Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել
Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում է», - Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ «Հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»։ Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու մեջ։ Նման հայտարարությունները նախորդում էին նաև սեպտեմբերյան ագրեսիային, Լաչինի էսկալացիային և 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Պաշտպանական բնույթի լրացուցիչ ուժեր Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատմամբ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը, թե հայկական կողմը լրացուցիչ ուժեր՝ հետևակ և հրետանի է կուտակում Դաշքեսանի ուղղությամբ: «Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել», - ասված է ՊՆ հայտարարության մեջ: Եվրամիությունը դիտորդներ է ուղարկում Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան՝ Լյուքսեմբուրգում այսօր կայացած նիստում հաստատել են միության արտգործնախարարները։ Հայաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի արդեն այս ամիս։ Քառակողմ հայտարարության համաձայն՝ առաքելությունն իրականացվելու է առավելագույնը 2 ամիս ժամկետով։ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդների տեղակայման շուրջ համաձայնությունը ձեռք էր Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ընթացքում։ ԵՄ դիտորդական նախնական խումը Երևան էր ժամանել դեռևս հոկտեմբերի 14-ին։ Առաքելությունը՝ բաղկացած 40 փորձագետներից, Հայաստան է ժամանելու հարևան Վրաստանից (2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար, Եվրամիությունը Վրաստանի սահմանին շուրջ 200 դիտորդ էր տեղակայվել)։ Սահմանային իրավիճակի մշտադիտարկումից բացի՝ եվրոպացի փորձագետները պետք է նաև զեկույցներ կազմի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։ Ճանապարհային խնդիրները «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - հրադադարի խախտման մասին հայտարարությունների ֆոնին այսօր առավոտյան գրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քիչ անց նրա թվիթերյան գրառմանը պատասխանել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը։ «Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ Զանգեզուրի միջանցքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները միավորելու մասին ստանձնած պարտավորությունից։ 3 անցակետերի անիրատեսական տարբերակն առաջարկելը՝ անտեսելով 20 ամիս տևող քննարկումները, լավ քաղաքականություն չէ», - գրել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։ https://twitter.com/AzerbaijanMFA/status/1581943219830812673 Ճանապարհների ապաշրջափակման շուրջ առ այսօր որևէ ամրագրված պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Պրահայում տեղի ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը (առանց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը հիշատակելու) կրկին հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է «2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը» իրականացնելուց և դեպի Նախիջևան ճանապարհը «կամավոր տրամադրելուց»։ Սրան արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատել եմ մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը դրական չի արձագանքել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա»։ Ադրբեջանական մեղադրանքներին Հայաստանի վարչապետն անդրադարձել էր նաև Աստանայում՝ ԱՊՀ խորհրդի նիստին։
Կրասնոդարում ռազմական ինքնաթիռը ընկել է բնակելի շենքի բակում
Ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռը ընկել է Կրասնոդարի Եյսկ քաղաքի բնակելի շենքերից մեկի բակում։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռևս չկա։ Ականատեսների խոսքերով՝ վառվում են Կոմունիստիչեսկայա փողոցի 20/1 շենքի 1-ինից 9-րդ հարկերը։ Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ առնվազն 15 բնակարան է տուժել ավիավթարի հետևանքով։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Տելեգրամ ալիքները, այնուամենայնիվ, պնդում են, որ ինքնաթիռը թռչում էր զինամթերքի լիակազմ բեռով։ Ըստ ՌԴ ՊՆ-ի վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը։ Անձնակազմին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել։ Հրդեհին վերագրվել է բարդության չորրորդ աստիճան։ Եյսկը մոտ է գտնվում Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլի քաղաքին։
Թուրք-հունական վեճը՝ մերկ գաղթականների ֆոնին
Թուրք-հունական սահմանին հայտնաբերել են 92 մերկացված փախստականների․․․
Իրանական կամիկաձեները կրկին հարվածում են Կիևին
Ռուսական ուժերը գրոհել են Կիևը իրանական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքերով․․․
ընկնող աստղը, մեռնող լիճը, մեծ բզզը․․․
Ավարտվել է 2022 թվականի «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» ֆոտոմրցույթը․․․
Քո ներկայությունը պայմանավորված է իմ այստեղ լինելով․ ցուցահանդես
Միլենա Ադամյանի ցուցահանդեսը/ լուսանկար, տեքստ, ձայն
Փաշինյանն ու Ալիևը՝ ԱՊՀ նիստին
Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է ԱՊՀ երկրների միջև 1991-ին հաստատված սահմանները։ Հարկավոր է կողմնորոշվել։
Դեռահասները արթնացնում են Իրանը․ հարցազրույցներ
Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված դպրոցականներին «վերադաստիարակման» են ուղարկում հոգեբուժարաններ․․․
Դիտորդներ, պայմանագրային տարրեր և այլն․ Աստանայում հանդիպել են ԱԳՆ-ները
Աստանայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը․ օրակարգում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքն էր՝ աշխատանքները, որոնք տարվում են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում և ապաշրջափակման ուղղությամբ։ Հանդիպումը նախաձեռնել էր ռուսական կողմը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Միրզոյանն ընդգծել է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Երևանը կարևորել է նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։ ԵՄ-ն դիտորդություն կանի․ ՀԱՊԿ-ն էլ է ուզում Պրահայում կայացած՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների բանակցություններից հետո հայտարարվել էր, որ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է ուղարկելու Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին դիտորդություն իրականացնելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ։ ԵՄ դիտորդական նախնական խումբը Երևան է ժամանել արդեն այսօր։ Քառակողմ հայտարարության համաձայն՝ եվրոպացի (անզեն) դիտորդները Հայաստանում են տեղակայվելու հոկտեմբերին՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։ Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է տեղափոխվել Վրաստանից․ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար, Վրաստանի սահմանին շուրջ 200 եվրոպացի դիտորդ է տեղակայվել։ Հայաստանի դեպքում սահմանային իրավիճակի մշտադիտարկումից բացի՝ եվրոպական առաքելությունը պետք է նաև զեկույցներ կազմի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու՝ Եվրամիության փորձը, ուստի՝ առաքելությունը կտեղակայվի միայն Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 12-ի երկկողմ հանդիպման ժամանակ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն արձագանքելով, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ն էլ է պատրաստ դիտորդներ ուղարկել Հայաստան․ «Հենց որ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ գումարել, այն կայացավ, ընդունվեց որոշում Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք գնացին, բերեցին առաջարկություններ, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ մեր ձեռքում են։ Դրանք առաջարկում են ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Միակ բանը, որ պահանջվում է` Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է», - ասել էր Ռուսաստանի նախահայը՝ շարունակելով. «Հիմա (նախագահողը) Հայաստանի Հանրապետությունն է։ Այնպես որ՝ հենց ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք հաստատել նման առաքելությունը` պաշտոնապես, և այն կկարողանա սկսել աշխատանքը»: Հայաստանի արտգործնախարարը հակադարձել էր՝ Հայաստանը որպես համանախագահող փորձել է պայմանավորվել Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցով, սակայն դա դեռ չի հաջողվել` դաշնակիցների «խիստ ծանրաբեռնվածության պատճառով»: Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը, Աստանա Միրզոյան-Լավրով երկկողմ և Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումները առաջինն էին՝ Ադրբեջանի վերջին հարձակումից ու Ռուսաստանի հասցեին Երևանից ամենաբարձր մակարդակով հնչող քննադատություններից հետո։ Միրզոյան-Լավրով հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը կրկին շեշտել էր՝ «հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում»։ Մինչ այս հայ-ադրբեջանական երկկողմ և բազմակողմ շփումները տեղի են ունեցել Արևմուտքում։ Ռուսական կողմը դրանց կտրուկ է արձագանքել․ ՌԴ ԱԳՆ-ն կրկին քննադատել է արևմտյան երկրկներին՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն կերպ միջամտելու և Ռուսաստանին գործընթացից դուրս մղելու փորձերի համար։ Բաքուն սպասում է Հայաստանի պատասխանին Ամփոփելով Աստանայի եռակողմ հանդիպման արդյունքները՝ Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե Պրահայի քառակողմ բանակցությունները Բաքուն որպես առաջընթաց է ընկալում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Բայրամովը հիշեցրել է, որ Ժնևում հոկտեմբերի 2-ին «Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը» և սպասում է Հայաստանի պատասխանին: Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը Բիշքեկում հարցազրույց էր տվել և հայտարարել, թե Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերը», որոնք լրացնում են նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները։ Ըստ Բայրամովի՝ հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար։ Հիշատակված 5 սկզբունքները Բաքուն հանրայնացրել էր դեռևս ամիսներ առաջ։ Երևանը՝ ընդունելով դրանք, սեփական լրացումներն էր ներկայացրել։ Հայկական կողմի առաջարկները վերաբերում էին նախևառաջ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը։ Վերջին հարձակումից հետո հայաստանցի պաշտոնյաների շեշտադրումները, սակայն, փոխվել են, նրանք այլևս չեն բացառում, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն առանձնացվի Ղարաբաղի հարցից»։ Այսօրվա եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը Հայաստանին կոչ է արել գործնական աշխատանքներ սկսել նաև հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Ավելի ուշ ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։
NASA-ն առաջին անգամ պաշտպանել է մոլորակը անվտանգ աստղակերպից
Մոտ 170 մետր լայնությամբ տիեզերական օբյեկտին հարվածել է 750կգ քաշով DART զոնդը, որից հետո աստղակերպի ուղեծիրը փոխվել է․․․
Վարժական հավաքների խնդիրները բազմաթիվ են, վարչարարությունը՝ ոչ իրավաչափ
Չեն ենթարկվում նաև օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների․․․
Դեպի խավարը
- Ո՞վ է մեր ժամանակակիցը․ մեզանից յուրաքանչյուրը։ ․․․հարցը ուղղված է բոլորին՝ տեսնել մեր ժամանակից բխող խավարի պայծառությունը։