ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածով արգելվում է լինել խոշոր ձեռնարկատեր և միաժամանակ՝ կառավարության անդամ: Այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցնում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման ակտիվ մասնակից «Ոչ թալանին» նախաձեռնությունը։
«Այլոց գործողությունները վարկաբեկելու փորձ անելուց և քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը լոկ փողոց փակելուն հանգեցնելուց առաջ լավ կլինի, որ նախ սեփական անձի նկատմամբ կիրառի Սահմանադրությունը», ֊ նշում են նախաձեռնության անդամները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությանը։
Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստի ընթացքում, մասնավորապես, ասել էր․ «Օգտվելով առիթից` ես ուզում եմ դիմել մեր ակտիվիստներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու և ես առաջարկում եմ, որ լինեն ավելի կառուցողական, և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որը բարձրացվում է իրենց կողմից: Փակելով կենտրոնական փողոցներից մեկը, խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, իմ կարծիքով, սա չի համապատասխանում մեր Սահմանադրությանը և օրենքներին: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին հարգեն մեր գործընկերներին, վերադառնան կառուցողական դաշտ և միասին քննարկենք հարցը, որը հուզում է մեր քաղաքացիներին»։
Հովիկ Աբրահամյանի՝ խոշոր ձեռնարկատեր լինելու մասին բազմիցս գրվել է հայաստանյան մամուլում, այս մասին Ազգային ժողովում, մասնավորաբար, խոսել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հունիսի 22-ից նստացույց են անցկացնում հազարավոր քաղաքացիներ՝ պահանջելով չեղյալ համարել էլէներգիայի 1 կիլովատի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը։
Հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին բռնություն կիրառելով ցրել են ոստիկանները, սակայն մարդիկ նույնը օրը երեկոյան կրկին հավաքվել են Բաղրամյան պողոտայում։