ՝ Գյունել Մովլուդ: Ադրբեջանցի գրող ու հրապարակապոս: Ծնվել է Ղարաբաղի Ջեբրաիլի շրջանում:

Մենք ապրում էինք Ռուսաստանի ամենացուրտ շրջաններից մեկում՝ Ամուրի շրջանում: Ձմռանը բաժակից թափված ջուրը սառչում էր՝ չհասնելով գետնին:  Չծածկված քիթն ու ականջները կարելի էր այնպես ցրտահարել, որ դրանք ստիպված պետք կլիներ անդամահատել: Ու այդ ցրտին՝ առավոտյան ժամը հինգին, մայրս՝ շալի մեջ փաթաթված, վերարկուն ու ձմեռակոշիկները հագին, սպասում էր դեղին ավտոբուսին, որը նրան տանելու էր ֆերմա, ուր նա աշխատելու էր մինչ երեկո: Այս կինը, ով ծանր աշխատանքային օրվանից հետո լվանում էր մեր հագուստը, մեզ ու երեկոյան եկող հյուրերի համար ընթրիք էր պատրաստում, լվանում էր կեղտոտ ափսեները, այն ժամանակ դեռ 25 տարեկան էր: Արդեն այդ տարիքում ծանր աշխատանքը կոպտացրել էր նրա ձեռքերը, երեսը, շուրթերը, և որ ամենասարսափելին էր՝ սիրտը: Նա վերածվել էր փող վաստակող, սնունդ հայթայթող, լվացք անող, ափսեներ լվացող մեքենայի: Նրա ուշադրությունը մեր նկատմամբ՝ սնունդ պատրաստելը, լվացքն ու անգամ անհնազանդության համար պատժելը, նույնպես մեխանիկորեն էր ստացվում:

1990 թ. վերդարձանք Ղարաբաղ: Ընտանիքն իր ապագան այստեղ էր տեսնում: Սկսեցինք տուն կառուցել: Հիմա էլ մայրս վերածվեց տուն կառուցող կնոջ: Հիմա նրա գործը ավազ մաղելը, ցեմենտ խառնելն ու աղյուսներ քարշ տալն էր: Միևնույն ժամանակ, նա պետք է գործերի միջև ժամանակ գտներ ու շինարարների  համար ճաշ եփեր: Այս կինը, որը տարիներ շարունակ ժամանակ չէր գտնում իրեն հետևելու համար,  այժմ ժամանակ չուներ նաև մեզ հետևելու: Մենք, հավանաբար, դպրոցում ամենափնթի երեխաներն էինք: Իրականում, սակայն, մյուս երեխաները մեզնից շատ չէին տարբերվում, քանի որ այստեղ բոլոր երեխաների մայրերն ապրում էին նույն կյանքով, ինչ մեր մայրը:

Դրանից հետո մենք դարձանք հարկադրված վերաբնակներ: Վրանային քաղաքում, որտեղ մենք ապրում էինք, օրվա 24 ժամերին մորս միայն մի հարց էր մտահոգում՝ ինչպես կերակրել մեզ: Գարնանն ու ամռանը նա մոլախոտ էր հավաքում, աշնանը՝ բամբակ հավաքում: Վաստակած գրոշներով ու չնչին օգնությամբ փորձում էր մի կերպ մեզ պահել:

Ադրբեջանցի վերաբնակների կյանքը 94-98 թվականներին… Աղքատություն, քաղց, վերաբնակ կյանքի դժվարություններ… Վրանները հենվում էին մեկը մյուսի վրա: Յուրաքանչյուր վրանում, որն ուներ սովորական բնակարանի խոհանոցի չափ, պետք է տեղավորվեր մի ամբողջ ընտանիք: Այստեղ և եփում էին, և ուտում, պահում էին իրենց բոլոր իրերը, քնում էին, լողանում, լվացք անում: Հակասանիտարիան պատել էր ամբողջ քաղաքը: Այստեղ ծնված նորածինները, ձմռանը չդիմանալով ցրտին, իսկ ամռանը՝ շոգին, մահանում էին:

Ամենաանտանելին, սակայն, մարդկանց բարոյական անկումն էր: Ընդամենը մի քանի տարի առաջ այս մարդիկ միմյանց համար կարող էին գառ զոհաբերել, միմյանց նվերներ տալ, իրենց արժանապատվությունից ցածր էին համարում սեփական այգիների պտուղները վաճառելը, այժմ ժամանած հումանիտար օգնության մեքենայից մի բոքոն հաց ստանալու համար կարող էին մեկը մյուսին տրորել՝ հաշվի չառնելով՝ դիմացինը ծեր էր, կին կամ երեխա:

Մեր մայրը, ով ընդամենը 28 տարեկան էր, մեզ մեծացնում էր այդ վայրենության, աղքատության, դժբախտության միջավայրում: Ես 28-ամյա մորս երբեք չեմ տեսել նոր զգեստ կրելիս, մանիկյուր քսած կամ շպարված: Երբեք նրան չեմ տեսել` գիրքը ձեռքին: Երբեք նրանից քնքուշ խոսք չեմ լսել: Կյանքն ամեն տարի նրան ավելի ծեր ու կոպիտ էր դարձնում:

Ես երբեք չեմ լսել, որ նա բողոքի ճակատագրից: Նա այնպիսի վայրում, այնպիսի ընտանիքում էր ծնվել, որ ոչ ընտանիքից, ոչ ամուսնուց, ոչ էլ կյանքից ոչ մի սպասելիք չէր կարող ունենալ: Նա առանց արցունքների ու դժգոհությունների ապրում էր իրեն բաժին հասած կյանքը: Ամենօրյա ծանր, հոգնեցուցիչ աշխատանքը, աղքատությունը, կյանքի դժվարությունները մորս համար հերոսություն չէր, ոչ էլ՝ անձնուրացություն, այլ սովորական կյանք, որը նա ապրում էր:

Նա առաջին անգամ ինձ համբուրեց 18 տարեկանում՝ իմ՝ համալսարան ընդունվելու օրը: Մինչ այդ ես նրանից ոչ մի քնքշություն չէի տեսել: Նա երբեք չէր շոյել, սանրել կամ հյուսել իմ մազերը: Երբեք երես չէր տվել սեղանի շուրջ հրավերներով: Չեր պնդել, որ ավելի տաք հագնվեի:

 

Այս ամենը նա սկսեց անել, երբ ես մեծացա ու սկսեցի աշխատել: Ոչ, նրա հոգին չէր մեղմացել: Նրա հասարակ, գյուղական, բայց ոտքից գլուխ կյանքի իմաստությունը ես հասկացա միայն այն ժամանակ, երբ իքնս տեսա ու ապրեցի այդ կյանքի բոլոր դժվարությունները:

Մայրս ինձ հաց էր տալիս, երբ ես հացի կարիք ունեի, շոյում էր, երբ դրա կարիքը ունեի: Իսկ ես, չնայած բոլոր կարդացած գրքերին, հակառակ կյանքի հանդեպ բոլոր առարկություններիս, նրան ոչինչ չկարողացա տալ: Միայն հայհոյանքներ ու անեցքներ՝ նրա հասցեին…

Նյութը՝ Meydan.tv