Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի (լուսանկարում) եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը շարունակում է նոր մանրամասներ ներկայացնել Վալերի Օսիպյանի՝ իրենց ներկայացրած առաջարկությունների մասին, գրում է Aravot.am-ը։ Կայքի հետ զրույցում նա ասել է, որ Օսիպյանն իր ավագ որդուն` Սամվելին, որը նույն գործով կրկին վկա է, դեպքի հաջորդ օրը` հունիսի 2-ին, հրավիրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` իր աշխատասենյակ, ու առանց Սամվելի անձնագրի ու անցագրի իր ենթակաների միջոցով վերև բարձրացրել ու կրկին, ինչպես իրեն, այնպես էլ որդուն համոզել, որ եթե Սարգիսը իր վրա վերցնի դանակահարությունը, ինքը կկարողանա օգնել. «Տղաս առանց փաստաթղթի ամբողջ օրը ելումուտ է արել վարչության շենքում: Համոզել է, թող եղբայրդ` Սարգիսը վերցնի իր վրա, նույնիսկ առաջարկել է, եթե բանտում էլ լինի, կօգնեմ, իսկ Սեդրակին չեմ կարող օգնել, իմ ազգանունն ունի: Հետո տղայիս հարցրել է, դու տուժողին ճանաչո՞ւմ ես, տղաս ասել է՝ ոչ, նորից է հարցրել` դեմքով տեսնես կճանաչե՞ս, տղաս էլի ասել է` ոչ: Հետո իր կողմից երկու ոստիկան, իր սանիկին ու մորաքրոջ տղային, որը նախկին ոստիկան է, ուղարկել է, որ ավագ տղայիս հետ գնան հիվանդանոց` տուժողին տեսնելու:
Տղայիս տարել են մի հիվանդասենյակ ու տղայիս ներկայությամբ այնտեղ պառկած երիտասարդին հարցուփորձ արել, թե քանի հոգով են քո վրա հարձակվել, սա պատասխանել է` երեք, հարցրել են, որ տեսնես՝ դեմքով կճանաչե՞ս, պատասխանել է` այո, հետո հարցրել են` բա որ լավանաս, ինչ ես անելու, ասել է` դե որ լավանամ, կտեսնեմ: Հետո այդ երիտասարդին հորդորել են, ծնողներին էլ զգուշացնի, որ չբողոքեն, իրենք կհոգան բոլոր ծախսերը: Այդ ընթացքում, երբ ուզել են դուրս գալ հիվանդասենյակից, տղաս մտածել է, եթե այս տղան Նուբարաշենից է, ինչպես ինքը չի ճանաչել ու որոշել է հարցնի` ում տղան է: Երբ հարցրել է, տուժող երիտասարդը պատասխանել է, որ ինքը Նուբարաշենից չէ, հարցրել է` բա քեզ Նուբարաշենում չե՞ն դանակահարել, ասել է` չէ, ինձ ծեծել են ունիվերսամի մոտ: Հետագայում մենք վերլուծեցինք, որ Օսիպյանն իր աշխատասենյակում տղայիս հենց այնպես չի հարցրել, թե տուժողին ճանաչո՞ւմ ես դեմքով: Տղաս, որ պատասխանել է չէ, փորձել է սարքել գլխին, եթե մտնի հիվանդասենյակ ու ասի՝ սա էդ տղան չէ, ապա միանգամից կհարցնեն` բա ասում էիր չեմ ճանաչում դեմքով»:
Սարգիսի մոր` Սուսան Հովհաննիսյանի պատմելով, հիվանդանոցից դուրս գալուց հետո իր ավագ որդուն` Սամվելին, Վալերի Օսիպյանի սանիկն ու մորաքրոջ տղան տարել են իրական տուժողի ծնողների մոտ ու երբ հարցրել են. «Բա տեսել եք, ով է դանակահարողը, տուժողի ծնողներն էլ են ասել, որ Սեդրակն է»:
Aravot.am-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանը պնդել է, որ նման բան չի եղել։ «Ես ոչ ոքի իմ աշխատասենյակ չեմ հրավիրել», – ասել է նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ Aravot.am-ում