Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցելու երեկ Ոսկու շուկայում սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից առևտրականների սեղանները ջարդելու փաստի առթիվ: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ Աբրահամյանը ջարդել և հեռացրել է շուկայից 5 սեղան՝ արգելելով դրանց տերերին շարունակել ոսկի վաճառել իր շուկայում: Նախօրեին նա զգուշացրել էր, որ ով մասնակցի «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային, այլևս չի աշխատի շուկայում:
«Որևէ հաղորդում հանցագործության մասին չենք ստացել»,- որոշումը բացատրելով՝ ասել է Մալխասյանը: Իսկ ԶԼՄ-ներում տեղադրված տեսանյութերը արդյո՞ք հաղորդում չեն հարցին Մալխասյանը պատասխանել է. «Բայց դրանց մեջ չի երևում ում սեղանն է ջարդվում, ով է տուժողը»:
«Դե, գուցե քրեկան գործի շրջանակներում դա հնարավոր լիներ պարզել»,- հուշել է լրագրողը: Մալխասյանը, սակայն, շարունակել է պնդել, որ Ոստիկանությունը բողոք չի ստացել:
Հիշեցնենք, որ երեկ Epress.am֊-ի թղթակիցը շուկայի շենքից դուրս եկած Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ինչու է մարդկանց զրկել աշխատանքից։ «Թող գնան ակցիա անեն», – մասնավորապես, ասել է սեփականատերը։
Նա հավելել է, որ «պատժել է» իր աշխատողներին, ովքեր բողոքում են նոր օրենքի դեմ: