Վերջին 25 տարվա ընթացքում Իրանը լուրջ, բայց ջղաձգված դիտորդի կարգավիճակով հետևել է Հարավային Կովկասում իրադարձություններին՝ առանց դրանցում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու։ Ապրիլի 2-ին [Իրանի միջուկային ծրագրի շուրջ] ձեռք բերված համաձայնությունը, սակայն, մերձեցման նոր հեռանկար է բացում Արևմուտքի և Թեհրանի միջև, իսկ Իրանի կովկասյան հարևանները հարցնում են՝ արդյո՞ք Իրանի՝ դիտորդի կարգավիճակը կփոխվի։ Այս մասին «Կարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրում է հիմնադրամի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Հոդվածը՝ թարգմանաբար․
«Իրանը սահմաններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այն, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, ունի նախկին կայսերական ուժին բնորոշ կանխավարկած, որ այս հողերը դեռ «մերն են», չնայած, որ դրանց վրա գաղութային իշխանությունն ավարտվել է 1828 թվականին։
Կանխատեսումները, սակայն, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանը տարածաշրջանում խոշոր խաղորդ կդառնար, իրականություն չդարձան։ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, աջ ու ձախ նայելուց հետո, միացան կամ Ռուսաստանի գլխավորած կազմակերպությունների (ԱՊՀ, ՀԱՊԿ), կամ՝ համաեվրոպական (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵՄ Արևմտյան գործընկերություն)։ Ռուսների ու թուրքերի հետ համեմատ՝ իրանցիները փոքր բիզնեսի խաղորդներ են։
Թեհրանի՝ ղարաբաղյան հակամարտությունում որպես խաղաղության միջնորդ հանդես գալու միակ փորձն ավարտվեց ֆիասկոյով 1992 թվականի մայիսին՝ համընկնելով Շուշա քաղաքը գրավելու Հայաստանի գործողության հետ։ Այդ օրվանից ի վեր՝ այն իր հարևանների միջև միջնորդական գործընթացին որևէ մասնակցություն չի ցուցաբերել։
Ավելի ուշ, Իրանը դուրս մնաց Ադրբեջանի խոշոր նավթային և գազային նախագծերից, ու դրանից հյուսիս կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը:
Արդյո՞ք այդ ամենը կփոխվի, երբ պատժամիջոցները վերացվեն, և Իրանն այլևս միջազգային վտարանդի չլինի։ Ոչ այդքան արագ։
Իրանի ամենաամուր հարաբերությունները տարածաշրջանում ամենաթույլ երկրի՝ Հայաստանի հետ են։ Անցած տարի Հայաստանում Իրանի դեսպանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ լի արտասովոր պնդումներով։ Ըստ նրա՝ Իրանից Հայաստան գազատարը կարող էր ձգվել մինչև Վրաստան, իսկ Իրանը չէր հանդուրժի երրորդ երկրի խաղաղապահների ներկայությունը ԼՂ հակամարտության գոտում:
Հետագա քայլերի բացակայությունը վկայում է այն մասին, որ դեսպանի ելույթն ավելի շատ խրոխտանք էր, քան՝ քաղաքականություն։ Կարելի է, սակայն, ակնկալել, որ իրանական նոր մերձեցումը կարող է ամրապնդել տնտեսական կապերը երկու պետությունների միջև, այդ թվում՝ Իրանը Հայաստանի հարավային շրջաններին կապող 300 մղոն երկարությամբ երկաթգծի կառուցմամբ, ինչը կարող է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության համար։
Ադրբեջանի ու Իրանի միջև գոյություն ունի փոխադարձ անվստահություն։ Ադրբեջանի համար Իրանը պոտենցիալ տարածաշրջանային սպառնալիք է ներկայացնում՝ լինելով հարևան, որը կարող է ակտիվացնել իր հարավում բնակվող շիա բնակչությանը։ Մյուս կողմից, Իրանի համար Ադրբեջանը կասկածելի աշխարհիկ պետություն է, որը բարեկամական կապեր ունի Իսրայելի հետ ու կարող է համախմբել Իրանի հյուսիսում ադրբեջանցի բնակչությանը։
Հետևաբար, քանի որ երկու կողմերն էլ միմյանց վնասելու հնարավորություն ունեն, նրանք փոխադարձ զսպվածություն կցուցաբերեն։
«The Financial Times»֊ի հաղորդմամբ՝ Արևմտյան նավթային և գազային խոշոր ընկերություններն անհամբեր սպասում են, թե ինչ տեղի կունենա, երբ Իրանը վերաբացի իր՝ աշխարհում չորրորդ խոշորագույն նավթային և երկրորդ խոշորագույն գազային պաշարները։
Թերթը, միևնույն ժամանակ, ընդգծում է, որ սա կարող է շատ դանդաղ գործընթաց լինել։ Պատժամիջոցների ռեժիմը բարդ է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքը գտնվում է վատ վիճակում։ Երբ խոսքը վերաբերում է գազին, Իրանն այնքան անարդյունավետ է, որ ներկայումս այն ներմուծում է Թուրքմենստանից։ Նոր արտադրանքի մեծամասնությունը, ըստ ամենայնի, կսպառվի ներքին շուկայում։
Այս ամենով հանդերձ, չի կարելի ասել, որ Իրանի «բացումը» Կովկասի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Վերածնվող Իրանի ընկալումն ինքնին կարևոր կլինի տարածաշրջանում: Բայց դա շատ դանդաղ գործընթաց կլինի։ Իրանը վերջին 25 տարում շատ բան է կորցրել»։