Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել քաղաքացի Էմմա Սահակյանի բողոքը, ով նամակ էր գրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով պատժել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին իր նկատմամբ ուժ կիրառած և իրեն Բաղրամյան պողոտայից տեղահանած ոստիկաններին։
Այս մասին 2012 թվականից Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ նստացույց անող Սահակյանն այսօր ասել է Epress.am-ի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և այդ օրը ոստիկանութունը 100 քաղաքացի էր բերման ենթարկել։ Սահակյանն ասել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում իրեն պահել են 7 ժամ։
«Ես դատախազին գրած նամակում նշել եմ, որ ինձ քաշքշելով տարան, մի քանի հոգով սեղմում էին, որ մտցնեն մեքենան, տեսան, որ չի ստացվում, ոտք ու ձեռքս բռնեցին, մնացածը, մեջքիցս սեղմելով, մտցրին մեքենան: Նշել եմ նաև, որ այդ ամենը տեսագրված է, բացի դա, կան նաև վկաներ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրանք իմ և այլ մի քանի բերման ենթարկվածներին ազատելու համար եկել էին ոստիկանության բաժին և սպասել են՝ մինչև մեզ բաց են թողել»,- ասել է Էմմա Սահակյանը։
Դեկտեմբերի 2-ին ոստիկանությունը նշել էր, որ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտից մարդկանց տարհանել են, քանի որ տեղադրված ռումբի մասին ահազանգ են ստացել։ Ռումբը չէր հայտնաբերվել, սակայն դրանից հետո էլ Սահակյանին պահել էին ոստիկանության բաժնում։ Ոստիկանությունը նաև հերքել է, թե կնոջ նկատմամբ բռնություն է կիրառվել։ Ինչևէ, Սահակյանը պնդում է, որ հակառակն ապացուցող տեսանյութեր կան ու պահանջում քրեական գործ հարուցել։
Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ վաղ առավոտյան, մետրոյի կայարանի մոտից ուժով հեռացվել էր նաև նստացույց անող էջմիածինցի Աշոտ Խուդոյանի ընտանիքը։ Այդ փաստով քրեական գործ հարուցելը ՀՔԾ-ն մերժել էր, իսկ Խուդոյանները մերժելու մասին որոշումը բողոքարկել են առաջին և երկրորդ ատյանի դատարաններում։ Դատարանները հայցերը չեն բավարարել և գործը չեն ուղարկել նախաքննության։