15֊ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի գործով վկա Գևորգ Ավագյանը երեկ դատարանում ասել է, որ Կունգորցևի դեմ ցուցմունք տալ իրեն ուղղորդել է ոստիկանը:
Գևորգ Ավագյանը սպանված Դավիթ Հովակիմյանի հետ միասին հանդբոլ էր պարապում: Դատարանում նա պատմել է, որ դեպքից հետո թիմի մոտ է եկել մարզիչը՝ Մալխասյանը, և ասել, որ, որպեսզի կասկածյալին կալանքի տակ պահեն, անհրաժեշտ է, որ նրա դեմ ևս երկու հոգի ցուցմունք տա:
«Եկավ ասեց՝ Աշոտն ու Ռաֆոն ճանաչել են էդ մարդուն, երկու անչափահաս են իրենք, իրենց ցուցմունքը քիչ է, որ էդ մարդուն պահեն ստեղ: Մի կամ երկու հոգու ցուցմունք էլ է պետք: Մենք էլ գնացել ենք»,- դատարանում ասել է Գևորգ Ավագյանը՝ ընդունելով, որ իրականում դեպքին ականատես չի եղել։
Ավագյանի խոսքով՝ ոստիկանությունում իրեն ցույց են տվել Կարեն Կունգորցևի նկարը և ասել, որ հենց նրան պետք է ցույց տա:
«Ասեցին՝ ձեզ չորս հատ նկար ցույց կտան, էս մարդու նկարն էլ կլինի դրանց մեջ, հենց դա ցույց կտաք»,- պատմել է Գևորգ Ավագյանը:
Տուժողի իրավահաջորդը հարցրել է, թե ով է նրան ասել՝ ինչ գրել, քանի որ գրված ցուցմունքում լուրջ մանրամասներ կան: Վկան ասել է, որ ինքը չի հիշում ավելին, քան ասաց։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ևս երկու վկաներ հրաժարվել էին նախաքննական ցուցմունքներից: Վկաներից մեկն ասել էր, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասն ինքը հորինել է, և ինքը չի տեսել, թե ինչպես է Կունգորցևը դանակով հարվածում Դավիթ Հովակիմյանին։ Այդ վկան նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը: Մյուս վկան դատարանում հայտնել է, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգորցևի կողմից Հովակիմյանին դանակահարելու պահը, բացի դրանից, չի եղել դեպքի վայրում։ Նա հայտնել է, որ նախաքննության ընթացքում ասածը, թե այդ ամենը տեսել է, սուտ է, և հիմնված է եղել միայն իր ընկերների պատմածի վրա:
Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:
Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:
Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով կալանավորվել է։
Գործի մանրամասները՝ այստեղ
Տեսանյութը տրամադրել է «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանը: