Home / Հայաստան / Քեսաբահայության համար ցանկացած աջակցություն կարևոր է․ ԱԺ պատգամավորներ

Քեսաբահայության համար ցանկացած աջակցություն կարևոր է․ ԱԺ պատգամավորներ

Քեսաբահայերի խնդիրների առնչությամբ մարտի 26-27-ին Սիրիա այցելած ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Սամվել Ֆարմանյանը իրենց փաստահավաք առաքելության արդյունքները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և կառավարությանը: Այս մասին ասված է պատգամավորական խմբի տարածած հաղորդագրության մեջ։ Այցի ընթացքում պատգամավորները Քեսաբից տեղահանված հայերին հանդիպել են Լաթակիայում։ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաև Արամ Ա Կաթողիկոսի և Լիբանանի խորհրդարանի հայազգի գործընկերների հետ՝ քննարկելու սիրիահայության վիճակը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, պատգամավորական խումբը առանձին առաջարկություններ է մշակել, որոնք, լրացուցիչ քննարկումներից հետո, «կարող են կյանքի կոչվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասարակական ու համազգային խողովակներով»:

Պատգամավորական խումբն արձանագրում է, որ քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված հնարավոր ցանկացած աջակցություն՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, բարոյական, նյութական թե ոչ նյութական, այսօր պահանջված է, իսկ արագ արձագանքման կարևորությունը` շատ ավելի էական, քան քաղաքական ու արարողակարգային հնարավոր տարատեսակ ենթադրություններն ու երկրորդական մտահոգությունները: