Կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի միջնորդած դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կնոջ ձեռքի սպիերը ծխախոտով վառելու հետևանք են: Այս մասին Epress.am-ին հայտնել է տուժող 27-ամյա Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը:
Հիշեցնենք, որ մեղադրյալը դատարանում հայտարարել էր, որ ինքը կնոջը չի ծեծել, նրան հարվածել է մեկ անգամ ՝ դեմքին: Նա նաև հերքել է Հասմիկի այն ցուցմունքը, թե ամուսինը ծխախոտը հանգցրել է իր ձեռքին, և հայտարարել էր, որ կնոջ ձեռքի վերքը շատ հին սպի է: Ըստ տուժողի ցուցմունքի՝ մի անգամ, երբ ամուսինը հերթական անգամ ալկոհոլ էր օգտագործել, եկել է տուն և հարցրել՝ արդյոք կինը գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրել է նրա ձեռքին։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ընտանեկան բռնության մեջ մեղադրվողը դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված տուժողի մարմնական վնասվածքները չի ընդունում՝ դրանք անվանելով ոչ թե ծեծի, այլ մաշկային հիվանդության հետևանք: Սկեսրոջ և ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով ևս պատասխանողները նշել էին, որ Գևորգյանին չեն ծեծել, այլ նրա վերքերը մաշկային հիվանդությունից էին: