Home / Տեսանյութեր / Ղարաբաղն ու ԵՏՄ-ն․ փորձագետն առաջարկում է հրաժարվել «Made in NKR»-ից

Ղարաբաղն ու ԵՏՄ-ն․ փորձագետն առաջարկում է հրաժարվել «Made in NKR»-ից

Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է, որը Եվրասիական միություն մտնելու հայտ չի ներկայացրել։ Այս մասին «Ռեգնում»-ի հետ զրույցում հայտարարել է ՄՄՀՊԻ-ի (МГИМО) Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկությունը Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու մասին։ Փորձագետի խոսքով՝ ԵՏՄ հիմնադիր երկրները Լեռնային Ղարաբաղի անդամակցությունը քննարկելու փաստացի հիմքեր չունեն։

«Իրականում, թեև հարցը վերջին ժամանակներում շատ է քննարկվում, խնդիրը մի փոքր ուռճացված է։ ԼՂՀ-ն իրեն հայտարարում է անկախ, ինքնիշխան հանրապետություն, որը Եվրասիական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Ես նաև չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակում ինտեգրացիոն նախագծի մասնակից երկրները կցանկանան միտումնավոր խանգարել Ղարաբաղին ու պահանջել ապրանքների ու ծառայությունների տեղաշարժի, այսպես կոչված, միջազգային վերահսկողություն։ Մտավախություն կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հսկիչ անցակետի ներդրման վերաբերյա՞լ։ Անցակետ այնտեղ հիմա էլ կա, ուղղակի մաքուր ձևականություն է»,- նշել է քաղաքագետը։

Ալեքսանդրովի խոսքով՝ առավել հավանական է Հայաստանի և Ղարաբաղի միջև «արտոնյալ մաքսային ռեժիմի» ներդնումը։ «Մոտավորապես այնպես, ինչպես Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև։ Չկան խոչընդոտներ, կա ազատ մուտք և ելք, ապրանքների և ծառայությունների տեղաշարժն ազատ է։ Չեմ կարծում, որ Գերագույն եվրասիական խորհուրդը որևէ այլ բան կպահանջի»,- ասել է նա։

Փորձագետն անդրադարձել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ «ղարաբաղյան նյուանսի» վերաբերյալ հայտարարություններին․ «Հայտարարությունների իմաստն Ադրբեջանի հետ չվիճելն է։ Այսօր այդ մասին բացահայտորեն ասաց ինքը՝ Նազարբաևը։ Իմաստն այդտեղ ավարտվում է, ու եվրասիական ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում ղարաբաղյան հարցն իր կարևորությամբ առաջատար չէ, որևէ հատուկ նշանակություն չունի»,- ընդգծել է նա։

Ընդհանուր առմամբ, Ալեքսանդրովը վստահ է, որ եթե Նազարբաևի գաղափարներն իրականություն դառնան, Լեռնային Ղարաբաղը դրանից շատ չի տուժի։ «Ղարաբաղում արտադրվող ապրանքները, որոնք պայմանականորեն պիտակավորվում են «Made in NKR», Եվրասիական միության շուկաներում չեն վաճառվելու։ Եթե, սակայն, նույն ապրանքների վրա գրվի «Պատրաստված է Հայաստանում», «խնդիրը» կլուծվի»,- եզրափակել է Ալեքսանդրովը։