2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ընթացքում գրանցված խախտումների հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 26 հոգի, այդ թվում՝ թե զորակոչիկները, թե նրանց հարազատները։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսին ասել է Գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։
Նրա խոսքով՝ 26 դիմողներից 23-ի հարցը կապված է եղել առողջական խնդիրների հետ՝ ոչ պատշաճ բժշկական օգնություն ստանալու կամ անհամաձայնություն` տված ախտորոշման հետ։ 3 դեպքերում տարկետման հետ կապված ընթացակարգի խախտում է գրանցվել, երբ, օրինակ, խախտվել է անձի՝ կրթությունը շարունակելու իրավունքը։
Սադիկյանը նշել է, որ այդ գործերից 15-ի հետ կապված դիմողներին մանրամասն իրավական աջակցություն է ցուցաբերվել` տրամադրված բժշկական փաստաթղթերն ուսումնասիրվել են բժիշկ֊փորձագետի կողմից, որից հետո համապատասխան գրություն է ուղարկվել Պաշտպանության նախարարություն։ Գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ բարձրացված հարցերի շուրջ իրենք նախարարության կողմից որևէ հստակ պարզաբանում չեն ստանում, և այդպես է եղել նաև նախորդ տարիներին։
«Երբ մենք գրություն ենք ուղարկում Պաշտպանության նախարարություն, կոնկրետ քաղաքացու հարցով պարզաբանումներ ենք խնդրում, մեկ ամիս անց, երբեմն՝ մինչև 10 օր ուշացումով, պատասխաններ ենք ստանում՝ քոփի-փեյսթ արած մեր գրությունները և վերջում մեկ նախադասությամբ, որ անձը պիտանի է ճանաչվել զինծառայությանը։ Ըստ էության, պատասխան չկա։ Մենք գիտենք, որ պիտանի է ճանաչվել, բայց ինչո՞ւ է պիտանի ճանաչվել։ Մենք տալիս ենք ռեալ հիմնավորումներ, սակայն պատասխան չկա», ֊ ասել է Սադիկյանը։
Նա խոսել է զորակոչիկների իրավունքների ևս մեկ խախտման մասին, երբ վերջիններիս 4-րդ անգամ տարկետում են տալիս, մինչդեռ դա օրենքի կոպիտ խախտում է։ Ըստ Սադիկյանի՝ օրենքը սահմանում է, որ զորակոչիկը կարող է առողջական հիմքով ազատվել 1 անգամ՝ 3 տարի ժամանակով, կամ 3 անգամ՝ մինչև մեկ տարի ժամկետով։ Երեք անգամ տարկետում ստացած զորակոչիկը 4-րդ անգամ կամ պետք է ազատվի, կամ ծառայության ուղարկվի, իսկ այդ դեպքերում տարկետում տալը օրենքի խախտում է։ Եթե 3 տարկետումների ընթացքում նրա առողջական վիճակում փոփոխություն չի գրանցվել, նա պետք է ազատվի ծառայությունից, սակայն եղել են դեպքեր, երբ նման պարագայում զորակոչիկը առանց որևէ հիմնավորման ուղարկվել է ծառայության հիվանդ վիճակում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը մեկ օրինակ է բերել․ զորակոչիկին, ով զինկոմիսարիատում հայտարարել է, որ 3-րդ տարկետումից հետո նրան կամ պետք է ազատեն, կամ ուղարկեն ծառայության, պատասխանել են, որ գեներալը չգիտեր, թե նա արդեն 3 անգամ տարկետում է ստացել։
Սադիկյանն ասել է, որ իրենք ՊՆ֊ին առաջարկել են բողոքարկման գործընթացը դյուրացնելու համար զորակոչիկին տրամադրել բուժզննության ակտի պատճենը հենց բժշկի կողմից, սակայն ՊՆ֊ից պատասխանել են, որ սա հավելյալ խնդիրներ կառաջացնի, որովհետև պատճենահանման սարքեր չունեն։
«Փաստորեն, զորակոչիկի իրավունքը ստորադասվում է տեխնիկական միջոցներին», ֊ ասել է Արմինե Սադիկյանը։