հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմությունը միավորվել են Հայոց ցեղասպանության ժխտման շուրջ

Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմությունը միավորվել են Հայոց ցեղասպանության ժխտման շուրջ

Ապրիլի 16-ին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 4 հիմնական քաղաքական ուժերից 3-ը համատեղ բանաձև են ընդունել, որում նշել են, որ Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիային ուղղված կոչն անընդունելի է։

Ուշագրավ է, որ փաստաթղթի շուրջ միավորվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (312 մանդատ) և երկու ընդդիմադիր ուժեր՝ Ժողովրդա֊հանրապետական կուսակցությունը (125) ու «Ազգային շարժում» կուսակցությունը (52): Բանաձևին չի միացել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (29):

«Չնայած մեր հորդորներին, Եվրոպական խորհրդարանը նախընտրեց խորացնել խնդիրը, մեծացնել երկու հասարակությունների միջև առկա անջրպետը՝ երկխոսության կոչ չանելով հայկական կողմին, որը զերծ է մնում խնդրի անկողմնակալ և գիտական մակարդակով քննարկելուց։ Մենք խստիվ դատապարտում ենք կողմնակալ մոտեցումը, որը դեմ է խաղաղություն, հանդուրժողականություն և համատեղ ապագա կերտելու գաղափարին, փոխարենը որդեգրում է պատերազմի և հակամարտության գաղափարը, որն էլ ընկած է Եվրախորհրդարանի բանաձևի հիմքում», ֊ նշում են փաստաթղթի հեղինակները։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին ընդունած բանաձևում Թուրքիային կոչ էր արել առերեսվել սեփական անցյալի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։