Ռուսաստանցի պատմաբան, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Հանրային կառավարում ֆակուլտետի դեկանի տեղակալ Օլեգ Հայրապետովը «Ռեգնում» կայքում մեկնաբանել է հրապարակախոս Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հայրապետովի հոդվածից.
«Տակիտոսը վստահեցնում է, որ պատմությունը կյանքի ուսուցիչն է: Երևում է, սակայն, այն քչերին է սովորեցում, թեև, որքան էլ որ տարօրինակ է, հայ գրողը [Բալայանը] խոսում է հենց պատմության դասերի մասին:
Ակնհայտ է, որ իր մտորումներին հատուկ կշիռ հաղորդելու համար հեղինակը հղում է կատարում Անատոլի Սոբչակին, ով ինչ ասես եղել է, բայց ոչ՝ իրավաբան, ու Անդրեյ Սախարովի հեղինակությանը, ում՝ պատմության վերաբերյալ գիտելիքներին հնարավոր չէ գնահատական տալ:
Վերցնենք, օրինակ, հետևյալ հատվածը. «Ե՛վ Սոբչակը, և՛ Սախարովը ուշադիր, գիտնականների պես, ինչպես ասում են՝ մատիտը ձեռքին, ուսումնասիրել են Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) դաշնագրությունները: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Մոսկվայի (1921 թվականի մարտ) և Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին: 1639 թվականից այն անցել էր Իրանին, իսկ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրից հետո Պարսկաստանից անցավ Ռուսաստանի կազմ»:
Շփոթությունն այնքան մեծ է, որ մնում է միայն գուշակել՝ այստեղ ինչի մասին է խոսքը. եթե Կարսի, ապա ի՞նչ կապ ունեն Գյուլիստանն ու Թուրքմենչան, իսկ եթե Նախիջևանի մասին՝ ի՞նչ կապ ունեն Գյուլիստանի պայմանները: Դարեր շարունակ տարածաշրջանի քաղաքական քարտեզից բացակայած պետությանը պատմական պատկանելության մասին թեզը, նույնպես, մեղմ ասած, անվիճելի չէ:
Իհարկե, ԽՍՀՄ խարխլման ժամանակ այն կարող էր գործարկվել ժողովրդավարական կողնորոշմամբ քաղաքական գործիչների կողմից կենտրոնական իշխանության դեմ պայքարում, բայց անգամ նրանք՝ մատիտներն ու գրիչները ձեռքներին, չէին կարող այնտեղ հղումներ գտնել Զորի Բալայանի գրածի վերաբերյալ: Գոնե միայն այն պատճառով, որ ներկայիս Հայաստանի ու Նախիջևանի տարածքները Գյուլիստանի պայմաններով մնում էին Պարսկաստանի կազմի մեջ: Ցանկացողները կարող են ստուգել այս փաստը՝ պայմանագրի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ սկսած հենց առաջին պաշտոնականից:
Իրականում Բալայանի տրամաբանությունը պարզ ու հետևողական է ու սկիզբ է առնում 1918-1921 թթ-ի պրակտիկայից, երբ նորաստեղծ երեք պետությունների ազգայնականներն առաջադրեցին այդ պետությունների սահմանների հայեցակարգերը, որոնք բացառում էին իրենց հարևանների գոյությունը: Այժմ անցած դարի 80-ականների վերջերի ժողովրդավարական շարժման նշանավոր գործիչը փորձում է նման մի բան անել:
Յուրաքանչյուր նախագիծ, իհարկե, պատմական հիմնավորում ուներ: Եկեք սթափ դատենք՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, բայց Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքական իրողություններ են, այն էլ՝ բավական լուրջ: Նույն եզրակացությունը Ռուսաստանի ու Հայաստանի վերաբերյալ կարելի է առաջարկել պարոն Բալայանի ադրբեջանցի վիզավիներին: Դատարկ խոսակցություններով ու օրիգինալ հայացքներով իրական քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի փոխել:
Պատմական ակնարկները կրկնելու իմաստը պարզ է: Վ.Վ.Պուտինին Ալեքսանդր 1-ինի իրավահաջորդ անվանելով՝ Բալայանը նրան կոչ է անում «դառնալ ի շրջանս յուր»: Ինչո՞ւ, սակայն, ռուս-հայկական երկխոսության մեջ շարունակականություն պետք է ցուցադրի միայն Մոսկվան: Եթե 1813 և 1828 թթ-ի ժառանգությունն այդքան թանկ է հայ գրողի համար, իսկ լենինյան ու ստալինյան ժառանգությունը նրա համար այդքան ատելի է, ապա ինչո՞ւ նա Կովկասի նահանգային բաժանման վերադարձի կողմնակիցը չէ: Այլընտրանքն «Իլյիչ առաջինին», ինչպես Լենինին անվանում է Բալայանը, Էրիվանի նահանգն է: Մի՞թե հասկանալի չէ:
Կասկածում եմ, որ Ռուսաստանին այժմ այդպիսի ձեռքբերումներ են պետք, սակայն, անկասկած, Գյուլիստանի և Թուրքմենչայի դաշնագրությունները ներկայումս վերջնականապես անցել են անցյալի գիրկը: Գյուլիստանի վերջին ժառանգությունը՝ Կասպից ծովում ռուսական նավատորմ ունենալու Ռուսաստանի բացառիկ իրավունքը, ելցինյան դիվանագիտության կողմից թաղվել է դեռևս 90-ականների սկզբին, մյուսները՝ 1915 թվականի ապրիլին, երբ Անդրկովկասյան սեյմը հռչակեց Անդրկովկասի անկախությունը»: