Home / Կանանց իրավունքներ / ՈՒԶԵԼ, ԹԵ՞ ՍԻՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒԶԵԼ, ԹԵ՞ ՍԻՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

«Ժամանակներն են էդպիսին. հիմա մարդիկ իրար 
չեն սիրում, հիմա մարդիկ իրար պարզապես ուզում են»։
 
Վահե Բուդումյան
արվեստագետ, ԺԱԻ իմ կուրսընկեր
 
Օգոստոսի 8-ին Еuronews-ի եթերում պատմվում էր, թե ինչպես է կապիկի սելֆին դարձել հեղինակային իրավունքի բանավեճի առարկա։ Wikimedia հիմնադրամը այն ներկայացրել է որպես հանրային, առանց հեղինակային իրավունքի օգտագործման լուսանկար, այնինչ ֆոտոխցիկի տեր լուսանկարիչը պնդում է, թե ինքն է տնօրինում դրա հեղինակային իրավունքը։ Այս բանավեճը միակ լուսավոր թեման է ռուսական և ուկրաինական սանկցիաների, Դոնեցկում իրադարձությունների, Գազայում կռիվների վերսկսման, Իրաքի եզդիների ցեղասպանությունը կանխելու նպատակով ամերիկյան ռազմական քայլերի, Էբոլա համաճարակի բռնկման պատմությունների շարքում։ Ի.Ալիևի թվիթերյան ռազմատենչ հայտարարությունները և Հայաստանի Չինարի գյուղի գերված բնակիչ Կարեն Պետրոսյանին Բաքվում մահվան հասցնելու–սպանելու փաստը դեռ Еuronews չի հասել։ Մենք ապրում ենք այսպիսի աշխարհում, որտեղ բրիտանացի լուսանկարչի 7000 ֆունտ ստերլինգի կորուստը ավելի տեսանելի է, քան կորած Հայաստանի Չինարի գյուղի մոլորված բնակչի կորուստը։
 
Այս աշխարհում, ուր ամեն օր մեդիան հաստատում է ուժի, բռնության և փողի իշխանության ամրապնդումը, ինչպե՞ս սիրել, այն էլ խաղաղությունը։ «Սիրելուց» տարանջատված «ուզելու» աշխարհում «մենք էլ ենք խաղաղություն ուզում, ԲԱՅՑ…» արտահայտությունները ադեկվատ են թվում։ Այդպես են սկսվում «Ոչ պատերազմին» խաղաղասիրական երթի նախաձեռնությունը քննադատող նախադասությունները։ Այս փաստարկները շատ ավելի ազդու են հնչում հատկապես Ադրբեջանի իշխանության ռազմատենչ հռետորաբանության համատեքստում։ Եվ այն էլ մեր հայրենակցի սպանության միջադեպի օրը, որը կարծես հատուկ հարմարեցվել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին՝ ղարաբաղյան պատերազմի նոր ալիքի բռնկման խայծն ապահովելու։ 
 
Բայց հատկապես այս օրը էլ ավելի արդիական է դառնում խաղաղության թեման։ Թող որ ոչ բոլոր հարցերին է պատասխանում «Ոչ պատերազմին» երթի հայտարարության տեքստը։ Ո՞րն է երթի ասելիքը, ո՞վ է թիրախը, ինչու՞ հենց երթ կամ ինչու՞ հենց տվյալ երթուղով. հնչող քննադատությունները տեղին են և արժե, որ դառնան հետագա հանրային քննարկումների առարկա։ Սրանց շարքին կարող եք ավելացնել խաղաղասիրության լեզվի՝ խաղաղ, սիրով ու ներառող լինելու կարիքի հարցը և միգուցել էլի որոշ հարցադրումներ։ Միևնույն է, սակայն, երթի արժանիքը ինքնին երթն է՝ խաղաղասիրության բարձրաձայնումը՝ որպես դրա արժեքի հաստատման քայլ։ Հայտարարության տեքստում «Խաղաղությունը զենքով չե՛ն ստեղծում» բառերը ապակառուցում են մեր ուղեղներում քարացած՝ խաղաղությանը պատերազմով հասնելու կոնստրուկտները։ Ովքե՞ր են կառուցել մեր ռազմատենչ մտքերը, ի՞նչ նպատակներով. սրանք հարցեր են, որ մինչ այժմ բավարար բարձրությամբ չենք հնչեցրել։ Այս երթը այդ հարցերն է առաջ քաշում (նման հարցերը միշտ տեղին են, այդ թվում խաղաղասիրության կառուցման դեպքում)։ Երթը կարևոր հանրային խոսակցություն է բացում, որը մինչ այժմ կիսաշշունջ ենք ասել կամ թույլ չենք տվել մեզ՝ պատերազմող երկրի համար խաղաղասիրությունը շռայլություն համարելով։ Այնինչ հենց պատերազմող երկրի հասարակության համար է խաղաղասիրությունը անհրաժեշտություն, նույնիսկ այսօրվա աշխարհում՝ ամեն տեսակ գաղափարների ու լուսավոր արժեքների հանդեպ հավատի կորստի պայմաններում։ Հատկապես թեժ ռազմական գործողությունների ժամանակ խաղաղասիրությունը միակ հնարավորությունն է չկորցնելու նպատակդ, պատերազմելու քննադատաբար, չտրվելու վրեժխնդրությանը, չարտամղելու կյանքի արժեքը, չդառնալու ռազմականացված՝ իր բոլոր վնասակար հետևանքներով։ Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանք մնացած ռազմականացումը պակաս դեր չի ունեցել խաղաղ–կիսախաղաղ օրերին մեր ներքին խնդիրների լուծումները դժվարացնելու հարցում, երբ պատերազմի հերոսներից շատերը դարձան քաղաքացիական կյանքի հանցագործներ։ Պատերազմում ներքաշված լինելով հանդերձ՝ միայն խաղաղասիրության արժեքը կրող հասարակությունը կարող է այն և դրա հետևանքները արդյունավետ հաղթահարել։
 
Ինքնին խաղաղասիրության արժեքի հաստատումով «Ոչ պատերազմին» երթը տարբեր թիրախային խմբերի է ուղղված, որոնցից ինձ համար ամենակարևորը հենց մեր և Ադրբեջանի հասարակություններն են։ Որքան էլ դժվար է ադրբեջանական պրոպագանդայի և ճնշումների ներքո տեսնել, բայց վստահ եմ այնտեղ ևս կան պատերազմին, ռազմական հռետորաբանությանն ու կենսափիլիսոփայությանը ընդդիմացողներ։ Ադրբեջանում նրանց գոյության և գործունեության հնարավորությունը կախված է նաև խաղաղության արժեքի շուրջ մեր նախաձեռնած խոսակցությունից։ Պատերազմով կարող եք պաշտպանել կամ գրավել հողեր, խաղաղասիրությամբ՝ գրավել սրտեր։ Այն, թե որքան կարևոր է ադրբեջանական հասարակությանը ասել «բարև ձեզ» մեզ սովորեցնում է 1990–ականների մեր փորձը։ Անահիտ Բայանդուրի հիշատակին ուղղված նամակում Արզու Աբդուլաևան ասում է. «Ես հիշում եմ, թե ինչպես 1992 թվականի օգոստոսին, ժամանելով Բաքու իմ հրավերով, նա սկսեց իր ելույթը ադրբեջանական լսարանի առջև: Նա հանգիստ ձայնով ասաց. «Ես եկել եմ, որպեսզի ասեմ` բարև ձեզ:» (…) Ոմանք հարգանքով և հիացմունքով էին լսում նրան, մյուսները փորձում էին նրա ելույթում սխալներ գտնել, որպեսզի բռնվեն դրանցից` հարձակվելու նպատակով: Բայց նրա հանգիստ և պարզ` «Բարև ձեզը» ոչ մի հնարավորություն չթողեց:» Անահիտն ու Արզուն համատեղ ջանքերով նպաստել են երկու կողմերից 500 մարդու գերությունից ազատվելուն։ Իրենց միասնական խաղաղասիրական գործունեության համար Շվեդիայի Ռիկսդագի կողմից արժանացել են Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակի։ Ցավալի է, բայց այս երկու կանանց փոխայցելությունները իննսուննականների թեժ շրջանում փաստացիորեն հնարավոր էր, այնինչ 2011-ին Արզուի այցելությունը Երևան՝ Անահիտի թաղման արարողությանը, արդեն անհնար էր։ Միմյանց հետ մեր ուղղակի շփումներն անհնարին դարձնելու հետևանք է այսօր պատերազմի հնարավորությունը։ Պատերազմի ժամանակ խաղաղության մասին խոսելը, խաղաղասեր լինելը վտանգավոր համարողները, անտեսում են, որ հենց պատերազմն է խաղաղության մասին խոսակցության առիթը։ Մշտապես և բոլոր ժողովուրդների համար խաղաղությունն ուզելը ակնհայտ է, սովորական։ Բայց առավել ևս պատերազմի վտանգի պահին խաղաղությունն ուզելը սիրելով՝ անհրաժեշտություն է։
 
Աննա Ժամակոչյան, «Սոցիոսկոպ» ՀԿ, օգոստոսի 09, 2014 թ.
Լուսանկարը՝ norvank.am