Անդրանիկ Միհրանյանի՝ Գերմանիայի 30-ական-40-ական թվականների ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մեծարումը Ռուսաստանի գլխավոր իշխանամետ թերթի էջերին որպես «գերագույն դասի քաղաքական գործիչ», իհարկե, զարմանք է հարուցում։ Այս մասին Kavpolit.com կայքում ապրիլի 7-ին գրում է ռուսաստանցի լրագրող, ՌԴ նախագահի ներքո Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն։
Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․
– Միհրանյանին ուղղակի տարել է «խելացի, զիլ և ուժային» իմպերիալիստ լինելու ցանկությունը։ Իսկ ինչո՞վ է նրա այլաբանությունը տարբերվում Ժիրինովսկու հայտարարություններից՝ կովկասցի ազգերի ծնելիությունը սահմանափակելու և կովկասյան տարածաշրջանները փշոտ մետաղալարով պատելու մասին։
Ինչի համար ՌԴ նախագահը Ժիրինովսկուն պարզապես կշտամբեց, ուրիշ ոչինչ։
․․․Իհարկե, Միհրանյանը նացիստ չէ, ոչ էլ՝ հիտլերիստ։ Այնպես, ինչպես Ժիրինովսկին։
Նրանք «ՌԴ քաղաքական կյանք» կոչվող մեծ ներկայացման իրենց փոքրիկ սյուժեների լոբբիստներն են։
Օրինակ, էթնոազգայնականության սյուժեների, որոնք փորձում են ահռելի Ռուսաստանին ասել՝ «Դու էլ պետք է մեզ նման դառնաս։ Էթնոազգայնական, ռուսների և ռուսալեզուների անունից խոսացող։ Պետք է դադարես լինել կայսրություն, որտեղ արժեքները, իրավունքը, օրենքն ու արդարությունը միավորում են բոլորին՝ անկախ նրանց ազգությունից և հավատքից․ դու պետք է դառնաս մոնոէթնիկ պետություն, այնպես, ինչպես այն պետությունները, որ մենք մեր «պատմական հայրենիքն» ենք համարում։ Միայն մեծ ու սարսափելի»։
Ինչպես նաև՝ արդարացնել այլոց տարածքների բռնագրավումն ու բնիկների արտաքսումը, մոռանալով քո կողմից իրագործված ցեղասպանություններն ու հասցված տառապանքների մասին՝ ամբողջ աշխարհին ստիպել կարեկցել միայն քո պատմական տրավմային՝ այն անվանելով պատմության մեջ ամենասարսափելին։ Ու արգելել այն քննարկել և քննադատել դրա մեկնաբանությունները։
Էթնոազգայնականությունը միշտ վավերական է և իրական։ Այն հիմնված է հավաքական գիտակցության և հավաքական առասպելի վրա։ Դրա հետ վիճելն անիմաստ է։ Այն տեսնում է միայն սեփական ճշմարտությունն ու միայն սեփական ազգությունն է համարում Աստծո ընտրյալ։ Բոլոր մնացածները միշտ թշնամիներ են, միշտ միայն խանգարում են․․․
․․․Էթնոազգայնականությունը ռուս ժողովրդին (այնպես, ինչպես ուկրաինացի, բելառուսցի ժողովրդին) ու պատմության ընթացքում դրա ստեղծած նախագծերին՝ խորհրդային, սոցիալիստական (չշփոթել ստալինյանի հետ), խորթ է և թշնամական․․․
․․․Կայսրությունը (թե ռոմանովյանը, թե խորհրդայինը) էթնոազգայնականությունից պաշտպանվում էր իր պատմական առաքելության ուժեղ ունիվերսալիստական գաղափարական կոնցեպտով․․․
․․․Ռուսներին պատկերում են որպես այսպես կոչված փոքր ժողովուրդ․
Միհրանյանները, ժիրինովսկիները, պրոսվիրնինները, կրիլովները շարունակաբար ներարկում են այս թույնը նրանց արյան մեջ։
Ռուսներին էթնոազգայնականություն են ներարկում։ Ու դրա հետ մեկտեղ անխուսափելիորեն ներարկում են նաև Հիտլերին՝ որպես հզոր ժողովուրդների և կայսրությունների համար մահացու այս վիրուսի հավերժական խորհրդանիշ։ Այսպիսով, Հիտլերն ու նրա հիշատակումը ժամանակակից ռուսաստանյան կյանքում պատահական չեն։ Հզոր կայսերական ժողովուրդ գերմանացիները օրերից մի օր վերածվեցին իրենց գոյության իմաստով փոքր էթնոսի։
Դադարելով լինել կայսերական ժողովուրդ, որը աշխարհին մեծագույն ողբերգական փիլիսոփայություն, երաժշտություն, պոեզիա և գրականություն էր տալիս, նրանք որոշեցին էթնոս դառնալ, որը պայքարում էր հողի համար, այդ հողը տարածելով նախ Սուդետներում, հետո Ֆրանսիայում, հետո Լեհաստանում, հետո Ղրիմում և Վոլգայի վրա։
Այնտեղ, ճիշտ է, խելքի եկան, սկսեցին գիտակցության գալ։
Չնայած՝ նրանց անվանեցին «Երրորդ ռայխ (երրորդ կայսրություն)»՝ հիտլերիզմի շրջանի գերմանացիները կայսերականներ չէին․
Պարադոքսալ է, բայց հենց էթնոազգայնականությունը դարձավ 1918 թվականից հետո Գերմանիայի ազգային վերածնունդի ուռուցքը, որը կործանեց այն։
Հիտլերիզմի էթնոազգայնականությունն արդյունքում չընդունեցին ոչ հայտնի փիլիսոփաներ Մարտին Հայդեգերն ու Էրնստ Յունգերը, ոչ էլ ազգային-բոլշևիկյան խմբերը, որոնք սկզբնական շրջանում աջակցում էին ազգային-սոցիալիստական շարժմանը, որը, ըստ նրանց, գերմանացի ժողովրդի իրական վերածնունդն էր։
Բայց հզոր կայսերական ժողովրդին էթնոազգայնականության սյուժեների (օրինակ, դաշնակցականների և սիոնիստների գաղափարները) դրդելը նշանակում է այն հիտլերիզմով վարակել։
Ռուսներին (ինչպես նաև ՌԴ մյուս ժողովուրդներին) այսօր պետք են ոչ թե համեմատություններ Հիտլերի հետ, ոչ թե այլոց հողերի գրավումներ կամ կեղծ մեծարումներ, այլ․
իրավական պետություն,
ժողովրդի՝ հողի նկատմամբ իրավունքի վերականգնում,
հողի վարձակալությունից ստացված միջոցները կրթության, գիտության և առողջապահության ոլորտնել ուղղելը,
դեմոգրաֆիկ ծրագրերի ուղղակի աջակցություն,
կաշառակերության խափանում (որը հանդիսանում է իշխանության էությունը բոլոր մակարդակներում),
հայրենի տարածքում ավանդական մշակույթի և լեզվի պաշտպանություն և զարգացում։
Ռուսներին պետք է ժողովրդի շահերից բխող սոցիալական պետություն։ Այլ ոչ թե լիբերալ-կապիտալիստական ներկայացում՝ «Մենք հզոր ենք» ուռճացումներով ու ուղղափառ ժողովուրդների (վրացիների և ուկրաինացիների) հետ պատերազմներով ․․․
․․․Առանց ուկրաինացիների ռուսները կանհետանան կամ կվերածվեն քաղաքային ազգայնականների ինչ-որ տարօրինակ սիմուլյակրի, որոնք ռուսներին օրինակ են բերում մեկ Իսրայելը, մեկ Սերբիան, մեկ Հայաստանը։
Մեկ, վերջիվերջո, Ադոլֆ Հիտլերի «գերագույն դասի քաղաքականությունը»։
Թերևս, սա է այս անվերջ սարսափելի, անհեթեթ Հիտլեր խաղի իմաստը։