«Հայաստանի էլեկտրական ցանցերում», ինչպես ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության այլ դուստր ձեռնարկություններում ամեն տարի էլ անցկացվում է միջազգային աուդիտ: Ընկերությունը պարտավորություն ունի աուդիտ պատվիրել «մեծ քառյակի»՝ աշխարհի 4 ամենահայտնի աուդիտորական ընկերություններից մեկին: Համաձայն ՀԷՑ֊ի կայքի, ընկերությունում 2012-ին և 2014֊ին աուդիտ է անցկացրել այդ 4 ընկերություններից մեկը՝ բրիտանական Ernst & Young֊ը (EY): Նշենք, որ, ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշված է եղել, որ Սերժ Սարգսյանը խնդրել է ՀՀ֊ՌԴ միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին քննարկել «գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:
2014 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված ֆինանսական տարվա EY-ի անկախ աուդիտորական եզրակացությունը հրապարակված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կայքում, որի համաձայն՝ բացառությամբ մի քանի խախտումների, ընկերության ֆինանսական հաշվետվությունը բոլոր էական առումներով ճշգրիտ է:
«Վերապահումով դրական կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել էր «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի» և «Վնեշէկոնոմբանկի» հետ համապատասխանաբար՝ 2009 թվականի ապրիլի 20-ին և 2009 թվականի հունիսի 17-ին կնքված պայմանագրերի վարկային սահմանափակող պայմանները, ինչը հանդիսանում է պարտավորությունների չկատարում: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը 18,045,165 հազար ՀՀ դրամի վարկերը դասակարգել է որպես ոչ ընթացիկ պարտավորություններ, որն իրենից ներկայացնում է ՀՀՄՍ 1 (Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներ) «ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտից հրաժարում:
Մեր վերապահումով դրական կարծիքը ներկայացնում է, որ բացառությամբ նկարագրված հարցի հնարավոր ազդեցության, ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, ճշմարիտ են ներկայացնում Ընկերության ֆինանսական վիճակը 2014թ․ դեկտեմբերի 31֊ի դրությամբ, նույն ամսաթվին ավարտվող տարվա ֆինանսական արդյունքները և դրամական միջոցների հոսքերը՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն»,- մասնավորապես, ասված է EY-ի հաշվետվության մեջ: