Այսօր նախագահական նստավայրի դարպասների մոտ հերթական բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները համաձայնել են ակցիան շարունակել նախագահականի դիմացի մայթին։ Ծնողները երկար ժամանակ տեղի չէին տալիս դիմացի մայթ տեղափոխվելու մասին ոստիկանների խնդրանքներին՝ պնդելով, որ այնտեղից իրենց չեն լսում։
2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին, զանգահարել և դարպասների դիմացից հեռանալու խնդրանքով դիմել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երբ Օհանջանյանը մերժել է, ոստիկանապետը սպառնացել է «համապատասխան միջոցներ» կիրառել։ Երևանի ոստիկանապետի խոսքերից զայրացած՝ ծնողները դեռ մի քանի րոպե կանգնել են նախագահականի դարպասների դիմաց, սակայն հետագայում անցել են դիմացի մայթ: Epress.am֊ի լրագրողի հետ զրույցում 2013 թվականին բանակում զոհված Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանն ասել է, որ որոշումը կայացվել է ավելորդ քաշքշոցից խուսափելու համար, քանի որ տեսնում էին՝ նախագահականում հյուրի են սպասում և այս անգամ իրենց ուժով կհեռացնեն դարպասի մոտից։ Նշենք, որ նախկին ակցիաների ժամանակ ոստիկանները ծնողներին չէին հեռացնում նախագահականի մուտքի դիմացից՝ թույլ չտալով միայն մոտենալ ճաղերին։
Ծնողների հեռանալուց մոտ 5 րոպե հետո նախագահականի դարպասները բացվել են և ներս է մտել ԵԱՀԿ գրասենյակի ավտոմեքենան․ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էր եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Մինչ նախագահականի մոտ գալը՝ զոհվածների ծնողները երթ են անցկացրել: Նրանք նախ կանգնել են Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքի առջև, ապա ակցիան շարունակել ԱԺ դարպասների մոտ: Այդ պահին ԱԺ-ն պաշտոնական այց էր ընդունում․ հյուրն էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրոուն:
Նշենք, որ ծնողները տարիներ շարունակ ակցիաներ են անցկացնում պետական գերատեսչությունների մոտ՝ հայտարարելով, որ չեն հավատում իրենց զավակների մահվան պաշտոնական վարկածներին և պահանջելով գործերի արդար քննություն։ Նրանց պահանջներն իշխանավորների կողմից անտեսվում են։
Մանրամասները՝ տեսանյութում