Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին պատգամավորները բարձրացրել են էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, թե հարցը օրակարգում ընդգրկված չէ, և մի քանի անգամ ընդհատել է պատգամավորներին՝ անջատելով նրանց խոսափողները: Վերջիններից մի քանիսը, այնուամենայնիվ, հասցրել են կարծիք հայտնել հարցի շուրջ։
Մասնավորապես, Հրանտ Բագրատյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը «կատաստրոֆա» է և բերելու է մինչև 15 տոկոս տնտեսական անկման:
«Մենք կարիք չունեք Ռոբերտ Նազարյանին (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ֊խմբ․) բերել այստեղ, նա ոչինչ չի կարող ասել»,- նշել է Բագրատյանը:
Համեմատելով՝ Բագրատյանն ասել է, որ Ուկրաինայում էլէներգիայի սակագինը 12 դրամ է, Ռուսաստանում՝ 20, իսկ Հայաստանում ՀէՑ-ը՝ սակագինը մինչև 58 դրամ բարձրացնելու հայտ է ներկայացրել:
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սակագնի հարցը չի կարելի քննարկել պոստֆակտում։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ֊ն չպետք է սպասողական դիրք ընդունի, քանի որ իրենց ընտրած մարդիկ ուղիղ պահանջ ունեն, որպեսզի նման կարևորության խնդիրը քննարկվի Աժ֊ում։ Բացի դրանից, ըստ Փաշինյանի, պարտադիր պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է ՀԷՑ֊ը կուտակել մոտ 300 միլիոն դոլարի պարտքը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես ասել է, որ Էլելկտրաէներգիայի սակագնի հարցը չի կարող չլինել օրակարգում: Նա հիշեցրել է, որ խմբակցություննները ստորագրավաք են նախաձեռնել հարցը արտահերթ կարգով քննարկելու համար: Այդ պահին Գալուստ Սահակյանն անջատել է Զուրաբյանի, ապա նաև նույն հարցը բարձրացրած «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի և ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի բարձրախոսները:
Դահլիճում աղմուկ է սկսվել, և Սահակյանը հայտարարել է․ «Մտքերի փոխանակությունն ավարտված է»:
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է խոսափողները անջատելը՝ առաջարկելով միանգամից հանել դրանք:
«Մի առիթով ես ասել եմ՝ խոսափողները մեզ խանգարում են: Հիմա էլ հեռուստատեսություններն են մեզ խանգարում: [Ընդդիմադիրները] սկսում են կուրծք ծեծել, որ իրենք ժողովրդի մասին ավելի շատ են մտածում», – իր հերթին, հայտարարել է Գալուստ Սահակյանը։
Հեղինե Բիշարյանի միջնորդությամբ՝ ԱԺ-ում կրքերը հանգստացնելու համար 10 րոպե ընդմիջում է հայտարարվել: