Ուկրաինական «Բերկուտ» հատուկ ծառայության զինյալներն ու ոստիկանները լույս երեքշաբթի գիշերը ոչնչացրել են կառավարության դեմ բողոքող ցուցարարների՝ Լյուտերանսկայա փողոցի վրա գտնվող վրանային ճամբարն ու բարիկադները։
Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, ոչնչացվել են նաև Գերագույն ռադայի ու նախագահի նստավայրի տարածքում, Շելկովիչնայա փողոցի վրա գտնվող բարիկադները։
Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտնել են, որ փողոցների մաքրման աշխատանքներին մասնակցել է «Բերկուտի» ու Ներքին ուժերի շուրջ 400 զինծառայող։
Լյուտերանսկայա փողոցի բախումներից հետո, որի հետևանքով ավելի քան 10 ցուցարար ու 2 ուժային է տուժել, բողոքողները շարժվել են դեպի Անկախության հրապարակ (Մայդան Նեզալեժնոստի)։ Գիշերվա ընթացքում ցուցարարների թիվն աճել է՝ հասնելով շուրջ 2 հազարի։
Ներկա պահին Մայդանում է գտնվում շուրջ հազար ցուցարար․ գիշերը հրապարակում հանգիստ է անցել։ Նշենք, որ որ բողոքի ցույցերը Ուկրաինայում շարունակվում են արդեն 3 շաբաթ։ Ցուցարարները դժգոհ են Ուկրաինայի կառավարության որոշումից՝ հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելուց։