Ղարաբաղը հրադադարից հետո
Անհետ կորածներ, հազարավոր տեղահանվածներ, մեկուսացված շրջաններ, շրջափակված բնակավայրեր․ Մարտունին ու Մարտակերտը մեկուսացված են․․․
Հայաստանը ոչ մի րոպե չի փակվել Ղարաբաղի հայերի համար․ վարչապետ
40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք են տարել։ Եվ մենք չենք ուզում սրա մասին ասել, ինչո՞ւ․․․
Ղարաբաղում սպանվել է ռուսական նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամանատարը
Հիմնական թեզը հետևյալն է՝ ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»։
Գերխնդիրը մարդկանց էվակուացումն է
Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է:
Սա է կապիտուլյացիան․ ո՞նց եք, պարոններ
․․․44-օրյա աղետի պաստախանատուն Փաշինյանն էր, բայց ա՛յս աղետի պատասխանատուն Արցախի գործող-նախկին իշխանություններն են և Երևանից նրանց կառավարողները, որոնք հանուն․․․
Ղարաբաղի հայերը սպասում են տարհանման (թարմացվող)
Արցախի իշխանություններն ընդունել Ադրբեջանի պահանջները, հրադադարից հետո կրակը կտրուկ նվազել է, կան շրջափակված բնակավայրեր
Ղարաբաղը պայմանավորվել է առանց Հայաստանի․ վարչապետ
Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, այդ քննարկումների կողմ Երևանը չի եղել․ համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանյան իշխանությունների կեսօրից հետո հրապարակված հայտարարությանը ծանոթացել են ղարաբաղյան պաշտոնական տեղեկատվական հարթակներից։ «Իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի առաջարկությունը կրակի [երեկ կեսօրից սկսված ադրբեջանական հարձակման և դրա արդյունքում բռնկված ռազմական գործողությունների] դադարեցման վերաբերյալ։ Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի՛ եղել։ Մեր առաջին նկատառումը այստեղ հետևյալն է՝ տեքստում հիշատակվում են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը» և խոսվում է «Լեռնային Ղարբաղից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների» մասին։ Այս փաստը մեզ համար այդքան էլ հասկանալի չէ։ Մենք բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛։ Ամեն դեպքում, այս հայտարարությունը մենք ընդունում ենք ի գիտություն», - նշել է Փաշինյանը։ Եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա, ըստ Փաշինյանի, ինքնին նշանակում է, որ նրանք «ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի՝ իրենց տներում, իրենց հողի վրա արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքը պահպանեն»։ Սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո Ստեփանակերտից հաղորդել էին՝ ստիպված են եղել ընդունել կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը։ Հետագայում հրապարակված տեքստից ակնհայտ է՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ «Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերում», «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարում և ամբողջական զինաթափում», վերաինտեգրացմանը նվիրված բանակցություններ ադրբեջանական Եվլախում։ տե՛ս Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող այս տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության անունը։ Սա, ըստ վարչապետի, «արդարացնում է իր երեկվա գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանը ներքաշելն էր ռազմական գործողությունների մեջ»։ Եթե դա հնարավոր լիներ, «դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը»։ Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ երեկ մեկնարկած լայնածավալ հարձակումից հետո ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը խոսում էր Հայաստանի կողմից պրահյան առաջարկություններին համաձայնելու մասին, Ռուսաստանի ԱԽ փոխնախագահն էլ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին՝ «գուշակեք ինչ ճակատագիր է նրան սպասվում»։ Հայաստանը վարչապետը ուղերձով դիմել էր ժողովրդին՝ «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ», «ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր»։ տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են Տեղի ունեցածը Հայաստանը ընդունում է ի գիտություն և կշարունակի հետևել հետագա զարգացումներին՝ այսօրվա ուղերձում շարունակել է Փաշինյանը․ «Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է։ Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»։ Ամենակարևոր հարցը հիմա հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը պետք է լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից․ «Մենք կհետևենք իրադարձություններին, իհարկե նաև որոշակի մտքեր փոխանակում գուցե ունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված»։ Քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչներ են գտնվում, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են․ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի»։ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են․ անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։
Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները
․․․Պաշտպանության բանակի լուծարում և զինաթափում, վերաինտեգրացիա․․․
Ողջույն, Շահրիար
— Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ, սիրում եմ քեզ և քո ընտանիքին՝ որպես թանկագին, թեև վերջին շրջանում ինձնից օտարված մարդկանց․․․
Ադրբեջանի հարձակումը գրգռել է Երևանի կենտրոնը
Նախկին նախագահների հետ փոխկապակցված ընդդիմությունը հավաքվել է հրապարակում, ռուսական դեսպանատան մոտ խայտաբղետ խմբեր են, ԱԺԲ-ականները տեղակայվել են առանձնատան մատույցներում
Լեռնային Ղարաբաղը կրակի տակ է (թարմացվող)
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում և Երևանում
Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են
Արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի զինված ուժերը հրետանակոծում են Լեռնային Ղարաբաղի՝ ըստ էության ամբողջ տարածքը, փորձում խախտել շփման գիծը, վերահսկողության տակ առնել դիրքեր և, որոշ տեղեկությունների համաձայն, նաև բնակավայրեր: Ադրբեջանը այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ տե՛ս Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա (թարմացվող) Ռուսաստանը խոստովանում է «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, սա պաշտոնական Ադրբեջանի վարկածն է, Ադրբեջանից եկած տեղեկատվություն է, բայց փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որեւէ տեղեկություն չենք ստացել», - նշել է Հայաստանի վարչապետը։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, մինչ այդ, հայտարարել է, թե «հակաահաբեկչական օպերացիայի» մեկնարկի մասին ադրբեջանական կողմը ռուսական զորախմբին տեղեկացրել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Երկրորդելով Հայաստանի արտաքին գերատեսչությանը՝ Փաշինյանը կոչով դիմել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ «Արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է եւ շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը», - նշել է Հայաստանի վարչապետը։ Խոսքը, հավանաբար, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության և նրան ավելի ուշ միացած՝ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասին է։ Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով»։ Սա նոր թեզ չէ։ Արդեն տևական ժամանակ է՝ պաշարված Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող վիճակի պատասխանատվությունը Մոսկվան փորձում է բարդել Երևանի վրա։ Հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հետևանքն է նրա, որ Հայաստանի վարչապետը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ չնայած ռուսական առաջարկները՝ առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, անցյալ տարի կտրականապես մերժվել էին (ոչ թե հայկական, այլ) ադրբեջանական կողմից, պաշտոնական Մոսկվան այդ մասին նախընտրում է պարզապես չհիշել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս արձագանքել էր այս մեղադրանքներին՝ եթե ինքը չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 2022-ի սեպտեմբերյան հարձակումը կանխել չէր լինի. «2022-ի օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան է բերել ռուսական առաջարկությունը, ըստ որի՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան է եկել սեպտեմբերին, սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն ՀՀ-ի գրավոր և բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ և պայմանագրով սահանված պարտավորությունները, չեն արձագանքել: Հոկտեմբերի 6-ին Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է ՀՀ տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը»: Այսօր, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ, Զախարովան կրկին հիշել է «Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչելու» անայլընտրանք այս որոշման մասին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ավելի հեռուն է գնացել՝ գրեթե խոստովանելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը հասցեական պատիժ է Նիկոլ Փաշինյանին։ «Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ արարքներով»։ Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով ցուցադրորեն գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում», - գրել է բարձրաստիճան ռուս պաշտոնյան։ Ադրբեջանն էլ է խոստովանում Ադրբեջանի հայտարարությունը, թե «մարդասիրական միջանցք են թողնելու» խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար, Նիկոլ Փաշինյանի իր ուղերձում էթնիկ զտումների ուղիղ գործողություն է որակել։ «Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն, և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել։ Եվ այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկ», - նշել է Հայաստանի վարչապետը։ Բաքուն, մինչ այդ, պայման է առաջ քաշել՝ «խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը» Ղարաբաղից «հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսբերումն է»։ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հատուկ շեշտում են, թե իբր Բաքուն «հարվածներ է հասցնում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ»։ «Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք Հայաստանի՛ն և Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները»։ «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ՛։ Եվ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - կրկնել է Հայաստանի վարչապետը։ Ներքին և արտաքին որոշ ուժեր, ըստ նրա, անպայմանորեն ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ․ «Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են»։ Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով իրադրությունն այս պահին հարաբերականորեն կայուն է՝ շեշտել է Փաշինյանը։ Այնուամենայնիվ, «այս գործողության հիմնական թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողության մեջ ներքաշելն է»։ Ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր։ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի պետությունը այս պայմաններում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով․ «Բայց այս իրավիճակում շատ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և Հայաստանի ժողովրդից, որը պետք է սթափ և սառը վերաբերվի, ինչքան էլ որ դժվար է, ստեղծված իրավիճակին»։