Բաքվեցի գործընկերս Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի երեք հայ օդաչուների մահվան մասին սարկաստիկ թվիթ էր գրել։ Մինչ ես որոշում էի այլևս չհետևել նրան ու ջնջել սոցցանցերում ընկերներիս ցուցակից, աչքիս ընկան իմ համերկրացի «ընկերների» արձագանքները միջադեպի վերաբերյալ։ Վերադարձա բաքվեցի գործընկերոջս էջ։ Պարզվեց, որ նա նախկինում էլ ամեն ինչի մասին սարկաստիկ տոնով էր գրում, ու ես դա չէի նկատում։ Նրբազգացությունս միացավ միայն այն ժամանակ, երբ նա գրեց հայ օդաչուների ու ուղղաթիռի մասին, իսկ վրդովմունքիս պատճառը միայն այն էր, որ այդ նույն նրբազգացությունը չէր միացել սահմանի մյուս կողմում գտնվող մարդու մոտ։ Տեսեք, նա խոսքի ազատության ու բոլորիս համար այս դժվար ժամանակներում արհամարհել է իր «ընկերների» ցուցակում իմ՝ այդքան նրբազգաց, այդքան պրոֆեսիոնալ ու այդքան հայ լրագրողիս առկայությունը։ Ու եթե այդ պահանջկոտության գոնե կեսը կիրառեմ Ղարաբաղյան հակամարտության այս կողմում գտնվող «ընկերներիս» վրա, ապա կմնան 20֊30֊ը (զուգադիպությունը պատահական է, բայց, հնարավոր է, դրանք հենց այն քաղաքական օրակարգ չունեցող և ընդդիմությանը խանգարող «մարգինալներն» են, որոնց մասին զգուշացնում էր Լևոն Տեր֊Պետրոսյանը)։
Բաքվեցի գործընկերս ընդամենը «արհամարհել» է, մինչդեռ երևանցի «ընկերներիս» առաջարկածներից ամենամեղմը տասը մեկի դիմաց սկզբունքով պատասխան տալն է՝ «ոչնչացնել» առնվազն երեսուն ադրբեջանցու։ Պոտենցիալ զոհերի անուններ ու ազգանուններ չեն նշվում։ Սա վիճակագրություն է, ու նրանց, ինչպես հայ օդաչուներին, կգումարեն հայ֊ադրբեջանական հակամարտության զոհերի թվին։ Իսկ մենք այդ թվից կպոկենք մեզ հարմար քանակն ու որակը՝ նրանց վերածելով բարբարոսների կամ շեհիդների, հանցագործների կամ ազգային հերոսների, մեր երկրների ղեկավարների կամ հաշմանդամների։ Կախված հանգամանքից՝ երբ ու ինչպես կմիանա մեր նրբազգացությունը։
2008 թվականի մարտի 1֊ին երևանյան մայդանն ավարտվեց խաղաղ ցույցը գնդակահարելով, տասը մարդու սպանությամբ, հարյուրավոր քաղբանտարկյալներով, տոտալ գրաքննությամբ ու մարդկանց ահաբեկմամբ։ Մեր յանուկովիչը դեռ նախագահի աթոռին է, նրա կուսակցությունը դեռ իշխում է։ Բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, դատարանները, հարկային մարմինները, ԶԼՄ֊ները՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցում էին համաքաղաքացիների նկատմամբ հետապնդումներին ու անօրինական հրամաններ կատարում, շարունակում են անպատիժ կերպով ծառայել իշխանություններին։ Տասը մեկի դիմաց սկզբունքը չգործեց․ մենք չոչնչացրեցինք հանրապետական կուսակցության հարյուր անդամի, հարյուր ոստիկանի, հարյուր կգբ֊եշնիկի, բանակի հարյուր սպայի ու գեներալի, հարյուր դատավորի, օլիգարխների պահակազորի անդամ հանդիսացող հարյուր մարդասպանի․․․ Հետմարտիմեկյան հանրահավաքների ու երթերի ժամանակ մենք նրանց նույնիսկ «թուրք» էինք անվանում․ հաշվեհարդարը, սակայն, իրականություն չդարձավ։ Նրանք բոլորը հայ են․ նշանակում է՝ նրբազգացությանս կոճակը լավ չի աշխատում՝ այն շարունակում է արձագանքել միայն բաքվեցի գործընկերոջս՝ խոցված ուղղաթիռի մասին թվիթին։
Յուրի Մ․